Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաքելություն» կուսակցությունը՝ կուտակային կենսաթոշակային համակարգի մասին

Սեպտեմբեր 04,2013 15:27

Օրենսդրական փոփոխության առաջարկ

ՀՀ վարչապետ
Տ. Սարգսյանին
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ
Հ. Աբրահամյանին
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությանը
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցությանը
ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցությանը
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությանը
ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցությանը
ՀՀ ԱԺ Ժառանգություն խմբակցությանը

 

 

 

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ` ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ ԵՎ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՊԱՏՃԱՌ
2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» օրենքի դրույթները սահմանում են եկամտային հարկի հետևյալ դրույքաչափերը`
• Ամսական մինչև 120.000 ՀՀ դրամ եկամտի դեպքում` հարկվող եկամտի 24.4 տոկոս,
• Ամսական 120.000-2.000.000 ՀՀ դրամ եկամտի դեպքում` 29.280 ՀՀ դրամին գումարած 120.000 ՀՀ դրամը գերազանցող գումարի 26 տոկոս,
• Ամսական 2.000.000 ՀՀ դրամից ավել եկամտի դեպքում` 518.080 ՀՀ դրամին գումարած 120.000 ՀՀ դրամը գերազանցող գումարի 36 տոկոս:
Նշված օրենքի ընդունումով դադարեցվել են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-179 օրենքների գործողությունը, ըստ այդմ` այսուհետ վճարվում է միայն Եկամտային հարկ` նախկին եկամտահարկի և պարտադիր սոցիալական վճարների փոխարեն:
Միևնույն ժամանակ օրենքով սահմանվել է, որ նշված փոփոխությունը չպետք է առաջացնի աշխատողի փաստացի եկամտի փոփոխություն: Արդյունքում` օրենքը չի ունենում էական ազդեցություն վարձու աշխատողների վրա, և օրենքի ընդունումն այդ կապակցությամբ կարելի է համարել դրական` հարկային գործընթացի պարզեցման առումով:
Սակայն 22.12.2010թ. ընդունված “Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքը սահմանում է հետևյալը.
2014թ. հունվարի 1-ից կատարվում են պարտադիր կուտակային վճարներ 1974 թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողների, նոտարների, անհատ ձեռնարկատերերի բազային եկամտից: Ընդ որում, վճարվող 10 տոկոս գումարի 5 տոկոսը վճարվում է աշխատողի, նոտարի, անհատ ձեռնարկատիրոջ եկամուտից` մինչև 500.000 ՀՀ դրամ եկամտի դեպքում, 500.000 ՀՀ դրամ գերազանցող եկամտի դեպքում` աշխատողը, վճարում է 10 տոկոս` հանած 25.000 ՀՀդրամ (25.000 դրամը վճարում է կառավարությունը):
Արդյունքում` 2014թ. հունվարի 1-ից մինչև 40 տարեկան աշխատակիցների փաստացի եկամուտը կրճատվելու է միջինը 9 տոկոսով:
Պատկերավոր ասած` վերականգնվում է պարտադիր սոցիալական վճարը` որպես պարտադիր կուտակային վճար և եկամտային հարկը փոխարինում է եկամտահարկին` մոտ 5 տոկոս բարձր դրույքաչափով:
Ընդ որում, եկամտային հարկը և կուտակային վճարները պահվում են բազիսային եկամտից, այսինքն` իրականում կուտակային վճարները կազմում են փաստացի եկամտի ոչ թե 5-9 տոկոսը, այլ 7-11 տոկոսը:
«Առաքելություն» կուսակցությունը, դեմ չլինելով կուտակային կենսաթոշակային համակարգին, կարևորելով բյուջետային մուտքերի բնականոն ապահովումը, միևնույն ժամանակ մտահոգություն է հայտնում օրենսդրական նշված փոփոխությունների արդյունքում բազմաթիվ աշխատակիցների եկամտի կրճատման կապակցությամբ:
Մասնավորապես, ցածր եկամուտ ունեցողների համար ամսական եկամտի կրճատումը 10 տոկոսով կառաջացնի սոցիալական լրացուցիչ խնդիրներ, կդառնա արտագաղթը խթանող պատճառ, ինչն առավել ցայտուն արտահայտվում է երիտասարդների մոտ, ում էլ հենց վերաբերում է նշված փոփոխությունը:
Հաշվի առնելով վերոնշյալը` «Առաքելություն» կուսակցությունն առաջարկում է փոփոխություն կատարել Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքում, /ուժի մեջ մտցնելով 2014թ. հունվարի 1-ից/, մասնավորապես`

1974թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված քաղաքացիների համար սահմանել եկամտային հարկի հետևյալ դրույքաչափերը.
1. Ամսական մինչև 120.000 ՀՀ դրամ եկամտի դեպքում` հարկվող եկամտի 20 տոկոս
2. Ամսական 120.000-2.000.000 ՀՀ դրամ եկամտի դեպքում` 24.000 ՀՀ դրամին գումարած 120.000 ՀՀ դրամը գերազանցող գումարի 24 տոկոս:

Հաշվի առնելով, որ կուտակային վճարները կապված եկամտի հետ կրում են պրոգրեսիվ բնույթ, ըստ այդմ առաջարկվող փոփոխությունն ուղղված է ցածր եկամուտ ստացողներին, օրինակ` 100.000 ՀՀ դրամ եկամուտ ստացողը եկամտի 29,4 տոկոսի փոխարեն կվճարի 25 տոկոս, իսկ 1.000.000 ՀՀ դրամ եկամուտ ստացողը եկամտի 33,3 տոկոսի փոխարեն կվճարի 31,0 տոկոս:
«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհուրդ
02.09.2013թ.

Հ.Գ. Սույն առաջարկն արդեն ուղարկվել է նշված հասցեատերերին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30