Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Գյուրջինյան. «Երեւանը կդառնա ռուսախոսության կենտրոն»

Սեպտեմբեր 04,2013 13:43

Ռուսական «РИА Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Երևանում կարող են բացվել Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ ու ռուսալեզու գիմնազիա: Այս մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքներից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Aravot.am-ը Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս, լեզվաբան, հայագետ Դավիթ Գյուրջինյանից կարծիք հարցրեց, թե ինչո՞վ է հղի այս քայլը եւ ի՞նչ հետեւանքներ կունենա:

«Ես հիշում եմ խորհրդային տարիները. 70-ականներից սկսած՝ եկավ մի շրջան, երբ Երեւանը քիչ-քիչ դառնում էր ռուսախոսության կենտրոն եւ մայրաքաղաքում հայտնվել էին տասնյակ ռուսական դպրոցներ, որտեղ սովորում էին հազարավոր հայ երեխաներ, նրանք հիմնականում ռուսական մշակույթի կրողներն էին դառնում: Նույնիսկ աշխատանքի ընդունելիս պայման էր դրվում, որ մարդը պիտի ռուսական կրթություն ունենա, հայերենը դարձել էր աղքատ ազգական Հայաստանում»,-ասաց ճանաչված լեզվաբանը:

Նրա ձեւակերպմամբ, հիմա եւս կա այդ վտանգը, ինչին պետք է հակազդել. «Ասենք թե՝ բացեցին գիմնազիա, համալսարանի մասնաճյուղ եւ այլն, հակազդեցությունը պետք է այն լինի, որ մարդիկ չգնան ու «չլցվեն» այդ համալսարանն ու գիմնազիան, չնայած վախենամ, թե մեր նախկին ռուսախոսության արձագանքները վերակենդանանան եւ հայերենն ու հայախոսությունը վտանգվի: Հիմա էլ կան թաքնված ռուսական դասարաններ, ռուսախոսության աճ է նկատվում:

Թող տպավորություն չստեղծվի, թե դեմ եմ ռուսաց լեզվին, ո՛չ: Շատ լավ կլինի, որ հայերս կատարելապես տիրապետենք ռուսերենին, անգլերենին, ֆրանսերենին կամ գերմաներենին, բայց ո՛չ հայերենի հաշվին: Հայերենը Հայաստանում պետական լեզուն է եւ ամենուրեք պետք է իշխող լինի:

Հայ երեխան չի կարող ի սկզբանե կրթություն ստանալ օտար լեզվով: Այդպես նա անհաղորդ է դառնում հայ մշակույթին, նրա հեքիաթների հերոսները ռուսական հեքիաթների հերոսներն են, բնականաբար ազգային մտածողությունն է խաթարվում:

Այն, ինչ հիմա մենք տեսնում ենք մեր հեռուստատեսության, մշակույթի ոլորտում, հենց ռուսախոսության հետեւանքներն են: Կեղծ մշակույթը ներկայացվում է իբրեւ հայկական:

Այնպես որ, ինձ թվում է՝ այստեղ երկու կողմը պետք է միասնաբար հանդես գան՝ պետությունը եւ ժողովուրդը: Ընդ որում, եթե պետությունը տվել է իր համաձայնությունը, ժողովուրդը պետք է իր վերաբերմունքը ցույց տա այդ հաստատությունների նկատմամբ՝ չգնալով»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Այսօրվա հեռուստատեսությունը պրոպագանդում է թաղի խուժանի ֆենոմենը, կյանքի բոլոր
    բնագավառներում, ինչը որ գոյություն ունի այսօր, ընդհուպ մինչև երկրի նախագահ ընտրելու գործում: Ավելի քան համոզված եմ, որ այս ամենը կատարվում է ծրագրավորված, որ տարորինակ
    չթվա թաղի խուջանի սերտ կապը, երկրի խուժանների հետ:
    Ինչ վերաբերվում է՝ ձգտումը ռուսերեն լեզվին, այն միշտ էլ եղել է, և միշտ էլ մեր մայրենի լեզվի հաշվին, ուղղակի այսօր մասշտաբներն է փոխվել: Երբ նստում ես՝ Երևան-Մոսկվա թռչող ինքնաթիռը,
    սուարդեսայի հենց առաջին նախադասությունից հետո, բոլորը սկսում են ռուսերեն խոսել, թեպետ
    մինչ այդ բոլորն էլ Հայերեն ավելի լավ էին խոսում, քան ռուսերեն: Բայց եթե տրանզիտ չվերթ է, և
    Մոսկվայից հետո բոլորը նորից վերադառնում են՝ մայրենի լեզվին: Նման դեպքերում ես ձգտում եմ
    ավելի կիրթ խոսել իմ մայրենի լեզվով, գուցե և նրա համար, որ այլ լեզուները այսքան հմայիչ չէ ինձ
    համար, դժվարանում եմ պատճառը ասել, քանի որ ես մեկ լեզու գիտեմ, որով զգում եմ, հասկանում
    եմ, հուզվում եմ, բղավում եմ, և վերջապես հրճվում ու տառապում եմ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30