Լրահոս
Օրվա լրահոսը

Շավարշ Քոչարյան. հայկական կողմերը երբեք չեն գնա միակողմանի զիջումների, դա բացառված է

Սեպտեմբեր 04,2013 12:05

Հատված փոխարտգործնախարար ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ հարցազրույցից:

– Վերջին տարիներին բանակցային սեղանի միակ փաստաթուղթը Մադրիդյան սկզբունքներն են, այնուհանդերձ, ստեղծված փակուղային իրավիճակը չի՞ ենթադրում, որ ԼՂ հիմանախնդրի կարգավորման գործընթացում կա նոր առաջարկների, նոր տրամաբանության անհրաժեշտություն, հետեւաբար, նոր փաստաթղթի մշակում: 

-Չեմ կարծում, որովհետեւ փակուղին ստեղծվել է ոչ թե փաստաթղթի պատճառով, այլ Ադրբեջանի՝ «կամ ամեն ինչ, կամ ոչինչ» սկզբունքի հետեւանքով: Ուրեմն ինչ փաստաթուղթ էլ մշակես, այդ երկիրը, միեւնույն է, շարունակելու է նույն կերպ խոսել ու հանդես գալ ուժի դիրքերից: Բնականաբար հայկական կողմերը երբեք չեն գնա միակողմանի զիջումների, դա բացառված է:
Իսկ ո՞րն է Ադրբեջանի երազանքը. ամեն ինչ անել նոր գործընթաց սկսելու համար, ահա թե ինչու է փորձում ձերբազատվել Մինսկի խմբի ձեւաչափից ու հայտարարում, թե այն չի արդարացնում իրեն, խոսում նոր փաստաթուղթ ի հայտ բերելու մասին, փորձում հարցի քննարկումը տեղափոխել այլ ատյաններ: Սակայն իրականությունն այն է, որ այլ հեղինակավոր միջնորդական կառույց հնարավոր չէ գտնել:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից 3-ը՝ հզոր երկրներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, գործընթացի միջնորդներ են, ու երեքն էլ միասնաբար հայտարարում են հիմնախնդրի խաղաղ կարգավորման մասին: Եվ Ադրբեջանը լավ է հասկանում, թե դա ինչպիսի զսպաշապիկ է իր արկածախնդրության համար:
Իսկ փակուղի ասվածի մեղավորը Ադրբեջանն է, ինչպես ասացի, այդ երկիրն առաջնորդվում է «կամ ամեն ինչ, կամ ոչինչ» անիրատեսական սկզբունքով եւ իր նման պահվածքով էլ գործընթացը մտցրել է փակուղի: Մի կողմից ամեն ինչ անում է, որ ներկա ստատուս քվոն պահպանվի, մյուս կողմից ամեն օր ողբում, թե այն իր համար անընդունելի է: Եթե ընդունելի չէ, ուրեմն թող գնա կառուցողական քայլերի եւ ոչ թե տապալի գործընթացը, ինչպես արեց Կազանում:

-Օրերս Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ուր ասվում է. «Քանի որ քաղաքական միջոցներով Հայաստանի հետ բանակցություններ անցկացնելու ջանքերն արդյունք չեն տալիս, ստատուս քվոյի հետագա շարունակումը կարող է անկանխատեսելի հետեւանքների բերել, որի ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի վրա»: Բանակցային գործընթացից դուրս գալու եւ այլ բնույթի գործողությունների դիմելու սպառնալի՞ք է սա:

-Նման քարոզչական նպատակներ հետապնդող գրություններ Ադրբեջանը պարբերաբար է ուղարկում ՄԱԿ եւ իհարկե մշտապես ստանում հայկական կողմի փաստարկված պատասխանը: Մամեդյարովի հերթական նամակը կրկին ապացուցում է, որ չնայած իրենք մշտապես տորպեդահարում են առաջընթացը, սակայն միաժամանակ փորձում են մեղադրել հայկական կողմերին: ԼՂՀ ԱԳ նախարարությունը տվեց ասվածի հստակ պատասխանը:
Ի՜նչ աստիճանի է ինքնանվաստացել Ադրբեջանը, որ երկրի ԱԳ նախարարը ՄԱԿ է ուղարկում մի գրություն, որը հիմնված է ակնհայտ խեղաթյուրված փաստերի վրա: Խոսքս 447 սիրիահայերի ցուցակի մասին է, որոնք, ըստ Մամեդյարովի, իբր թե բնակվում են Արցախում: Սակայն պարզվում է, որ 447 անձանցից եւ ոչ մեկը Արցախում չի եղել, ուր մնաց, որ բնակություն հաստատած լինի: Ավելին՝ այդ ցուցակում տեղ գտած սիրիահայերը երբեւէ նույնիսկ Հայաստան չեն եկել:

   -Իրականում ի՞նչ ցուցակ է դա:

-Իրականում այդ մարդիկ սիրիահայեր են, ցուցակում նշված են կոնկրետ անձանց անուն-ազգանուններ, իրենց անձնագրերի համարներով: Նրանք, այո, դուրս են եկել Սիրիայից, բայց ոչ Հայաստան են եկել, ոչ էլ Արցախ: Թե որտեղի՞ց են ադրբեջանցիները ձեռք գցել այդ ցուցակը, այլ խնդիր է, կարեւորը հետեւյալն է. այս երկիրը այնպիսի ստի ու կեղծիքի մեջ է թաղվել, որ ԱԳ նախարարը իրեն թույլ է տալիս կեղծ գրություն ներկայացնել միջազգային հեղինակավոր կազմակերպությանը: Սա պարզապես իրենց գործելաոճն է: Իսկ այդ կեղծիքին հակահարված տվեց Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունը: «Մամեդյարովի նամակը» դարձյալ ապացուցեց, որ մենք գործ ունենք մի պետության հետ, որի ամբողջ արտաքին քաղաքականությունը կառուցված է ստի եւ կեղծիքի վրա:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30