«Կարծում եմ, որ հարցի լուծումը փորձագետների հանձնաժողովի որոշումից կախված չէ»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում հայտարարեց արտակարգ և լիազոր դեսպան, diplomat.am կայքի տնօրեն Արման Նավասարդյանը՝ խոսելով Սիրիայում օգոստոսի 21-ից հետո առաջացած սրված իրավիճակի մասին:
Հիշեցնենք, որ իրավիճակը Սիրիայում սրվեց, երբ Դամասկոսի արվարձաններում քիմիական զենքից հարյուրավոր զոհեր գրանցվեցին: Քննարկվում է այն հարցը, թե ով է օգտագործել այդ զենքը. ԱՄՆ-ն և Եվրոպան հայտարարում են, թե այն օգտագործվել է Ասադի զինուժի կողմից, հակառակ կողմն այլ կարծիք ունի:
Այս իրավիճակում պարոն Նավասարդյանը դիտարկելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարած քաղաքականությունը, այն բնութագրեց որպես «պաուզա պահելու քաղաքականություն»:
Խոսելով այն մասին, թե Սիրիային ԱՄՆ-ի կողմից հարված սպասվո՞ւմ է, պարոն Նավասարդյանը նկատեց, եթե հարված լինի, դա կլինի բիրքֆուդյան քուղ վառված դեպի վառոդի տակառը, և դա կլինի մեծ հրդեհ ամբողջ Մերձավոր Արևելքում:
Կարդացեք նաև
Անդրադառնալով այն հարցին, թե հաշվի առնելով այս իրավիճակը, ինչո՞ւ հայերին դուրս չբերեցին Հալեպից, Ա. Նավասարդյանը նշեց. «Մեկ տարի առաջ ասացի, որ հայ համայնքին սպասվում է բարդուղիմեոսյան գիշեր, ինչի համար շատերն ինձ քննադատեցին: Այսօր ոչ միայն ուշ է, այլև շատ ուշ: Հալեպում մեր երեսուն հազար հայրենակիցներ գտնվում են պատանդի վիճակում՝ առանց դրամ, ջուր և ուտելիք, երբ փորձեն դուրս գալ երկրից՝ կստանան փամփուշտ»:
Արդյոք ՀՀ իշխանությունների արձագանքը համարժե՞ք էր այս իրավիճակում՝ Արման Նավասարդյանն այսպիսի կարծիք ունի. «Մենք բոլորս մեզ պլենդուսից էլ ավելի ցածր պահեցինք: ՀՀ իշխանությունները նույնպես ադեկվատ չգտնվեցին: Այսօր մենք կանգնած ենք հիմար մի իրավիճակի առաջ, գոնե հիմա ելքեր գտնեն»:
Դառնալով Մոսկվայի դիրքորոշմանը՝ պարոն Նավասարդյանն ասաց. «Մոսկվայի կողմից բացի հռետորական նախազգուշացումից, ոչ մի բան չի լինի: Ռուսական նավատորմը գնացել է միմիայն ռուսական համայնքի համար: Գոնե մի բան անեն, որ մեր հայրենակիցներին էլ այնտեղից դուրս բերեն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ