Դաշնակցության Կապանի կառույցից հետաքրքրվեցինք, թե արդյոք մտադի՞ր է կառույցը ԱԺ մեծամասնական ընտրակարգով անցկացվելիք պատգամավորի լրացուցիչ ընտրությանը սատարելու Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում առաջադրված «Ժառանգության» թեկնածու Սամվել Հայրապետյանին: ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեի ատենապետ Ռոմա Ավանեսյանը պատասխանեց, որ դեռեւս նման հարց իրենց կառույցում չի քննարկվել եւ «Ժառանգության» թեկնածուին սատարելու ոչ մի որոշում էլ չկա ներկա պահին:
Իսկ Սամվել Հայրապետյանի մամլո խոսնակ Դավիթ Հակոբյանը փոխանցեց, որ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն նախապես ասել էին, որ ուզում են սատարել Սամվել Հայրապետյանին, բայց առայժմ միայն Հայ ազգային կոնգրեսն է հստակեցրել իր դիրքորոշումը եւ «Ժառանգության» թեկնածու Սամվել Հայրապետյանին սատարելու պատրաստակամություն հայտնել: «Ներկա պահին մենք մենակ ենք մասնակցում քարոզարշավին, դեռ մյուս կուսակցություններից միացողներ չկան, բայց ՀԱԿ-ն արդեն հստակեցրել է իր դիրքորոշումը: Քարոզարշավի շրջանակներում մենք այս երեք օրերին հասցրել ենք լինել Ագարակ ու Մեղրի քաղաքներում, Մեղրու տարածաշրջանի Նռնաձոր, Շվանիձոր, Կարճեւան եւ մի քանի այլ գյուղերում: Մոտակա օրերին կկենտրոնանանք Կապանում, հանդիպումներ կանցկացնենք մարզկենտրոնի բակերում, բնակիչները կենդանի շփում կունենան մեր թեկնածուի հետ», – տեղեկացրեց Դավիթ Հակոբյանը եւ նշեց, որ քարոզարշավն անցնում է առանց ավելորդ խնդիրների ու խոչընդոտների:
Իր քարոզարշավն է մեկնարկել նաեւ ՀՀԿ-ից առաջադրված պատգամավորի թեկնածու, նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանը, որը նույնպես այս օրերին հանդիպումներ է ունենում բնակիչների հետ:
Իսկ պատգամավորի մյուս թեկնածուից՝ Վահրամ Հովհաննիսյանից, ոչ մի տեղեկություն չկա:
Կարդացեք նաև
Տեղեկացնենք, որ թեկնածուներն իրենց քարոզարշավը կշարունակեն մինչեւ սեպտեմբերի 27-ը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ