Նա դատապարտվել է ավելի քան 4 տարվա ազատազրկման
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական կայքի՝ Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի բնակչուհի, 1936թ. ծնված Ռոզա Թովմասյանը 2013թ. ապրիլի 12-ին դիմել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ հանցագործության հետեւանքով իրեն պատճառված 412 հազար 729 դրամ վնասի գումարը Դիլիջան քաղաքի բնակիչ Աշոտ Մարկոսյանից բռնագանձելու պահանջով:
Աշոտ Մարկոսյանը 1996 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2010թ. հոկտեմբերի 27-ը աշխատել է «Հայփոստ» ՓԲԸ-ի Դիլիջանի մասնաճյուղում, որպես թիվ 3903 փոստային բաժանմունքի պետ:
Ա. Մարկոսյանը տեղյակ լինելով Դիլիջան քաղաքի Կալինինի եւ Գետափնյա փողոցներում բնակվող կենսաթոշակառուների եւ ավանդատուների՝ ՀՀ-ից բացակայելու մասին՝ 2007-2010թթ. ընթացքում կենսաթոշակների վճարման օրերին վճարային ցուցակներում պարբերաբար կեղծել է ստորագրություններ եւ այդ եղանակով յուրացրել 1 միլիոն 992 հազար 820 դրամ:
Կարդացեք նաև
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012թ. մարտի 14-ի դատավճռով Աշոտ Մարկոսյանը դատապարտվել է 4 տարի եւ 2 ամիս ազատազրկման:
Ներկայումս «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Աշոտ Մարկոսյանը 2013թ. հուլիսի 10-ին գրավոր դիմումով հայտնել է, որ ինքն ամբողջությամբ ընդունել է իր մեղքը, առարկություններ չի ունեցել նաեւ իր դեմ ներկայացված քաղաքացիական հայցերի վերաբերյալ, ներկայումս էլ առարկություն չունի Ռոզա Թովմասյանի հայցի կապակցությամբ:
Օգոստոսի 14-ին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանը (նստավայրը՝ Դիլիջան) վճռել է հայցը բավարարել եւ Աշոտ Մարկոսյանից հօգուտ Ռոզա Թովմասյանի բռնագանձել 412 հազար 729 դրամ: Դատարանը վճռել է նաեւ Ա. Մարկոսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 8255 դրամ՝ որպես պետական տուրքի գումար:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ