Լրահոս
Օրվա լրահոսը

AR1A-ն ձե՞ռք է բերվել, թե՞ դեռ բանակցում են

Սեպտեմբեր 04,2013 14:04

Վերջերս «Ազատություն» ռադիոկայանը տեղեկություններ հրապարակեց այն մասին, որ Հայաստանի զինված ուժերը համալրվել են համազարկային կրակի հրթիռային նոր համալիրներով: Դրանց հեռահարությունը հասնում է մինչեւ 130 կիլոմետրի: Համալիրի կոնկրետ քանակ չի նշվում, սակայն, ռադիոկայանի աղբյուրների փոխանցմամբ, խոսքը չինական արտադրության AR1A համալիրների մասին է, որոնք համարվում են ռուսական նմանատիպ «Սմերչ» համալիրների արդիականացված տարբերակը. ավելի հեռահար են, քան «Սմերչները», եւ որոնց մշակման գործում իրենց մասնակցությունն են ունեցել նաեւ Ռուսաստանի ռազմաարդյունաբերության համալիրի ձեռնարկությունները: ՀՀ ՊՆ-ում ոչ հերքել, ոչ էլ հաստատել էին ռադիոկայանի տեղեկությունը: Հիշեցնենք, որ վերջերս ՌԴ-ի կողմից Ադրբեջանին վաճառված չորս միլիարդ դոլարի զենք-զինամթերքի մեջ են մտնում նաեւ «Սմերչ» համալիրները:

«Առավոտը» փորձում էր որոշ մանրամասներ ստանալ սույն զինատեսակի, նրա հնարավորությունների, կիրառական նշանակության մասին: AR1A-ն նորագույն զինատեսակ է, որը Չինաստանն իր սպառազինության մեջ է դրել վերջերս` 2009 թվականից: Մասնագետները վստահեցնում են, որ նման համալիր հայոց բանակում չեն տեսել ու ամենահավանական տարբերակը համարում են այն,  որ տվյալ համալիրները դեռեւս Հայաստանը ձեռք էլ չի բերել, բանակցությունները, հավանաբար, դեռ ընթացքի մեջ են: Իրականում, ըստ մասնագետների, Համազարկային կրակի ռեակտիվ հրետանին շատ ավելի թույլ հնարավորություններ ունի, քան ներկայացվում է: Նրանք գտնում են, որ ՀԿՌՀ-ն առավել արդյունավետ կլիներ, երբ օգտագործվեր, ասենք, Կուրսկի, Ստալինգրադի ճակատամարտերում: Մեր զրուցակիցներից Աշոտ Գրիգորյանը, ով ապագա ռազմական փորձագետ է, մանրամասնեց. «Ի նկատի ունեմ, երբ զորքը ընդհանուր զբաղեցնում է բավականին մեծ մակերես. խոսքը մի քանի տասնյակ հեկտարի մասին է: Բայց մեր լեռնային պայմաններում ՀԿՌՀ-ով մարտի ժամանակ արդյունքը կլինի մոտ 150-200 անգամ ավելի փոքր, քանի որ մեր եւ հակառակորդի զորամիավորումների դասավորվածությունը բավականին ցրված է, զորքերի խտությունը շատ փոքր է, ու տվյալ զինատեսակով մեկ զինվոր սպանելու համար կպահանջվի միջինը 140 000 դոլար: Մինչդեռ նույնը դիպուկահարը կանի մեկ-երկու փամփուշտով` 1 դոլար արժողությամբ: Այլ հարց է, որ «Սմերչը» օգտագործվի քաղաքացիական հասարակության վրա, Աստված չանի, կրակ բացվի խոշոր քաղաքների վրա: Եթե անգամ մտածենք ամենավատ տարբերակով` մենք ունենք լավ օրինակ ոչ վաղ անցյալից. մինչեւ Շուշիի ազատագրումը Ադրբեջանի ձեռքում «Գրադ» կար, որը համարվում է «Սմերչի» դասի, մոտ 40% հզորություն ունեցող ՀԿՌՀ: Շուշիից ամեն օր մի քանի «փաթեթ» (ամբողջական համազարկ) «Գրադից» կրակում էին Ստեփանակերտի վրա, տներ էին քանդվում, տանիքներ, սակայն այդ զինատեսակից ոչ զոհ ունեցանք, ոչ էլ ինչ-որ կարեւոր օբյեկտ վնասվեց»: Ի դեպ, շատ մասնագետներ գտնում են, որ թյուր կարծիքներ կան «Սմերչի» վերաբերյալ՝ նրանից հզորը չկա կամ այն ատոմային զենքից հետո երկրորդն է: Նրանք գտնում են, որ  յուրաքանչյուր զենք ունի իր մարտավարատեխնիկական հնարավորությունները: ՀԿՌՀ-ների արտադրության մեջ Չինաստանը համարվում է չորրորդը՝ ԱՄՆ-ից, Իսրայելից, Ռուսաստանից հետո: Իսկ AR1A համալիրները «Սմերչի» համեմատությամբ ունեն եւ առավելություններ, եւ թերություններ. AR1A համալիրն ունի ավելի մեծ հեռահարություն՝ 20-130 կմ, համալիրն ունի ավելի արագընթաց հրթիռ եւ դիպուկություն (հեռավորության 1/1000 մասը): Միաժամանակ AR1A համակարգի հրթիռի գլխիկային մասն ունի ավելի փոքր քաշ` 190 կգ: «Սմերչի» գլխիկը 243 կգ է, որը հանգեցնում է հարվածային փոքր հզորության: Բացի երիզային հրթիռներից՝ «Սմերչն» ունի նաեւ առանձնացված բեկորավոր-ֆուգասային եւ թերմոբարիկական հրթիռներ, ու նաեւ հրթիռ, որը իր մեջ անօդաչու թռչող սարք է ունենում, եւ թռիչքի ժամանակ օդում այն սկսում է աշխատել: AR1A համակարգը չունի առանձին զրահահար երիզներով հրթիռ, որի պատճառով նրա զրահահարությունը չի գերազանցում 50 միլիմետրը, իսկ «Սմերչն» ունի հատուկ երիզներ, որոնց միջոցով կարող է խոցել մինչեւ 160 մմ զրահ ունեցող տեխնիկա:

Տվյալ զինատեսակի՝ AR1A-ի պարագայում մասնագետներն ուշադրության արժանի են համարում նաեւ այն հանգամանքը, որ Չինաստանը, որպես կանոն, միշտ համարվել է պատճենող երկիր, այդ թվում նաեւ զենքի մակարդակում, ու նրա գրեթե յուրաքանչյուր զինատեսակ իր արտաքինով կամ մարտավարատեխնիկական հնարավորություններով հիշեցնում է մեկ ուրիշ՝ ավելի հայտնի զենք:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30