«Սա մարդու իրավունքների ոտնահարում է: Պարզապես հիմա կանայք ավելի հասանելի են, դժվար վիճակում են, աղքատ ու խոցելի խմբում, դրա համար հեշտ է լինում նրանց օգտագործելը»,-Aravot.am-ի դիտարկմանը, թե կանանց իրավունքների ոտնահարում չէ՞ այն, որ տարբեր գործիչներ որոշ կանանց օգտագործում են ակցիաներ իրականացնելու համար՝ այսպես պատասխանեց Կանանց ռեսուրսային կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանը:
Նա նկատեց, որ իրավունքների այդպիսի ոտնահարում տեղի է ունենում նաև տղամարդկանց նկատմամբ:
Անդրադառնալով կանանց ինքնագիտակցության բարձրացման խնդրին` տիկին Ահարոնյանը նշեց. «Այդ խնդիրը պետք է լուծվի տարբեր ոլորտներում, քանի որ մարդիկ իրոք վատ վիճակում են և այդ հանգամանքը օգտագործվում է նրանց հանդեպ: Այդ մարդիկ անմիջական հարց ունեն, հիմա օրվա հացի խնդիր ունեն ու ամենից շատ դրա վրա են կենտրոնանում: Գործատուները մեծ մասամբ տղամարդիկ են, ուստի այդ պատճառով ավելի շատ կանայք են օգտագործվում: Իսկ այն, որ նրանք օգտագործվում են տարբեր պաշտոնյաների կողմից, ես գնահատում եմ որպես մարդու իրավունքների խախտում: Սա որակում եմ որպես պաշտոնի չարաշահում, ինչով ոտնահարվում են թե մարդու աշխատանքային, թե անձնական իրավունքները»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Media Center/Մեդիա կենտրոն-ի