Երաժշտական լարային գործիքների հայկական դպրոցի լավագույն ավանդույթները վերջին երկու տասնամյակում պարզապես մոռացության մատնվեցին: Երեւանի, առավել եւս՝ մարզերի երաժշտական դպրոցներում կորավ հետաքրքրությունը հատկապես լարային գործիքների նկատմամբ, ինչը հետագայում պետք է բացատրվեր կամ արդարացվեր տարբեր պատճառներով, հատկապես նրանով, որ դրանք հեռանկարային չեն: Երաժշտական գործիքներից ամենաշատը տուժեց թավջութակը, թեպետ մայրաքաղաքին մոտ գտնվող մարզերում՝ Արմավիրում, Կոտայքում, ավելի հեռավոր մարզերի համեմատությամբ, այն ինչ-որ չափով պահպանվեց: Գեղարքունիքի, Սյունիքի եւ մյուս հեռավոր մարզերի երաժշտական դպրոցների ուսուցման համակարգում, ինչպես ասվում է՝ որպես դասակարգ վերացած է թավջութակը: Մայրաքաղաքից ոչ այնքան հեռու Լոռու մարզում էլ միայն վերջերս է սկսել երաժշտական դպրոցներում «հարություն առնել» հիշյալ գործիքի ուսուցումը: Մինչդեռ խորհրդային տարիներին Լոռու մարզն ունեցել է հատկապես թավջութակի լավագույն ուսուցման դպրոց, շնորհիվ վաստակաշատ ուսուցիչներ Երանուհի Ավագյանի, Խաչատուր Դնոյանի, որոնց սաները հետագայում ուսումը շարունակել են երաժշտական ուսումնարաններում եւ կոնսերվատորիայում: Վերջին տարիներին, ելնելով ստեղծված դրությունից, կառավարության որոշմամբ երաժշտական դպրոցներում ժողովրդական գործիքների ուսուցումը դրվեց անվճար հիմունքների վրա: Գուցե ցանկալի կլիներ, որ լարային գործիքների ուսուցումը նույնպես ունենար որոշակի արտոնություններ եւ կիրառվեին զեղչային համակարգեր:
Անդրադառնալով թավջութակին, նշենք, որ արդեն 3 տարի է՝ 3 աշակերտ են սովորում Վանաձորի երաժշտական դպրոցներում եւ սա շնորհիվ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրյա հեղինակավոր համերգասրահների ցանկալի հյուր Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոյի, մասնավորաբար՝ վերջինի թավջութակահար Կարեն Քոչարյանի, ում նախաձեռնությամբ էլ Լոռու մարզում վերակենդանացավ թավջութակը:
«Առավոտի» հետ զրույցում թավջութակահարը նշեց, որ արդեն 7 տարի է, ինչ տրիոյի երաժիշտները՝ դաշնակահար Արմինե Գրիգորյանը, ջութակահար Կարեն Շահգալդյանը ոչ միայն հաճախ հանդես են գալիս Հայաստանի մարզերում, այլեւ վարում են վարպետության դասեր: «Չորս տարի առաջ էլ հիմնելով «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը, մեր գլխավոր նպատակներից էր մարզերի երաժշտական դպրոցներում բացել թավջութակի դասարաններ, էլ ավելի հաճախ անցկացնել տրիոյի համերգներն ու վարպետության դասերը, իսկ առավել տաղանդավոր ու հեռանկարային աշակերտներին էլ տրամադրել կրթաթոշակ: Այս գաղափարի իրականացմանը մեզ աջակցեցին «Բիլայն» ընկերությունը եւ «Կոնվերսբանկը»,- նշեց Կարեն Քոչարյանը:
Նա փաստելով հանրահայտ այն ճշմարտությունը, թե մշակույթը հիմնականում կենտրոնացված է մայրաքաղաքում եւ դրանից տուժում են հատկապես մարզաբնակ երեխաները, ասաց. «Պետք է տեսնել, թե ի՜նչ ուշադրությամբ են նրանք լսում կոնկրետ մեր տրիոյի համերգները: Սեպտեմբերի 1-ին էլ, երբ Վանաձորի դպրոցների երեք աշակերտների հետ դաս էի անցկացնում, իրենք էին իրար խոսքով կամ աչքերով ցուցումներ տալիս… Իհարկե, տարիների ընդմիջումից հետո սա կարելի է համարել առաջխաղացում, դպրոցն էլ իր միջոցներով է օգնում աշակերտներին՝ գործիքների ձեռքբերմամբ, մեր հիմնադրամը՝ աղեղների, գործիքների լարերի, նոտաների եւ այլնի առումով, սակայն սա ես չեմ կարող համարել վերջնական արդյունք: Ի վերջո, ծնողներն էլ պետք է ունենան հնարավորություն, որովհետեւ թավջութակի չափերը պետք է փոխել՝ երեխայի ֆիզիկական աճով պայմանավորված: Իսկ գործիքն արժե 5-10 հազար դոլար… Նշեմ, որ նույնիսկ արդեն կայացած թավջութակահարները հնարավորություն չունեն իրենց համար բարձրակարգ գործիք գնել: Սա էլ այլ խնդիր է… Լավ է, որ պետական պահոցից նրանց ժամանակավոր հատկացնում են գործիքներ: Եվ ամենակարեւորը՝ 70 տարի զարգացում ապրեց մեր լարային գործիքների դպրոցը, նաեւ 20-ականներից Երեւան ժամանած ռուսաստանցի անվանի մանկավարժների շնորհիվ: Հիմա պետք է վերականգնվի անցյալը, որ լինի ներկա ու տեսանելի ապագա»: Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ ամենամոտ ժամանակներս թավջութակի դասարաններ կբացվեն Կապանի, Գավառի եւ մյուս քաղաքների երաժշտական դպրոցներում:
Կարդացեք նաև
Կարեն Քոչարյանից հետաքրքրվեցինք, թե մեծանուն կոմպոզիտորի տրիոն Խաչատրյանի հոբելյանական տարում ինչ ծրագրեր ունի: Երաժիշտը հիշեցրեց, որ հոբելյանին նվիրված առաջին համերգը կայացել է գարնանը՝ Չինաստանում, հետո արդեն Ռուսաստանի տարբեր քաղաքներում: Սեպտեմբերին էլ տրիոն կմեկնի դարձյալ Ռուսաստան, ապա Չեխիա, Գերմանիա եւ այլն:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Երաժշտական արվեստը կենտրոնացված է մայրաքաղաքում, քանի որ Երևանում են գործում երաժշտական կոլեկտիվներ: Մարզերում դասարաններ բացելուն զուգահեռ` անհրաժեշտ է նաև հիմնել երաժշտական կոլեկտիվներ, որպեսզի աստիճանաբար բացվեն, նաև, աշխատատեղեր: Այդ ժամանակ կզարգանան թե’ ուսումնական հաստատությունները, թե’ կաշխուժանա երաժշտական կյանքը: Հարգանքով` Աշոտ Բաբայան