Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ընդամենը շանտաժ է իմ, իմ կնոջ եւ իմ ընտանիքի նկատմամբ գումար կորզելու». Ազատ Խաչատրյան

Սեպտեմբեր 03,2013 18:14

«Ամբողջովին հերյուրանք է, թե աշակերտը տեսողությունը գրեթե կորցրել է ուսուցչի հարվածի արդյունքում: Մեղադրանքը, որ ներկայացրել են ծնողները շինծու է եւ իրականությանը չի համապատասխանում, ինչպես նաեւ չի համապատասխանում տեսողությունը կորցրած երեխայի մոր հայտարարությունը, թե մինչ իրենց գյուղ տեղափոխվելը Սուսաննա Գալոյանը աշխատել է հարեւան գյուղերից մեկի` Նորաբացի դպրոցում, սակայն տնօրենը նրան հեռացրել է մեկ այլ երեխայի ծեծելու համար»,-այս մասին այսօր «Ֆորում» մամուլի ակումբում ասաց Դարակերտի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Սուսաննա Գալոյանի ամուսին` Ազատ Խաչատրյանը` հավելելով, որ նախորդ աշխատավայրում ուսուցչուհին ազատվել է իր դիմումի համաձայն:

Հիշեցնենք, որ աղմուկը բարձրացավ այն ժամանակ, երբ տեղեկություն տարածվեց, թե Արարատի մարզի Դարակերտ գյուղի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհու հարվածի հետեւանքով 6-րդ դասարանի աշակերտը կորցրել է տեսողությունը 90 տոկոսով, եւ այն այլեւս ենթակա չէ բուժման:

Ուսուցչուհու ամուսինը հավաստիացնում է, որ գյուղում չկա մի բնակիչ, մի աշակերտ, մի ծնող, որ բողոքած լինի իր կնոջից: «Կինս 40 տարվա մանկավարժ է, բայց ոչ ուսուցչական կոլեկտիվը եւ ոչ էլ աշակերտները չեն ասի, որ Գալոյան Սուսաննան որեւիցե մեկին խփել է: Նման բան չի եղել, իմ կինը չի հարվածել այդ երեխային, որի մասին վկայել են թե ուսուցիչները, եւ թե աշակերտները»,-ընդգծեց նա` նշելով, որ եթե անգամ նման հարված լիներ երեխայի դեմքին, ապա այն անզեն աչքով տեսանելի կլիներ կապտուկի տեսքով, որը չեն տեսել այդ օրը հաջորդ դասաժամերը դասավանդած ուսուցիչները, երեխան մնացել է մինչեւ դասերի ավարտը, իսկ հաջորդ օրը կրկին գնացել է դասի:

Մանկավարժ Սուսաննա Գալոյանի փաստաբան Արմեն Օհանյանն էլ  ասաց, որ ասուլիս չէր հրավիրվի, եթե այսքան մեծ աղմուկ չբարձրանար եւ միջադեպն էլ միակողմանի չլուսաբանվեր: Վերջինիս փոխանցմամբ`բուժզննումն իրականացվել է հունիս ամսին, այն էլ ոչ այն պատճառով, որ երեխան դժգոհություններ է ունեցել տեսողության հետ կապված, այլ ըստ ծրագրի` ամբողջ դասարանի աշակերտներն են անցել այդ զննումը, որի ընթացքում պարզ է դարձել, որ այդ  դասարանում կան չորս երեխաներ, ովքեր տեսողության հետ կապված խնդիրներ ունեն` հավելելով, որ ապրումների հետեւանքով ուսուցչուհին այսօր գտնվում է հիվանդանոցում եւ ունի առողջական լուրջ խնդիրներ, իսկ թե հատկապես ինչ առողջական խնդիր ունի եւ որ հիվանդանոցում է պառկած` հրաժարվեց պատասխանից` պատճառաբանելով, թե վերջինիս հանգիստ է հարկավոր եւ հայտնելու դեպքում լրագրողները նրանից եւս կփորձեն պարզաբանումներ ստանալ:

Ուսուցչուհու ամուսինը համոզված է, որ այս ամենը սպառնալիք է իր ընտանիքի նկատմամբ. «Սա ընդամենը շանտաժ է իմ, իմ կնոջ եւ իմ ընտանիքի նկատմամբ գումար կորզելու: Երեխայի մայրը հոգեգալստական է, եւ կարծում եմ, որ այս գործընթացների հետեւում գտնվում են որոշ ուժեր, որոնք ուզում են պղտոր ջրում ձուկ բռնել»:

Ինչ վերաբերում է, թե Խաչատրյանը գնացել է տուժողի տուն եւ գումար առաջարկել, վերջինս հերքեց. «Ես իրենց տուն չեմ գնացել. դա հերյուրանք է: Մենք հանդիպել եւ զրուցել ենք դրսում, թե ինչու են այդպես աղմուկ-աղաղակ բարձրացրել եւ մարդկայնորեն առաջարկել եմ  իմ օգնությունը: Հայրը ինձանից գումար է ուզում իրենց լռելու դիմաց, որի մասին մինչեւ այսօր չեմ բարձրաձայնել: Ինչո՞ւ տամ, եթե գիտեմ, որ երեխայի տեսողության կորուստը կնոջս հարվածի հետեւանքով չի եղել»:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30