«Այս իշխանությունները ոչ մեկ անգամ են նման որոշում ընդունել: Հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ էլ այդպես արեցին: Քնեցինք-զարթնեցինք՝ տեսանք, ինչպես որոշեցին»,- Aravot.am-ի հետ զրույցում Սարգսյան-Պուտին հանդիպման արդյունքներն այսպես մեկնաբանեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով՝ «Մինչեւ այժմ եվրոպական պատվիրակության բարձրաստիճան այրերը, որ եղան այստեղ, այդ թվում նաեւ՝ դե ֆակտո նախագահը կեղծված ընտրություններից հետո գնաց Եվրոպա մի քանի անգամ, արժանացավ նաեւ ընդունելությանը, խոստանում էր, որ Ասոցացման համաձայնագիր են ստորագրելու: Հիմա եկավ, արդեն Ռուսաստան գնալուց հետո ասում է՝ Մաքսային միություն ենք մտնելու: Ես մի փոքր վերջնական գնահատական տալուց կխուսափեմ, որովհետեւ հնարավոր է մի փոքր ժամանակ անց եվրոպական այդ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումից հետո նորից հնչի նմանատիպ հայտարարություն, որ Ասոցացման համաձայնագիր ենք ստորագրելու: Կարծում եմ, դեռ ժամանակ ունենք եւ վերջնական խոսքը պարզ կլինի մոտ ապագայում: Ցանկացած պարագայում, եթե Մաքսային միություն ենք մտնելու, ապա ես կարծում եմ, մենք կունենանք կառավարման այն համակարգը, որ եղել է մինչեւ այժմ»:
Մեր հարցին՝ ի՞նչ պատասխան է տալու Սերժ Սարգսյանն իր այս հայտարարությունից հետո եվրոպական կառույցներին՝ նա պատասխանեց. «Պետք չի որեւէ պատասխան տա եվրոպական կառույցներին: Որ տարիներ շարունակ ընդդիմությունը զգուշացնում էր, որ առանց դեմոկրատական ընտրությունների ընտրված ղեկավարության, նման իշխանության հետ չի կարող առաջընթաց լինել՝ չէին հավատում: Եթե իսկապես սա հենց այդպես էլ լինի, մեր ասածները ճիշտ կլինեն: Նույնիսկ աչք փակելու շատ բաների վրա օգուտ չտվեց: Եվրոպացիներն իրենք պետք է հետեւություններ անեն»:
Սերժ Սարգսյանը խոսում էր «եւ-եւ»-ի մասին: Արմեն Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ «Այդ եւ-եւ-ը չէր էլ կարող ստացվել, որովհետեւ եվրոպական բարձրաստիճան անձինք, եւ ՌԴ-ի պաշտոնատար անձինք արդեն դրա մասին խոսել են, որ դա հնարավոր չէ տեխնիկապես: Դրանք տարբեր ռեժիմներ են, եւ այդ իրավիճակում այդ երկու ռեժիմները մի տարածքում՝ մի պետության մեջ համադրելն ուղղակի անհնարին էր: Տրամաբանական էր, որ երկու կողմերն էլ կամ-կամ էին առաջարկում: Հայկական կողմի փորձերը՝ հարցից խուսափել եւ նոր օրակարգ բերել՝ չէր ստացվի»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ՌԴ-ի կողմից սպասվող ճնշումներին, եթե Հայաստանը ստորագրեր ԵՄ Ասոցացման համաձայնագիրը՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ ինչպես Ուկրաինայի պարագայում, ճնշումներ կլինեին նաեւ Հայաստանի վրա, բայց այդ ճնշումները լինելու էին կարճաժամկետ. «Մենք թշնամանական որեւէ խնդիր կամ հարաբերություններ չունենք ՌԴ-ի հետ եւ դա երկարատեւ չէր կարող լինել: Տնտեսական գործոններով էլ ազդելով՝ այդքան մեծ ազդեցություն չէր կարող ունենալ: Առավելագույնը կարող էր գազի գինը բարձրանալ, բայց մենք այլընտրանք ունենք՝ իրանական գազը: Ցանկացած պարագայում, կարծում եմ, մենք այդ ճնշումներին կկարողանայինք դիմակայել»:
Մեր հարցին՝ Սերժ Սարգսյանի այս որոշումից հետո ընդդիմությունը բողոքի նոր ալիք չի՞ բարձրացնի, որովհետեւ երկրի ճակատագիրն է դրանից կախված, հետագա զարգացումը՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ դեռ վաղ է դրա մասին խոսել. «Դժվար է ասել, թե ընդդիմության տարբեր հատվածներ ինչպես է դրան վերաբերվում: Բայց, համենայնդեպս, Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո մենք կունենանք նույն կոռումպացված, փտած կառավարման համակարգը: Որեւէ փոփոխություն տեղի չի ունենա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Մեր միջից դեռ չի հանվել ստրուկի հոգեբանությունը: Նույնիսկ աֆրիկյան երկրների ժողովուրդներն են արդեն այն թոփափել: Դե ինչ, պատրաստվեք մի 30 տարի հետ գնալ, գուցէ դրան էլ արժանի ենք: Ալկաշների տիրապետության տակ’ մինի ալկաշական պրովինցիա: