«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտնեց, որ ՀՀ-ն չպետք է շտապի ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրման կամ Մաքսային միությանն անդամակցելու հարցում։ «Նախ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տեքստը չի հրապարակվել, չեմ կարծում, որ վերջնական դիրքորոշում արտահայտելը ճիշտ է։ Քանի դեռ փաստաթուղթը չի հրապարակվել, բնականաբար ամբողջական դիրքորոշում արտահայտելը ճիշտ չէ, գոնե ինձ մոտ դա անհասկանալի է։ «Երկրորդը՝ պետք է նկատի ունենալ, որ նախաստորագրվելիք համաձայնագիրը բավականին լուրջ փաստաթուղթ է եւ երբ հրապարակվի, այդ ժամանակ պարզ կդառնա, թե ինչ առաջնահերթություններ են տեղ գտել այդ փաստաթղթում եւ տվյալ դեպքում արդեն կարելի է վերջնական, ամբողջական դիրքորոշում արտահայտել»,- մեզ հետ զրույցում ասաց Ռուբեն Հակոբյանը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը եւս նշեց, որ կկարողանա որոշակի դիրքորոշում հայտնել՝ նոյեմբերին նախաստորագրվելիք փաստաթղթերի բովանդակությանը ծանոթանալուց հետո։ «Տեսականորեն ես իհարկե կողմ եմ Եվրամիության հետ քաղաքական ասոցացման եւ տնտեսական ինտեգրմանը, բայց քանի դեռ ծանոթ չեմ բովանդակային ողջ մանրամասներին, հստակ բան չեմ կարող ասել»,- ասաց նա։ Երեկոյան, երբ արդեն պարզ դարձավ, որ ՀՀ-ն կայացրել է որոշում եւ մտնում է Մաքսային միություն, ԲՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն առաջիկայում հանդես կգա հաղորդագրությամբ։
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը մեզ հայտնեց, որ պետք է ՌԴ-ի հետ համագործակցությունը չխանգարի ԵՄ-ի հետ համագործակցությանը եւ հակառակը։ «Ես կարծում եմ, որ մեր երկրի ղեկավարությունը կգտնի լավագույն տարբերակները, որպեսզի մեր համագործակցությունները երկու կողմերի հետ էլ լինեն»,- ասաց Բիշարյանը։
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ հայտնեց, որ հարցի շուրջ իրենց սկզբունքը մեկն է։ «Մենք կողմ ենք ցանկացած ինտեգրացիոն գործընթացին, բայց որ մեկը չվնասի որեւէ այլ ինտեգրացիոն գործընթացի, անվտանգության հաշվին չպետք է լինի»։
Կարդացեք նաև
ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն էլ հայտնեց, որ իրենք բազմիցս են ներկայացրել իրենց դիրքորոշումը եւ նոր բան ավելացնելու կարիք չկա։ Նա հստակեցրեց, որ ընտրում են «եւ-եւ» սկզբունքը։ Հարցին՝ եթե հարց դրվի ԵՄ կամ Մաքսային միություն, ինչպիսի՞ն կլինի իրենց դիրքորոշումը, նա պատասխանեց. «Այդ դեպքում ինչ դիրքորոշում կունենա մեր խմբակցությունը, չեմ կարող ասել, դեռեւս որեւէ կոնկրետ հարցադրում չի եղել, եթե լինի, կքննարկենք եւ մեր դիրքորոշումը կասենք»։
Երեկոյան կրկին կապ հաստատեցինք Հովհաննես Սահակյանի հետ եւ հետաքրքրվեցինք, թե տեղի ունեցածը չի՞ նշանակում, որ Հայաստանը փոխում է «եւ–եւ»–ը «կամ–կամ»–ի հետ։ Նա հայտնեց, որ հիմա մեզ հասանելիք ինֆորմացիան բավական չէ որեւէ եզրակացություն անելու համար եւ ճիշտ կլինի մեկ-երկու օր անցնի, հետո խոսենք։
Թագուհի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում