Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը չդիմացավ Մոսկվայի եւ ներքին ճնշումներին

Սեպտեմբեր 04,2013 12:33

Հայաստանի երեք նախագահները Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից մեծացրել են

Երեկ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով Մոսկվայում էր, որտեղ հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սպասված այցը վերջակետ դրեց Մաքսային միության, Եվրասիական ինտեգրացման հարցում Հայաստանի մանեւրելու շուրջ հնարավորություններին:

Սարգսյանն ու Պուտինը համատեղ հայտարարություններ հնչեցրին, բանակցությունների արդյունքներն ամփոփեցին համատեղ մամլո ասուլիսում: Նրանց համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ հաստատեցին ՀՀ-ի եւ ՌԴ-ի նպատակադրումը եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացների հետագա զարգացման ուղղությամբ. «Այդ համատեքստում ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու վերաբերյալ ՀՀ որոշման եւ այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու մասին, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձեւավորմանը մասնակցելու վերաբերյալ: ՌԴ նախագահ Վ. Պուտինն իր աջակցությունը հայտնեց ՀՀ-ի այդ որոշմանը եւ հայտնեց այդ գործընթացին համակողմանիորեն աջակցելու՝ ռուսական կողմի պատրաստակամությունը»:

Այնուհետեւ Ս. Սարգսյանը պարզաբանել է, թե սա ռացիոնալ որոշում է, որը բխում է ՀՀ ազգային շահերից. «Այս որոշումը եվրոպական կառույցների հետ մեր երկխոսությունից հրաժարում չէ: Այս տարիների ընթացքում Հայաստանը, եվրոպական գործընկերների աջակցությամբ, անցկացրել է լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Եվ այսօրվա Հայաստանը, այս իմաստով, շատ ավելի արդյունավետ եւ մրցակցային պետություն է, քան տարիներ առաջ: Մենք մտադիր ենք եւ շարունակելու ենք բարեփոխումները»:

Ի՞նչ կարող է առաջարկել Մոսկվան Հայաստանին՝ Մաքսային միությամբ: Կամ, թերեւս, ավելի ճիշտ կլիներ հարցնել, թե որքա՞ն են զարգացրել այն ոլորտներն ու ռազմավարական օբյեկտները, որոնք Ռոբերտ Քոչարյանի «բալանսավորված» քաղաքականության արդյունքում հայտնվեցին ռուսների վերահսկողության տակ…

Մի բան անհերքելի է. նորանկախ Հայաստանի քսանամյա պատմության մեջ ՀՀ երեք նախագահները, յուրաքանչյուրն իր չափով, Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից աստիճանաբար մեծացրել են, նրանք երեքն էլ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը նվազեցնելու եւ Հայաստանը ՌԴ-ի կցորդը դարձնելու հարցում հետեւողական քայլեր են ձեռնարկել: Երեկ նաեւ Սերժ Սարգսյանը ապացուցեց, որ Պուտինյան Ռուսաստանի նկատմամբ անզոր է անկախ Հայաստանը: Մինչ Ուկրաինան, որը ԵՄ Ասոցացման հիմնական դերակատարն է, դիմադրում է ՌԴ-ի ճնշումներին (երեկ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Գերագույն Ռադայի աշնանային նստաշրջանի բացմանը կոչ արեց բոլոր կուսակցություններին ընդունել այն օրենքները, որոնք անհրաժեշտ են եվրաինտեգրացիայի համար), Սերժ Սարգսյանը Մոսկվայում Մաքսային միությանը միանալու վերաբերյալ ՀՀ որոշման մասին բարձրաձայնեց։

Օրեր առաջ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առաջին քարտուղար Ալեքսանդր Վասիլեւը հրապարակավ ուղղակի սպառնաց Հայաստանին: Ըստ 168.am-ի՝ անդրադառնալով Հայաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը՝ նա մտահոգիչ է համարել Ասոցացման համաձայնագրի բովանդակության գաղտնիությունը. «Համաձայնագրի բովանդակությունը ընդհանրապես ոչ մեկը չի տեսել, ու կասկածի տակ է առնվում այն հանգամանքը, թե այդ ինչ պայմաններ են ներառված, որ իրենք թաքցնում են հասարակությունից: Չինովնիկներ, դիվանագետներ կան, ովքեր այս առումով սկսում են ենթադրել, որ համաձայնագրի ստորագրման մեջ կոշտ պայմաններ կան, որոնք ավելի խիստ են դրված, քան նախորդ պետությունների առջեւ: Ակնհայտ է, որ կան սահմանափակումներ: Սա մեզ մտահոգում է՝ չնայած հայ հասարակությունը պնդում է, որ երկու կառույցները համատեղելի են, բայց կասկածներ կան հակառակի մասին»: Վասիլեւի խոսքով` ՀՀ-ն համաձայնագրի ստորագրումից հետո բարդություններ կունենա տնտեսական ու բարոյահոգեբանական առումով. «Քաղաքական վեկտորի ընտրության առումով թեժ աշուն է սպասվում: Կարծում եմ` ընտրությունը կկայացվի եւ կկայացվի ճիշտ»:

«Ընտրությունը» կայացվեց… Սակայն երբ ՌԴ-ն զինում է Ադրբեջանին չորս միլիարդ դոլարի հարձակողական զենքով, այդ ժամանակ, չգիտես ինչու, նրանք չեն «մտահոգվում»:

Անցյալ շաբաթ ուշագրավ վերլուծություն հրապարակվեց այն մասին, թե ստորագրելով Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) համաձայնագիրը, որը ԵՄ Ասոցացման համաձայնագրի անբաժան մասն է, ինչ կշահի ՀՀ-ն: Ուսումնասիրությունը ներկայացնում է, թե ինչպես կարող են առեւտրի եւ առեւտրին առնչվող ոլորտների շուրջ բանակցված դրույթները ԵՄ-ում եւ Հայաստանում ազդել տնտեսական, սոցիալական եւ բնապահպանական խնդիրների վրա:

Aravot.am-ը ներկայացրել էր վերլուծության որոշ կարեւոր կետերը: Այսպես, ըստ զեկույցի՝ ակնկալվում էր, որ Հայաստանի արտահանումը կավելանա 15,2%-ով, իսկ ներմուծումը` 8,2%-ով, Հայաստանում աշխատավարձերը կբարձրանան 2,6%-ով, իսկ սպառողական գները փոքր-ինչ կնվազեն: ԽՀԱԱԳ-ը դրական ազդեցություն կունենա ե՛ւ ԵՄ-ի, ե՛ւ Հայաստանի տնտեսական ոլորտի վրա, իսկ երկարատեւ ժամկետում ԵՄ-ի համար սպասվող օգուտը հաշվարկվում է 74 միլիոն եվրո: Հայաստանի համար այն գրեթե երկու անգամ ավելի մեծ է հաշվարկվում` 142 միլիոն եվրո, ինչը նշանակում է ՀՆԱ-ի 2,3% բարձրացում:

Մարդու իրավունքների պաշտպանության մասով ԽՀԱԱԳ-ն հիմնականում կազդի տնտեսական եւ սոցիալական իրավունքների վրա, սակայն ազդեցություն չի ունենա մշակութային, քաղաքացիական կամ քաղաքական իրավունքների վրա: Ըստ զեկույցի հեղինակների՝ բարեկեցության նախատեսված աճը մարդու իրավունքների ոլորտում դրական արդյունքներ կտան, օրինակ՝ կենսամակարդակի համարժեք բարելավում: Կանխատեսվում է, որ ԽՀԱԱԳ-ի սոցիալական հետեւանքները հիմնականում պայմանավորված կլինեն գների եւ աշխատավարձերի, աշխատատեղերի ստեղծման ԽՀԱԱԳ-ի ոլորտների միջեւ զբաղվածության համապատասխան փոփոխություններով, ինչն էլ կնպաստի Հայաստանում աշխատանքային օրակարգի ձեւավորմանը, աշխատանքի չափանիշների բարելավմանը:

Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը Twitter-ում երեկ անդրադարձել է Մաքսային միությանը միանալու ՀՀ որոշմանը. «Թվում է՝ Հայաստանը կդադարեցնի ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրի շուրջ բանակցությունները եւ դրա փոխարեն կինտեգրվի Ռուսաստանին: 180 աստիճանի շրջադարձ»:

ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները ԵՄ-ն ու Հայաստանը հաջողությամբ ավարտել էին, այդ մասին հրապարակավ հայտարարել էին թե եվրոպացի դիվանագետները, թե ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները։ Նախատեսվում էր, որ Հայաստանը, նոյեմբերին ստորագրելով ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, կարեւոր քայլ է անելու դեպի աշխարհի ամենամեծ շուկա։

Թե ինչ կարող է առաջարկել Պուտինը Հայաստանին՝ ի համեմատություն ԵՄ-ի, պարզ չէ: Ավելին՝ ինչ էլ կարող էր առաջարկել՝ կարող էր իրագործել որպես «ռազմավարական դաշնակից»՝ ոչ ի հաշիվ ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման: Մնում է միայն շնորհակալ լինել Պուտինին այն բանի համար, որ նա Սերժ Սարգսյանին Մոսկվա չհրավիրեց, օրինակ՝ օգոստոսի 23-ին՝ Հայաստանի անկախության հռչակագրի օրը, եւ այդ օրը Մոսկվան չստիպեց, որ Հայաստանով ազդարարվի Մաքսային միությանը զարկ տալու ծրագիրը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30