Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը Մոսկվայում պետք է այնպես անի, որ և ոչխարները ողջ մնան, և գայլերը կուշտ լինեն». քաղաքագետ

Սեպտեմբեր 03,2013 16:58

Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանին խնդրեց մեկնաբանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այսօր Մոսկվայում հանդիպման նպատակը: Մի՞թե այդքան ծանր զրույց է սպասվում մեր նախագահի համար, ինչպես կանխորոշում են քաղաքագետներն ու վերլուծաբանները:

«Ասեմ, որ ՀՀ նախագահի Ռուսաստանի Դաշնություն այցն ու Պուտինի հետ հանդիպումը շատ կարևոր է երկու երկրների համար, որպեսզի վերջնականապես հստակեցվի` որ երկիրը ումից ինչ պահանջ և ինչ ակնկալիքներ ունի: ՌԴ-ի համար այս պահի դրությամբ շատ կարևոր է , որպեսզի Հայաստանը դառնա Մաքսային միության անդամ և միևնույն ժամանակ որպես շարունակություն հետագայում ընդգրկվի Եվրասիական միության մեջ: ՌԴ նախագահի համար կոնկրետ սա է շատ կարևոր, որովհետև Վլադիմիր Պուտինը շատ նախանձով և քինախնդրությամբ է վերաբերվում Հայաստան-Եվրամիություն բանակցություններին, նոյեմբերին Վիլնյուսում ստորագրվելիք համաձայնագրին: Սա չի վերաբերվում միայն կոնկրետ Հայաստանին, այլ ԱՊՀ այլ երկրներին ևս , իսկ ավելի կոնկրետ նաև Ուկրաինային: Ուկրաինայի պարագայում մենք տեսանք, թե ինչ տնտեսական «պատժամիջոցներ» կիրառվեց, Հայաստանի պարագայում վիճակը մի քիչ այլ է, այստեղ Ռուսաստանը կարող է կիրառել տարբեր տեսակի պատժամիջոցներ, դիվանագիտական և հոգեբանական, երբ որ Վլադիմիր Պուտինը այցելեց Բաքու, կա տնտեսական պատժամիջոց. գազի գնի բարձրացումն է, նաև ռազմական պատժամիջոց, ինչպիսին Ադրբեջանին զենք վաճառելն է:

Սպասելիքները հետևյալն է, ինձ թվում է, որ Հայաստանի նախագահի կոմպլեմենտար քաղաքականությունը արդեն դուր չի գալիս մեր գլխավոր ստրատեգիական գործընկերոջը, ինչպիսին է Ռուսաստանի Դաշնությունը, և Պուտինը դա բացեիբաց ցույց է տալիս: Եվ այս բանակցությունները կարևոր են մեզ համար այնքանով, որ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է այնպես անի, որ և ոչխարները ողջ մնան, և գայլերը կուշտ լինեն: Այսինքն՝ մենք չպետք է հայտնվենք այն իրավիճակում, որ մեզանից շատ դժգոհ լինի Եվրամիությունը, ԱՄՆ-ն, և մենք չպետք է այնպես անենք, որ մեր հարաբերությունները մեր գլխավոր ռազմավարական գործընկերոջ` ՌԴ-ի հետ փչանան: Սա է այս պահին կարևոր Սերժ Սարգսյանի համար, այս հարցի շուրջ էլ հիմնականում կլինեն բանակցությունները: Անխոս, ինչպես բոլոր բանակցությունների ժամանակ, կքննարկվի նաև Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը, ինչպես նաև տնտեսական խնդիրները, որոնք միշտ երկու երկրների նախագահների ուշադրության կենտրոնում են », -ասաց մեր զրուցակիցը:

Քաղաքագետը նաև հավելեց, որ ՌԴ-ն Հայաստանի նկատմամբ պետք է կիրառի շատ զգույշ քաղաքականություն, որովհետև ծայրահեղությունից ծայրահեղություն անցումը կարող է հանգեցնել նրան, որ ՌԴ-ն ընդհանրապես կորցնի իր միակ գործընկերոջը Հարավային Կովկասում: «Պիտի շեշտեմ՝ միակ գործընկերոջը, որովհետև վերջին 20 տարիների ընթացքում Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում բավական թուլացել են և միևնույն ժամանակ որևիցե քայլ ձեռնարկելուց առաջ Մոսկվան պետք է լավ հասկանա, որ բոլոր քայլերը կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանի Հանրապետությունում սկսեն ՌԴ-ի քաղաքականությունը ընկալել որպես հակահայկական, որովհետև վերջին տարիներին բավական ընկել է Ռուսաստանի վարկանիշը հայ հասարակության մոտ »,-ասաց Գագիկ Համբարյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30