Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի դիտարկմամբ, Մաքսային միությանն անդամագրվելու Հայաստանի որոշմամբ աշխարհի վերջը չի լինի:
«ԵՄ երկրների արձագանքից հասկանալի է մի բան, որ Հայաստանի հարաբերությունները Եվրամիության եւ առանձին երկրների հետ շարունակվելու են, հարցն այն է, թե որն է լինելու այն նոր ձեւաչափը, որի շրջանակներում հնարավոր է լինելու ԵՄ-Հայաստան եւ առանձին երկրների հետ համագործակցությունը»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց քաղաքագետը:
Նրա խոսքերով, Հայաստանի այս որոշումից չպետք է շոկ ապրել, որովհետեւ Հայաստանը երբեք չի հայտարարել, որ չի պատրաստվում չխորացնել ինտեգրման գործընթացը ԱՊՀ տարածքներում. «Մյուս կողմից էլ Հայաստանը երբեւէ չի հայտարարել, թե պատրաստվում է ԵՄ անդամ դառնալ, երբեւէ չի էլ եղել հրավերք, բայց պատրաստակամություն է հայտնել խորացնել համագործակցությունը»:
Նա նաեւ այն կարծիքին է, որ տնտեսական փաստաթուղթը թույլ կտա Հայաստանին խորացնել նաեւ քաղաքական հարաբերությունները ԱՊՀ երկրների հետ:
Կարդացեք նաև
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն էլ շարունակեց. «Հայաստանի քաղաքական հայտարարությունը` Մաքսային միություն մտնելու ցանկության մասին այն քայլն է, որով Հայաստանը փորձում է օգնել նաեւ Ռուսաստանին հետխորհրդային պետությունների հետ բանակցային գործընթացում: Ռուսաստանը պետք է հասկանա իր ռազմավարական դաշնակցի քայլերը եւ այն ձեւաչափը, որով Հայաստանն ու ԵՄ-ն կարող են գտնել համագործակցության եզրեր: Բրյուսելում կստեղծվի տպավորություն, որ Հայաստանի վրա բավականին լուրջ ճնշում է եղել, բայց նաեւ կհասկանան, որ Հայաստանը, ելնելով իր անվտանգության հարցերից, գնացել է մի քայլի, որին չէին սպասում ոչ Հայաստանի, ոչ Եվրամիության գործիչները»:
Նրա խոսքերով, Սերժ Սարգսյանի առջեւ երկու խնդիր կար` կամ փորձել վարել այն քաղաքականությունը, որը ռիսկային էր ու չէր բերի քաղաքական հեղինակության լուրջ վնաս, կամ փորձել այդ հեղինակության հաշվին գտնել ավելի ընդունելի տարբերակներ:
Թե ինչպես կազդի այդ որոշումը Մաքսային միության հետ կապ չունեցող երկրների հետ ունեցած առեւտրաշրջանառության վրա, պարոն Մարկարովն ասաց. «Դեռեւս Մաքսային միության անդամ չենք, այսինքն այն հարաբերությունները, որ եղել են, պահպանվելու են: Ինչ վերաբերում է պոտենցիալ զարգացմանը, ուժի մեջ են մտնելու այն տարիֆները, որոնք գործում են ամբողջ Մաքսային միության վրա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
“Ռուսաստանը պետք է հասկանա իր ռազմավարական դաշնակցի քայլերը” ….
Լավ էլ հասկացող եք գտել: Ռուսաստանը իսկի իր շահը չի հասկանում:
: