Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անի Քոչարը՝ Փակ շուկայի պայքարի մասին. «Պայքարելու ենք՝ մինչև այդ մեկը չասի սիրուն չի» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 04,2013 14:42

«Այս երկրում ամեն բան արվում է մեկ հոգու հետ համաձայնությամբ, և քանի դեռ այդ մեկ հոգին չի բռնել այդ օրինազանցի ձեռքը, այդ անօրինությունները շարունակվելու են: Ուստի պայքարելու ենք՝ մինչև այդ մեկը ասի սիրուն չի»,-այսօր «Արցախ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Փակ շուկայի շուրջ ստեղծված իրավիճակի և հուշարձանի պաշտպանության մասին՝ այսպիսի կարծիք հայտնեց Ազատագրենք հուշարձանը օլիգարխից քաղաքացիական նախաձեռնության անդամ Անի Քոչարը:

Հակադարձելով՝ Հայաստանի սոցիալիստական շարժման ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը նշեց. «Երեք օր առաջ անցնում էի այդ տարածքով և լսում եմ, որ հայտարարում են, թե եվրադիտորդները հաստատեցին, որ սա անօրինական շինություն է: Մտածում եմ՝ եվրադիտորդը ի՞նչ կապ ունի… պայքարի այս ձևը չեմ ընդունում: Ո՞ւր էիք այն ժամանակ, Երիտասարդական պալատն ու այլ հուշարձաններ էին քանդում: Ինչո՞ւ այսօր պայքարենք մի շինության համար, որը չէր պահպանվում, հիմա ընդհակառակը պահպանում են: Ուզում եք այնպես անել, որ այդ մի գործարարն էլ, որը մնացել է, ինքն էլ թողնի գնա՞: Գնացեք պայքարեք Գագիկ Ծառուկյանի դեմ, որը մեր պապերի կառուցած գինու գործարանը դարձրեց իր սեփականությունը: Գործարանի դիմաց աշտարակ է կառուցվել, որտեղ հիմա ԲՀԿ-ն է նստում, բայց ոչ ոք չի պայքարում դրա դեմ»:

Վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշեց. «Փակ շուկայի սեփականատիրոջ տուգանվելու հոդվածները վերաբերում են հուշարձանի նկատմամբ սխալ վերաբերմունքին: Հուշարձանը միայն արտաքինով չէ հուշարձան, այն պետք է պահպանվի և արտաքինից, և ներքինից: Հուշարձանի ցանկացած փոփոխություն պիտի համաձայնեցված լինի պետական լիազոր մարմնի հետ, տվյալ պարագայում՝ մշակույթի նախարարության հետ:Մեր հպարտությունը այդ շուկան էր, եթե այստեղ էլ տանուլ ենք տալիս, ուրեմն մենք այլևս հուշարձան պահպանելու մասին խոսելու իրավունք չունենք: Սա պիտի լինի այն բեկումը, որից հետո մյուս բոլոր հուշարձաններին պետք է անդրադառնանք»: Զուգահեռներ անցկացնելով՝ ճարտարապետն ասաց. «Փակ շուկան էլ գիշերով քանդվեց, սա Ռամիլ Սաֆարովի ձեռագիրն է»:

Անի Քոչարը կարծում է, որ այս խնդիրն ամեն կերպ փորձում են խլացնել, կամ հնարավորինս շղարշով պատել: Հետո էլ շեշտեց, որ «հենց այսօր, օրը ցերեկով Փակ շուկայում անում են շինարարություն, ուստի մեր երկրում համատարած ամենաթողություն է»: Նա նաև տեղեկացրեց, որ ուրբաթ օրը, ժամը 18.00-ին տեղի կունենա երթ, որը ընդգրկելու է քաղաքապետարանը, մշակույթի նախարարությունը, դատախազությունը և ավարտվելու է Փակ շուկայում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն Մելքումյան says:

    Ինձ թվում է վաղուց արդեն ժամանակն է Անի Քոչարի ասած “այդ մեկ”-ին ճանապարհել որքան հնարավոր է հեռու Հայաստանից: Միևնույնն է, նրա ներկայությամբ, թե նրա բացակայությամբ իր նախագահած երկրում բացարձակ անտերություն է տիրում: Ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ինչի՞ նախագահն է “այդ մարդ”-ը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30