Այսօր «Մեդիա» կենտրոնում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը ներկայացրեց Վարչական դատարանի կողմից իր իրավունքների խախտման փաստը ճանաչելու որոշման վերաբերյալ մանրամասներ:
Դեպքը, որի ժամանակ խախտվել էր Բարսեղյանի իրավունքները տեղի է ունեցել 2011 թվականին Երևանում Անկախության 20-ամյակի զորահանդեսի օրը: Ոստիկանները խլել էին «Անկախ Հայաստան», «Հայաստանը Ռուսաստանի մաս չէ» եւ նման բովանդակությամբ պաստառները, ապա, խափանելով երթը, «Ազատ, անկախ Հայաստան» բացականչությունների միջոցին Լ.Բարսեղյանին եւ ցուցարարներից մեկին իրենց կամքին հակառակ տարել էին ոստիկանություն:
Լեւոն Բարսեղյանը դիմելով դատարան՝ պահանջել էր ճանաչել կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու, ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության եւ անձեռնմխելիության իրավունքների խախտման փաստը, ինչպես նաեւ` ճանաչել ոստիկանների գործողությունները որպես ոչ իրավաչափ:
«Դատարանն ինձ համար շշմելու վճիռ է կայացրել»,- շեշտեց Բարսեղյանը ավելացնելով, որ առաջին անգամ ճանաչվել է քաղաքացու ազատ խոսքի, տեղաշարժման, հավաքների մասնակցության իրավունքի խախտումը:
Կարդացեք նաև
Լեւոն Բարսեղյանն անդրադառնալով ներքաղաքական վերջին իրադարձություններին, ասաց, որ արդեն քանի ժամ է՝ հետեւում է մամուլին, հատկապես ռուսականին, որն էլ անդադար Հայաստանի որոշման գովքն է անում. «Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության ընտրված նախագահը չէ, եւ դա երեւի միայն իրեն հայտնի չէ, մնացած բոլորը գիտեն այդ մասին: Նա որպես իշխանությունը զավթած մարդ լրջորեն անցել է իր լիազորությունները»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ