Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյանը՝ Ծաղկաձորի «Մարիոթում» արտագնա նիստի մասին. «Մենք որոշեցինք, որ անհրաժեշտ է առանձնանալ»

Սեպտեմբեր 04,2013 11:27

Օգոստոսի 30-ին ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում արտագնա նիստ է անցկացրել։ Նիստի օրակարգում, ըստ ԱԺ պաշտոնական կայքի, եղել է ընդամենը մեկ հարց՝ 2013 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի մասին տեղեկատվություն։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, պատգամավորները զվարճացել են հյուրանոցի լողավազանում, խմել եւ օգտվել հյուրանոցի բոլոր «բարիքներից»։ Այս «հույժ կարեւոր» նիստի վերաբերյալ «Ժողովուրդ»-ը մի քանի հարց ուղղեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին։

– Պարոն Մինասյան, Ձեր ղեկավարած հանձնաժողովը օրերս արտագնա նիստ է անցկացրել։ Խնդրում եմ նշեք, թե ինչո՞ւ է որոշվել նիստն անցկացնել Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում։

– Ոչ միայն օգոստոսի. 30-ին ենք եղել նիստի, այլ նաեւ 31-ին եւ սեպտեմբերի 1- ին։ Շուրջ մեկ տարի առաջ մենք սկսեցինք համագործակցությունը գերմանական JIZ կազմակերպության հետ՝ նպատակ ունենալով ուժեղացնել ԱԺ վերահսկողական գործառույթները։ Մեկ տարվա ընթացքում երեք ուղղություններով բավականին լուրջ աշխատանքներ կատարվեցին։

Առաջինը՝ ՎՊ-ի գործառույթների հետ կապված, փաթեթով առաջարկվում է, որ խորհրդարանում քննարկվի ոչ միայն ՎՊ-ի տարեկան հաշվետվությունը, այլ նաեւ ընթացիկ հաշվետվությունները՝ վերահսկվող կառույցի ղեկավարի մասնակցությամբ։

Երկրորդը ֆինանսների նախարարության հետ է կապված, եւ առաջարկվում է, որ խորհրդարանում քննարկման առարկա դառնան ոչ միայն բյուջեի տարեկան հաշվետվությունը, այլ նաեւ կատարողականի եռամսյակային հաշվետվությունները։

Երրորդն էլ առաջարկում ենք ԱԺ-ում ստեղծել բյուջետային գրասենյակ, որը պետք է պատգամավորներին օժանդակի բյուջետային քննարկումների եւ բյուջեի վերահսկողության հարցերում։

Անհրաժեշտություն առաջացավ շուրջ մեկ տարվա կատարված աշխատանքը ամփոփել, որպեսզի հնարավոր սեղմ ժամկետներում ներկայացվի օրենսդրական նախաձեռնություն։ Փաթեթը բավականին ծավալուն է։ Եվ, որպեսզի այս ամենը հնարավոր լիներ իրականացնել, մենք որոշեցինք, որ անհրաժեշտ է առանձնանալ եւ իրականացնել ինտենսիվ աշխատանք։

– Իսկ ովքե՞ր են Ձեր գլխավորած հանձնաժողովին ֆինանսական աջակցություն ցուցաբերել որպեսզի կարողանաք այդ նիստն անցկացնել Ծաղկաձորի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկում։

– Մենք խնդրեցինք, ու մեր գերմանական գործընկերները ֆինանսավորեցին մեր հանդիպումը։ Շուրջ մեկ տարի է, ինչ մենք համագործակցում ենք գերմանական JIZ կազմակերպության հետ այս ծրագրի շրջանակներում, դա Գերմանիայի կառավարության միջազգային համագործակցության ընկերությունն է։

Հ Գ. Ծաղկաձորում կայացած նիստի ժամանակ քվորումը ոչ միայն ապահովվել է, այլեւ «գերակատարվել»: Ու սա այն դեպքում, երբ ԱԺ հանձնաժողովների նիստերում պատգամավորների ներկայությունը սովորաբար խնդիր է, հիշենք, թեկուզ, 2012թ. բյուջեի կատարողականի քննարկումները, երբ դահլիճում միայն զեկուցողն էր, նիստը վարող Գագիկ Մինասյանն ու Սամվել Նիկոյանը:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30