«Ես չեմ կարծում, որ բոլոր հնարավորությունները բացարձակապես վերացան: Քաղաքականության մեջ այդպես ընդհանրապես չի լինում: Ես կարծում եմ, որ ՀՀ-ի կողմից եւ-եւ-ի քաղաքականությունը շարունակելու փորձերը կլինեն: Որքանո՞վ դա կընկալվի ՌԴ-ի կողմից, չգիտեմ, տեղեկատվությունը դեռ բավականին թարմ է: Բայց պետք է նկատի ունենալ, որ անվտանգության հարցը Հայաստանի համար հիմնաքարային է եւ դա հնարավոր չէ հաշվի չառնել»,- այսօր «Նովոստի-Արմենիա» մամուլի ակումբում խոսելով նախագահներ Պուտինի եւ Սարգսյանի երեկվա հանդիպման եւ դրան հաջորդած հայտարարությունների մասին, կարծիք հայտնեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Քաղաքագետը պնդում է, որ երեկ տեղի ունեցածը մի քաղաքական գործընթացի արդյունք էր, որից չորս տարի շարունակ Հայաստանը փորձում էր փոխհամագործակցության տարբերակներ քաղել եւ ԵՄ-ի, եւ Մաքսային միության հետ:
Պատասխանելով լրագրողներից մեկի դիտարկմանը, քաղաքագետը նկատեց, որ ի սկզբանե որեւէ մեկի համար տեսանելի կամ կանխատեսելի չէին երեկվա հայտարարությունները: Ամեն դեպքում, երեկ տեղի ունեցածը քաղաքագետը չի համարում Հայաստանի համար ճակատագրական կամ կորուստ: Որ ի տարբերություն ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրած Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի, Իսկանդարյանի համոզմամբ, ՌԴ-ն ավելի մեծ ազդեցություն ունի Հայաստանի վրա. «Մենք այդ պետություններից տարբերվում ենք նրանով, որ խնդիր ունենք անվտանգության հետ կապված, որը մեզ համար շատ կարևոր է: Դա ՀԱՊԿ-ն է մեզ համար: Իսկ եթե խնդիր կա անվտանգության հետ կապված, ընտրության հնարավորությունը զրոյական է դառնում: Սա չէր կարող Հայաստանի իշխանությունը հաշվի չառնել: ԵՄ-ի ու Մաքսային միության միջև ընտրություն անելիս Հայաստանն ընտրում է ՀԱՊԿ-ը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ