Լրահոս
Օրվա լրահոսը

Դե կալինադ խոդի տուր ու…

Սեպտեմբեր 04,2013 10:54

Այսպիսով, կարծես թե ակնհայտ է, որ Հայաստանը կմտնի Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միության եւ ապագայում նաեւ Եվրասիական միություն։

Դեռ տաք ենք եւ չենք հասկանում, թե դա ինչ է նշանակում։ Մաքսային միության անդամ երկիրը իր մաքսային օրենսդրությունը լիովին համապատասխանեցնում է միության սահմանած չափանիշներին եւ ըստ էության չի վարում սեփական մաքսային քաղաքականությունը։ Այսինքն, ինքը չի կարող սահմանել Մաքսային միության անդամ երկրներից ներկրվող կամ հակառակ ուղղությամբ արտահանվող որեւէ ապրանքի վրա մաքսատուրք, կամ եղած մաքսատուրքը վերացնի։ Այսինքն, ապրանքների եւ ծառայությունների շրջանառությունը Մաքսային միության անդամ երկրների միջեւ լիովին ազատ է։ Դա մոտավորապես այն է, ինչ հիմա կա Եվրամիության երկրներում։ Դրան հաջորդելու է Եվրասիական միությունը, որը ենթադրում է այլեւս բոլոր ոլորտներին վերաբերող օրենքների ներդաշնակեցում՝ սկսած պաշտպանությունից մինչեւ արտաքին քաղաքականություն։ Դա նաեւ ենթադրում է միասնական դրամական միջոց։ Այս դեպքում էլ սպասվող պատկերը կարելի է համեմատել ներկայիս Եվրամիության հետ։ Եվ ուրեմն, երեկ Սերժ Սարգսյանը, առանց որեւէ մեկիս կարծիքը հարցնելու, Մոսկվայում

Պուտինի հետ պայմանավորվեց, որ Հայաստանն այլեւս գնում է իր անկախությունը զիջելու ճանապարհով եւ այդ անկախությունը զիջելու է Եվրասիական միությանը։

… Առայժմ մի կողմ թողնենք արժեքային համակարգը եւ դիտարկենք այդ երկու միությունների տնտեսական «տարածքների» տարբերությունը։ Եվրամիության տարածքում է արտադրվում աշխարհի ամենաորակյալ արտադրանքը։ Միայն ԵՄ երկրներում կարող են արտադրվել «Մերսեդեսը», «Պեժոն», «Մազերատին»… :

Աշխարհի ամենալավ ինքնաթիռը՝ «Էյրբասը» արտադրվում է Եվրոպայում։

Աշխարհի ամենաարդյունավետ գյուղատնտեսությունը Եվրոպայում է եւ նրա հետ մրցում են միայն ամերիկացիները, կանադացիները եւ ճապոնացիները։ Աշխարհի ամենաորակյալ պողպատը արտադրվում է Եվրոպայում, ամենալավ ճանապարհները Եվրոպայում են։

Բնապահպանական ամենախիստ նորմերը գործում են Եվրոպայում..: Եվրամիության անդամ են աշխարհի տնտեսապես ամենազարգացած 7 երկրներից երեքը՝ Գերմանիան, Ֆրանսիան եւ Իտալիան։

Հիմա նայենք, թե ինչ տնտեսական տարածք է իրենից ներկայացնում ստեղծվելիք Եվրասիական միությունը։ Այստեղ արտադրված ամենա «պրադվինուտի» մեքենան «Լադա Կալինան» է, որը մեղմ ասած՝ լավ չի գնում։

Վերջին տարիներին արտադրված լավագույն ինքնաթիռը «Սուպերջեթն է», որն այնքան էլ լավ չի թռնում։

Եվրասիական միության նախաձեռնողը՝ Ռուսաստանը տարածքով աշխարհի ամենամեծ երկիրն է, բայց իր սննդամթերքի մեծագույն մասը ներկրում է, այդ թվում նաեւ Եվրոպայից…

Ամենամեծ ու բնական հանածոներով ամենահարուստ երկիրը լինելով, ՌԴ-ն մեկ շնչին հասնող եկամտով (նավթի ու գազի գործոնը չհաշված) նույնիսկ 100 երկրների շարքում չէ…:

Մի խոսքով, բանավիճելու հարց կա։ Բայց մի բան հստակ է՝ եթե Սերժ Սարգսյանին ավելի հոգեհարազատ է Եվրասիական միությունը, ապա նա հենց այսօր պետք է պաշտոնապես հրաժարվի իր ծառայողական «Մերսեդեսից» եւ վերցնի «Լադա Կալինա»։ Վերջին մոդելը, ասում են, մեկ-մեկ «խոդի է ընկնում» հենց առաջին փորձից։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30