Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյանը պնդում է, որ Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների ակցիան ոչ ոք իրավունք չուներ կանխել

Սեպտեմբեր 03,2013 16:26

Իրավաբան Արտակ Զեյնալյանը գտնում է, որ Երեւանի քաղաքապետարանն ու ոստիկանները պարտավոր են ապահովել ցանկացած ակցիայի ընթացքը

«Զանգվածային կամ ոչ զանգվածային հրապարակային միջոցառումները, համաձայն կանխավարկածի, իրավաչափ են եւ արտոնում հասկացություն գոյություն չունի, ոչ ոք չի կարող արտոնել, ոչ ոքի դա տրված չէ, դա մարդուն ի վերուստ տրված իրավունք է եւ ազատություն է, մարդիկ ազատորեն իրացնում են հավաքների իրենց իրավունքը»,-Aravot.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով այն տեղեկությունը, որ նախօրեին Փակ շուկայի մոտ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների կազմակերպած ակցիան Երեւանի քաղաքապետարանի կողմից արտոնված չի եղել, ասաց իրավաբան Արտակ Զեյնալյանը:

Lragir.am-ի հետ զրույցում քաղաքապետարանից հայտնել էին, որ նշյալ ակցիայի մասին իրենց չեն իրազեկել:

Artak ZeynalyanԸստ պարոն Զեյնալյանի, տեղական ինքնակառավարման մարմինը չպիտի որոշում կայացնի թույլատրելու մասին, անկախ նրանից՝ դիմել են, թե չեն դիմել, դա իրավաչափ հրապարակային միջոցառում է եւ ոստիկանները պարտավոր են ապահովել դրա բնականոն ընթացքը. «Եթե անգամ դիմել են զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու համար, այսինքն` իրազեկել են, տեղյակ են պահել, ոչ թե դիմում են, որ սպասեն որոշման կամ մերժման: Այդ իրազեկումն արվում է նրա համար, որպեսզի, եթե քաղաքապետարանը մեկ այլ իրազեկում էլ ունի հրապարակային միջոցառման մասին, որը նույն օրը, նույն վայրում, նույն ժամին է, ապա նա ուղղակի հայտնում է, որ այսինչ օրը, այսինչ վայրում, այսինչ ժամին տեղի է ունենալու միջոցառում, որին սպասվում է այսքան մասնակից եւ ձեր միջոցառումը մեկը մյուսին կարող է խանգարել, ուստի առաջարկում են իրականացնել միջոցառումը մեկ այլ վայրում նույն ժամին, կամ նույն վայրում մեկ այլ ժամի, մեկ այլ օր: Այդ հրապարակային միջոցառման կազմակերպիչները կարող են ընդունել այդ առաջարկությունը, կարող են եւ չընդունել, եթե չընդունեցին, ոստիկանները պարտավոր են կանգնել այդ երկու հավաքների միջեւ, եթե դրանք իրար հակադիր հավաքներ են, որպեսզի երկուսն էլ իրացնեն իրենց իրավունքը, սա է բխում իրավունքի էությունից»:

Իրավաբան Զեյնալյանը պնդում է, որ ոստիկանները իրավասու չէին կանխելու այդ հրապարակային միջոցառումը եւ պարտավոր էին ապահովել ակցիայի ընթացքը, անկախ նրանից՝ իրազեկում եղե՞լ է, թե՞ ոչ. «Իրազեկման նպատակն այն է, որ տեղական ինքնակառավարման մարմինը կատարի իր պարտականությունները, հիմա բոլոր դեպքերում ոստիկանությունը տեղեկացել է, որ այդտեղ հրապարակային միջոցառում կա, ինչ պետք է դրա համար մի հատ էլ գրություն ուղարկեն, այդ ֆորմալիզմը համատեղելի չէ իրավական պետության հետ: Դրա նպատակն այն է, որ ապահովեն շտապօգնությունը, եթե ակցիան շատ մեծ է լինելու, զանգվածային լրատվության միջոցներով պետք է հայտնեն, որ այսինչ օրը, այսինչ ժամին, այդ վայրում կարող է լինել խցանում եւ մարդիկ շրջանցեն եւ չգնան ընկնեն խցանման մեջ, դրանք իրականացնելու համար է իրազեկումը: Իրազեկումը ձեւական բնույթ չի կրում` ոնց անեն մարդկանց թույլ չտան հրապարակային միջոցառումն իրականացնել, ո’չ, պետք է ամեն ինչ անեն, որ մարդիկ իրականացնեն այդ միջոցառումը»:

Tigran_Xzmalyan_30.08«Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը, պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում, որ ոստիկաններն ակտիվիստներին արգելում էին ակցիա իրականացնել, սակայն Սամվել Ալեքսանյանի կողմնակիցներին անարգել թույլ էին տալիս ցույց անել՝ ասաց. «Բիզնեսը սերտաճել է իշխանության հետ, սա ողբերգություն է երկրի համար: Ամբողջ ներքին քաղաքականությունը կոռումպացված է, որովհետեւ չկա հասարակության վերահսկողությունը, դա է պատճառը, որ պետությունը՝ հանձինս ոստիկանության, դատախազության, սկսել է ընկնել անհարմար եւ անհեթեթ վիճակի մեջ: Հասարակությունը պահանջում է այն, ինչ պետությունն էր պահանջում, բայց պահանջներից զատ պետությունը կորցրել է իր որոշումները եւ պահանջները ի կատար ածելու հնարավորությունը ու փաստորեն գործադիր եւ դատական իշխանությունների գործառույթն անցնում է հասարակության ձեռքը, որովհետեւ հասարակությունը ստիպված է պաշտպանվել, ինչպես` Կոմիտաս 5-ում»:

Տիգրան Խզմալյանի խոսքերով. «Մենք այնտեղ ուղղակի ինքնապաշտպանվում ենք, որովհետեւ անօրինականության դեմ մեզ չեն պաշտպանում, իսկ որոշ դեպքերում մենք անցնում ենք հարձակման` ինչպես օրինակ` Մաշտոցի պուրակում, ինչպես Փակ շուկայում, բոլոր դեպքերում պատճառը նույնն է, տեղի է ունենում անօրինականություն, բոլոր դեպքերում, ինչպես շուկայի դեպքում, պետությունը համաձայն է դրան, բայց այլեւս չի կարող վերահսկել սեփական համակարգ հանդիսացող, տվյալ դեպքում մեկ օլիգարխի: Դա քայքայում է պետականությունը: Այսինքն` մենք այստեղ կատարում ենք պետության դերը, եւ ոստիկանությունը, դատախազությունը ու ողջ կառավարությունը գտնվում են բավական անհեթեթ եւ պարադոքսալ վիճակում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30