Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը նստեց եվրոպական աթոռին՝ դեռ չնստած ռուսականին

Սեպտեմբեր 04,2013 10:46

Համատեղ հայտարարության տեքստն ու այն, ինչ բառացի ասել է Հայաստանի նախագահը, այնքան էլ չեն համընկնում` ի ցույց դնելով, որ համատեղ հայտարարության տեքստի վրա աշխատանքում ավելի շատ ճնշումներ են իրագործվել, քան դա երեւում է Հայաստանի նախագահի խոսքում: Մասնավորապես, Սերժ Սարգսյանի խոսքում Հայաստանի` Մաքսային միությանը միանալու ոչ թե որոշման մասին է խոսվում, այլ ցանկության:
«Մենք հանգամանալի քննարկում անցկացրինք նաեւ եվրասիական ինտեգրացիայի հարցերի վերաբերյալ, եւ ես հաստատեցի Հայաստանի ցանկությունը միանալու Մաքսային միությանը եւ ներգրավվելու Եվրասիական տնտեսական միության ձեւավորման գործընթացում», ասել է Սերժ Սարգսյանը, մինչդեռ համատեղ հայտարարությունը ստորագրելիս համաձայնել է, որ ինքը հայտարարել է Հայաստանի այդպիսի որոշման մասին:
Այդուհետեւ, սակայն, Սարգսյանը կարծես ուղղում է սեփական խոսքերը. «20 տարի առաջ Հայաստանը Ռուսաստանի եւ ԱՊՀ այլ երկրների հետ գործընկերությամբ ձեւավորեց իր ռազմական անվտանգության համակարգը Հավաքական անվտանգության պայմանագրի ձեւաչափում: Այս տասնամյակների ընթացքում համակարգն ապացուցել է իր կենսունակությունը եւ արդյունավետությունը: Այժմ ՀԱՊԿ-ի մեր գործընկերները ձեւավորում են տնտեսական փոխգործակցության նոր հարթակ: Ես քանիցս ասել եմ, որ գտնվելով ռազմական անվտանգության մի համակարգում, անհնար է եւ անարդյունավետ մեկուսանալ համապատասխան աշխարհատնտեսական տարածքից»:
Եվրոպան էլ է իր բաժին պարզաբանումը ստանում, որը, թե որքանով կբավարարի Եվրոմիությանը, դժվար թե երկար սպասելու խնդիր լինի: Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Սա ռացիոնալ որոշում է, այս որոշումը բխում է Հայաստանի ազգային շահերից: Այս որոշումը եվրոպական կառույցների հետ մեր երկխոսությունից հրաժարում չէ: Այս տարիների ընթացքում Հայաստանը, եվրոպական գործընկերների աջակցությամբ, անցկացրել է լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Եվ այսօրվա Հայաստանը, այս իմաստով, շատ ավելի արդյունավետ եւ մրցակցային պետություն է, քան տարիներ առաջ: Մենք մտադիր ենք եւ շարունակելու ենք բարեփոխումները»:
Իսկ այ եվրոպացիները մտադի՞ր են արդյոք շարունակել իրենց աջակցությունը հայաստանյան բարեփոխումներում` պիտի որ հստակեցվի, քանի որ նույն եվրոչինովնիկները քանիցս հայտարարել են, թե Հայաստանը երկու աթոռի վրա նստել չի կարող, ասել է թե չի կարող Եվրոմիության հետ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծել` անդամակցելով նաեւ Մաքսային միությանը: Չնայած սկզբում եվրոչինովնիկները բավականին կոշտ էին այս հարցը դնում, վերջին շրջանում հայտարարություններն առավել մեղմ էին` այն ձեւակերպումներով, թե Հայաստանին ոչ ոք չի ճնշում, եւ որ նա իրավունք ունի ինքնուրույն որոշելու իր ապագան:
Հայաստանյան պաշտոնյաներն էլ փորձում էին հանրությանը պարզաբանել, թե հնարավոր է չհրաժարվել Ռուսաստանի գրեթե պարտադրած միության մեջ ներգրավվելու հեռանկարից, միեւնույն ժամանակ, եվրոբարեփոխումներով առաջ ընթանալու տարբերակ ունենալ:
Ամեն դեպքում, ստացվել է մի իրավիճակ, երբ Հայաստանը նոյեմբերին Եվրոմիության հետ Ասոցիացման համաձայնագրի նախաստորագրումը չիրագործած` արդեն իսկ նստեց Ռուսաստանի առաջարկած աթոռին, եվրոպականը իբր առջեւում է, բայց… Եվ այն ժամանակ, երբ Եվրոմիության հետ բանակցությունները փաստացի ավարտված էին, Մաքսային միությանը միանալու որոշման կայացումից հետո նախ պետք է դիմել, ապա սկսել բավականին տեխնիկական բանակցությունները, որոնք, ստացվում է, առջեւում են, ընդ որում, այդ միությանը միանալու հարցում անհրաժեշտ է անդամ պետությունների համաձայնությունը:
Ամեն դեպքում, Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը հաստատապես խնդիրներ է առաջ բերելու եվրոպական ուղղությամբ, այն էլ` բավականին լուրջ: Որեւէ պարագայում պետք չէ ենթադրել, թե զգալի ներդրումներ արած ու եվրոպական ինտեգրման ուղղությամբ բարեփոխումների ողջ ընթացքին աջակից Եվրոմիությունն ուղղակի կհամաձայնի Հայաստանի այսպիսի դիրքորոշմանը, անգամ եթե հայ պաշտոնյաները բերեն աշխարհի բոլոր հիմնավոր ու անհիմն փաստարկները, այն պարզ պատճառաբանությամբ, որ բավականին երկար տեւած ու ավարտին հասցված Ասոցիացման համաձայնագրի բանակցություններին հատկացված ժամանակահատվածը, փաստացի, կդառնա վատնված: Իսկ պրագմատիկ Եվրոպայում հատկապես միջոցների վատնումը ոչ ընդունելի է, ոչ էլ հեշտությամբ ներելի:

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30