Լրահոս
Օրվա լրահոսը

Մաշտոցի պողոտայի գրավատան կալանավորված կին տնօրենի գործը վերաքննիչում է

Սեպտեմբեր 04,2013 11:42

Երևանի Խորենացի փողոցի թիվ 24 հասցեում գործող «Վաղարշ և որդիներ» ՍՊ ընկերությունից վարձակալած տարածքում գրավատան գործունեություն իրականացնող «Կրեդիտ Լայն» ՍՊԸ տնօրեն Քրիստինե Պետրոսյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի դատավճռով ճանաչվել էր մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասով 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման համար: Նրա նկատմամբ նշանակվել էր պատիժ` ազատազրկում 5 տարի 6 ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման։

Քրիստինե Պետրոսյանը արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում է գտնվում 2011թ. նոյեմբերի 25-ից:
Հիշեցնենք, որ տուժողների մասով դատարանն արտահայտել էր հետեւյալ դիրքորոշումը.Արմեն Ասլամազյանի ներկայացրած 398.413.600 ՀՀ դրամի, Հարություն Խլղաթյանի ներկայացրած 113.028.000 ՀՀ դրամի, Արթուր Դեղոյանի ներկայացրած 13.386.600 ՀՀ դրամի քաղաքացիական հայցերն ամբողջությամբ բավարարել էր, այդ գումարները, որպես հանցագործությամբ վերջիններիս պատճառված գույքային վնաս վճռել էր բռնագանձել Քրիստինե Պետրոսյանից։
Տուժող Վազրիկ Միքայելյանը, որը «Մալաթիա ունիվերսալ վարկային կազմակերպության» կառավարիչն էր, դատարանը պարզաբանել էր հանցագործությամբ նրան պատճառված վնասի փոխհատուցման հարցով քաղաքացիադատավարական կարգով դատարան դիմելու իրավունքը, իսկ տուժող Հայկ Պետրոսյանին հանցագործությամբ պատճառված վնասի հարցը դատարանը համարել էր լուծված։
Բողոքաբերը` պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Հակոբյանը դիմել էր ՀՀ քրեական վերաքննիչ դատարան, պահանջել էր բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը , եւ նաեւ պահանջել էր, որպեսզի դատարանը «հռչակի» Քրիստինե Պետրոսյանի անմեղությունը: Նշենք, որ Ք.Պետրոսյանի պաշտպանությունը մինչ այդ իրականացրել էր փաստաբան Աշոտ Սարգսյանը:

Տեղեկացնենք, որ ըստ գործի նյութերի, Քրիստինե Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Կրեդիտ Լայն» ՍՊԸ տնօրենը, միաժամանակ Մաշտոցի պողոտայի 15 հասցեում գտնվող «Ֆրեշ» ՍՊԸ տարածքում փաստացի իրականացնելով տարադրամի փոխանակման գործունեություն, «հաջողակ գործարարի տպավորություն ստեղծելով»` մատչելի գնով արտարժույթ, ոսկյա զարդեր, ադամանդե քարեր գնելու, դրանք վերավաճառելու, վարկային գործունեություն ծավալելու համար կազմակերպություն հիմնադրելու համար գումարներ ներդնելու պատրվակով, նշված գործարքներից խոշոր շահույթ ակնկալող քաղաքացիների վստահությունը չարաշահելով, մեկ տարի շարունակ խաբեությամբ վերջիններից մաս-մաս հափշտակել է ընդհանուր՝ առանձնապես խոշոր չափերի՝ 592.189.950 ՀՀ դրամին համարժեք՝ 1.532.100 ԱՍՆ դոլար, 30.000 ԵՎՐՈ և 6.880.000 ՀՀ դրամ գումար:

Այս քրեական գործը հարուցվել էր 2011թ. օգոստոսի 24-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում Հարություն Խլղաթյանի և Արթուր Դեղոյանի հաղորդումների հիման վրա : Նախաքննությունն իրականացվել էր ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ վարչությունում : 2011թ. նոյեմբերի 25-ին նախաքննական մարմինը Քրիստինե Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (տուժողներ Հարություն Խլղաթյան և Արթուր Դեղոյանի դրվագներ): նույն օրն էլ Քրիստինեն կալանավորվել էր:

Մեր տեղեկություններով, 2012թ. մարտի 1-ին հանցագործության մասին հաղորդմամբ ոստիկանությանն էր դիմել նաեւ դիմել է կառավարիչը` Վազրիկ Միքայելյանը: Նա հայտնել էր, որ Երևանի Մ.Խորենացու փողոցի վրա գործող գրավատան աշխատակցուհի Ք.Պետրոսյանն իրենից խաբեությամբ ստացել և հափշտակել է 102.000 ԱՄՆ դոլարին համարժեք եվրո։ Հետո հանցագործության մասին հաղորդմամբ դիմել էր Արմեն Ասլամազյանը.նրանից էլ Քրիստինեն հափշտակել էր 1.090.000 ԱՄՆ դոլար գումար։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30