Եվ այսպես, ՀՅԴ-ն համալրելու է մեր երկրի դիվանագիտական կորպուսը: Սա նորմալ կդիտվեր, եթե ՀՅԴ-ն կոալիցիայի անդամ լիներ, բայց հիմա, երբ այդ կուսակցությունը հանդես է գալիս թունդ ընդդիմադիրի դիրքերից, այդ իրողությունն արժանանում է քննադատության: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս եկավ 2009թ. ապրիլի 27-ին: ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը իրենց այդ քայլը բացատրեց ԼՂՀ հիմնախնդրի և հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությամբ: ՀՅԴ-ին հատկապես վրդովեցրել էր դրանից մի քանի օր առաջ՝ ապրիլի 23-ին, Հայաստանի, Թուրքիայի և Շվեյցարիայի ԱԳ նախարարների այն համատեղ հայտարարությունը, որտեղ խոսվում էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզի» մասին:
Դրանից կարճ ժամանակ անց ՀՅԴ-ն սկսեց պահանջել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը: Կուսակցությունն այդ պահանջը ներկայացնելու օրերին բողոքի ակցիաներ էր կազմակերպում արտգործնախարարության շենքի դիմաց: Իսկ իրենց պահանջը սրելու համար ստորագրահավաք կազմակերպեցին, նույնիսկ շուրջօրյա նստացույց ու հացադուլ էլ արեցին, որին մասնակցում էր նաև Վ. Հովհաննիսյանը: Եվ այսօր բավականին կտրուկ շրջադարձ է, երբ ՀՅԴ կարկառուն ներկայացուցիչը նույն Ս. Սարգսյանի և Է. Նալբանդյանի համակարգման ներքո պետք է դեսպան աշխատի: Միգուցե իսկապես ճիշտ են տեղեկությունները, որ Վ. Հովհաննիսյանի դեսպան նշանակվելը շոկ է առաջացրել «Դաշնակցության» մոտ, քանի որ կուսակցությունում մինչև հրապարակումը տեղյակ չեն եղել այդ մասին, նա մինչև վերջին պահը գաղտնի է պահել դա: Ընդհանրապես վերջին շրջանում, հատկապես անցած տարվա խորհրդարանական ընտրություններից հետո Վ. Հովհաննիսյանը չուներ նախկին ակտիվությունը: Կարծիք կար, որ ՀՅԴ-ում արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն, և այդ կուսակցությունը չի կարողանում հստակ կողմնորոշվել գործող և նախկին՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունների միջև: Ու որ այդ առումով ՀՅԴ-ում գոյություն ունեն երկու հակադիր կարծիքներ, որոնք երբեմն ներքին բախումներ են առաջացնում: Որ Վ. Հովհաննիսյանը քոչարյանամետ խմբում չէր ու այդ առումով հակասություններ ուներ ՀՅԴ-ում:
Ինչ վերաբերում է Վ. Հովհաննիսյանի դեսպան նշանակվելուն, ապա պատգամավորն ինքը իր հարցազրույցի մեջ նշել է, որ «վերջին երեք տարիներին աշխատում է արտաքին հարաբերությունների ասպարեզում, մինչև վերջերս ղեկավարելով Հայաստանի Խորհրդարանի պատվիրակությունը Եվրանեսթ Պառլամենտական վեհաժողովում, իսկ ներկայումս հանդիսանալով այդ միջազգային կառույցի փոխնախագահ»: «Ես նախկինում էլ ակտիվորեն ներգրավված եմ եղել խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում, 2000-ականների սկզբին դառնալով ՆԱՏՕ-ի ԽՎ-ում առաջին պատվիրակության ղեկավարը, հետագայում ղեկավարելով մեր պատվիրակությունը ԵԱՀԿ ԽՎ-ում և հանդիսանալով հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ»,- ասել է պատգամավորը:
Այն, որ Վ. Հովհաննիսյանը մեր գործող դեսպաններից ավելի շատ հմտություններ ու գիտելիքներ կարող է ունենալ` կարելի է չկասկածել: Նա խորհրդարանում էլ առանձնանում էր իր գրագիտությամբ, լեզուների իմացությամբ և բարձր հումորով: Սակայն տվյալ դեպքում խոսքը վերաբերում է նրա կուսակցական պատկանելությանն ու գործունեությանը, երբ մի քանի տարի առաջ անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությանը` այսպես հայտարարեց. «Սա խայտառակություն է: Սա ամբողջական նահանջ է սերունդների պայքարից: Սա կոչվում է կապիտուլյացիա: Սա նշանակում է հրաժարվել մեր ազգային իրավունքներից և դառնալ պատմության մեջ առաջին ժողովուրդը, որը մեծահոգաբար ներելով զղջումի բառ անգամ չարտասանած իր դահիճներին՝ ինքն իրեն դեն է նետում պատմության աղբանոցը»: Կամ՝ «Շատ ափսոսում եմ, որ հեռուստատեսությամբ դիտեցի արձանագրությունների ստորագրման ուղիղ եթերը: Զզվանքս եկավ», և այլն:
Կարդացեք նաև
Դժվար թե Վ. Հովհաննիսյանը դեսպան նշանակվելով` այդ առումով կարողանա կտրուկ բեկում մտցնել հայ դիվանագիտության գործունեության մեջ: Նա ավելի շուտ կդառնա արտաքին քաղաքականության ոլորտում իր իսկ նշած «խայտառակության» և «կապիտուլյացիայի» շարունակողը, քանի որ Ս. Սարգսյանին ու Է. Նալբանդյանին դժվար թե կարողանա փոխել:
Գոռ Մնացականյան
Լուսանկարը՝ Photolure-ի
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում