Azatutyun.am․ Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել Պուտինի առաջարկած Մաքսային միությանն ու ԵՄ Ասոցիացման համաձայնագրին. այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Եվրախորհդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը, ով նաև Եվրոպայի ամենահզոր քաղաքական ուժի`Եվրոպական ժողովդրական կուսակցության գործադիր մարմնի անդամ է:
«Ես շատ եմ ցավում այդ որոշման համար, քննարկել եմ այս հարցը Հայաստանի նախագահի հետ: Մենք գիտենք, որ Հայաստանի վրա ահռելի ճնշումներ են գործադրվել Ռուսաստանի կողմից` Ադրբեջանի և Ղարաբաղի շուրջ դժվար իրադրության հետ կապված, և որ այդ ճնշումները օգտագործվել են Հայաստանի նման փոքր պետությանը շանտաժի ենթարկելու և նման որոշումը կայացնելու համար: Ես շատ եմ ցավում, քանի որ իրավաբանորեն և որոշ այլ պայմանների պատճառով հնարավոր չէ լիարժեք անդամակցել և՛ Մաքսային միությանը, և՛ ԵՄ Ասոցիացման համաձայնագրին և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն»,- ասել է եվրոպացի բարձաստիճան պաշտոնյան:
«Ազատություն» ռադիոկայանը հետաքրքրվել է նաև, թե ինչպիսին կլինեն Հայաստան֊Եվրամիություն հարաբերությունները այսուհետ` նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարություններից ու Պուտինի նախաձեռնած Մաքսային Միությանը միանալու որոշումից հետո:
«Մեր հարաբերությունները կլինեն այնպիսին, ինչպիսին որ Եվրամիությունը ունի ցանկացած այլ երկրի հետ, բայց` առանց եվրոպական հեռանկարի»,- պատասխանել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը: Ընդ որում, Էլմար Բրոկը չի համաձայնել որոշ փորձագետների տեսակետին, թե պաշտոնական Երևանը ստիպված էր նման որոշում կայացնել, քանի որ Եվրամիությունը «դժվարին պահին միայնակ թողեց»:
Կարդացեք նաև
«Կարծում եմ` այդ պնդումները ընդամենը քարոզչական տարր են` նախատեսված ներքին լսարանի համար: Մենք պատրաստ էինք բանակցել համաձայնագրի շուրջ և առաջընթաց արձանագրել այս ուղղությամբ Վիլնյուսում, դա շատ հստակ էր: Կարծում եմ` պատճառը դա չէ: Պատճառը շանտաժն ու ճնշումներն էին, որ գործադրվեցին Ռուսաստանի կողմից», – նշել է նա:
«Ի՞նչ եք կարծում, հնարավորություն կա՞, որ Հայաստանը փոխի իր միտքը` Վիլնյուսյան գագաթնաժողովից առաջ, թե՞ սա արդեն վերջնական է»` հետաքրքրվել է Բրյուսելում աշխատող «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը:
«Հուսով եմ, որ կա հնարավորություն` դատելով մեր խոսակցություններից»,- ասել է եվրոպացի բարձաստիճան պաշտոնյան` մանրամասնելով. – «Վերջին տարիների ընթացքում ես մի քանի անգամ քննարկում եմ ունեցել Հայաստանի նախագահի հետ, և հիմա կարող եմ միայն ենթադրել, որ այստեղ ռուսական կողմի ճնշումն է դեր խաղացել: Շատ կարևոր է, որ ղարաբաղյան հարցը լուծվի, և Հայաստանի նման փոքր պետությունը լուծման տարբերակ գտնի Ադրբեջանի հետ, որպեսզի հաղթահարեն տարածաշրջանի խնդիրները: Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը շատ լավ վիճակում չեն, և անհրաժեշտ է լուծել այդ խնդիրը փոխզիջման տարբերակով: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, Եվրամիությունը պետք է
շատ ավելի մեծ հետաքրքրություն ունենա այս խնդիրը կարգավորելու հարցում»:
Հարցազրույցի ավարտին Եվրախորհրդարանի ազդեցիկ պաշտոնյան ևս մեկ անգամ բացառել է հնարավորությունը, որ Հայաստանը կարող է միաժամանակ անդամակցել և՛ Կրեմլի առաջարկած միությանը, և՛ ԵՄ Ասոցիացված համաձայնագրին ու ազատ առևտրի գոտուն:
«Դրանց միջև կան իրավաբանական հակասություններ, հնարավոր չէ կիսով չափ հղի լինել»,- եզրափակել է Եվրամիության ամենահզոր քաղաքական ուժի` Եվրոպական ժողովրդական կուսակցության տնօրենների խորհդրի անդամ Էլմար Բրոկը:
Հեղինե Բունիաթյան
Mr. EC FA Chairperson, You are making an error. It is not Russia’s pressure upon Armenia; It is Tovarish Putin’s pressure upon Ghachagh Sarksyan, who has no legitimacy in Armenia.