Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ձեր պրոբլեմներն են»

Սեպտեմբեր 04,2013 13:52

Արեւմտյան թերթերի վկայությամբ` Ճապոնիայի վերջին երկրաշարժից հետո աղետյալ շրջանների ջրամատակարարման համար պատասխանատու պաշտոնյան ինքնասպանություն է գործել։ Շատ պարզ պատճառով. նա պարտավոր էր մարդկանց ապահովել ջրով, բայց ի վիճակի չէր կատարել իր պարտականությունները, որոնց համար աշխատավարձ էր ստանում։ Չկարողանալով լուծել իր պրոբլեմները՝ այդ մարդը չէր ցանկանում արդարանալ «օբյեկտիվ հանգամանքներով»։
Հայաստանում նման դեպքեր դեռեւս չեն գրանցվել։ Ջրի, էլեկտրաէներգիայի եւ այլ բարիքների մատակարարմամբ զբաղվող պաշտոնյաները, որքան մեզ հայտնի է, «խարակիրի» չեն արել։ Բարեբախտաբար։ Ճիշտ է, դա չի էլ սպասվում նրանցից։ Այդ մարդկանցից մենք ջուր եւ էլեկտրաէներգիա ենք սպասում: Դրան խոչընդոտող «օբյեկտիվ հանգամանքները» ձեւավորվել են կուռ միասնական համակարգի մեջ՝ բաղկացած մի քանի մակարդակից. 1) աշխարհաքաղաքական. «պատերազմ, շրջափակում», 2) պատմափիլիսոփայական. «չարամիտ բյուրոկրատները միշտ էլ խանգարել են աշխարհում ձեռնարկվող բոլոր լավ գործերին» (եթե բյուրոկրատիան սկսվում է, պայմանականորեն ասած, «էլեկտրիկ Սեռոժից», որի հետ մենք բախտ ունենք շփվելու, ապա ո՞ր պաշտոնյայով է այն վերջանում), 3) զուտ գիտական. «էլեկտրաէներգիան ապրանք է, որը չի պահեստավորվում» (այդ դեպքում, որտե՞ղ է այդ ապրանքը կորչում արտադրվելուց հետո), 4) շուկայական. «փողը տվեք՝ տանք», 5) տեխնիկական. «կաբել ա խփել»։
Այդ բոլոր «օբյեկտիվ հանգամանքները» իսկապես օբյեկտիվ են։ Ճիշտ է, երկրաշարժն ավելի օբյեկտիվ է, քան, ասենք, «բյուրոկրատիան»։ Սակայն կարեւորն այստեղ ոչ թե մեղադրելն է, այլ բանական ելք գտնելը, այսինքն՝ ճշգրտորեն բաշխել պատասխանատվությունը։ Երբ մենք սպասում ենք, թե ինչ-որ հրաշքով մեզ վրա կթափվեն բոլոր բարիքները (լույսը, գազը, փողը, աշխատանքը), մեր մեջ խոսում է հօmo soveticus-ի սպառողական հոգեբանությունը։ Երբ պետությունը, փաստորեն, ասում է. «այդ ամենը ձեր պրոբլեմներն են՝ ինչպես ուզում եք, լուծեք», ապա նա պարզապես վարկաբեկում է ազատականությունն ու շուկայական հարաբերությունները։
Էլեկտրաէներգիայի հարցում բանական ելքը կարծես թե շոշափվում է: Շատ ծանր, գուցե չարդարացված թանկ, բայց, սկզբունքային առումով միակ հնարավոր ելքը։ Ցանկացած անաչառ մարդու համար ակներեւ է, որ հաշվիչների տեղադրումն ու սպառման խիստ վերահսկողությունը որոշ տեղերում բերեցին դրական արդյունքների: Իսկ որոշ տեղերում չբերեցին։ Նորից «ձեր պրոբլեմներն են»։ Գուցե այս անգամ ճիշտ հակառակը՝ պետության եւ նրա պաշտոնյաների պրոբլեմները։ Եվ գուցե կոլեկտիվ անպատասխանատվությունը ամենալավ բանը չէր, որ պետք էր ժառանգել նախորդ դարաշրջանից։ Դուք երբեւիցե լսե՞լ եք, որ որեւէ պաշտոնյա պատժվել է լույսը, ջուրը կամ որեւէ այլ ապրանք սպառողին ժամանակին չհասցնելու համար։
Կամ, վատագույն դեպքում, «խարակիրի» է արել։

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
16.05.1996թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Իր վաղեմությունը չկորցնող մեկնաբանություն է, երնեկ մի օր ես սխալվեի, և մեկնաբանությունը
    անցներ անցյալի գիրկը: Ցավոք, տեղի ունեցավ ավելի սարսափելին՝ ,,էլեկտրիկ Սեռոժի,, մակարդակին մի նախագահ ունեցանք, ողջ երկրի համար՝ ,,Նախագահ Սեռժը,, որը ոչնչով չի տարբերվում էլեկտրիկից, մի գուցե միայն պնդաճակատությամբ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30