Տնօրենի դուստրը բանասիրական կրթությամբ շախմատ է պարապում
Իջեւանցի մի խումբ ծնողներ պատվիրված ծրարով ուղարկված նամակում «Առավոտի» թղթակցին բողոքել են Իջեւանի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Ռոզա Խառատյանից:
Նամակում մասնավորապես նշված է. «Իջեւանի թիվ 4 դպրոցի տնօրեն Ռոզա Խառատյանը եւ նրա դուստր Ռուզաննա Բեկնազարյանը դպրոցը դարձրել են իրենց սեփականությունը, ում հետ ինչպես ուզում են՝ վերաբերվում են, տեղի-անտեղի, ստորացնելու աստիճան վիրավորում են թե ուսուցիչներին, թե տեխնիկական աշխատողներին, թե աշակերտներին: Ռուզաննան նույնիսկ ձեռք է բարձրացնում երեխաների վրա, իսկ մայրը փոխանակ նրա ձեռքը բռնելու, արգելելու, խրախուսում է աղջկան եւ արդարացնում նրա՝ մանկավարժին ոչ վայել արարքը: Դպրոցում հրաշալի ուսուցիչներ կան, որոնց սրտով չեն նրանց արարքները, սակայն նրանք էլ են վախենում բարձրաձայնել, որովհետեւ սպառնում է հեռացնել աշխատանքից … Եթե փորձեն նրան ասել, նա հայտարարում է, որ թիկունքին կանգնած է Սվետա Դավթյանը, որը աշխատում է մարզպետարանում: Տնօրենը հայտարարում է. «Քանի նա իմ թիկունքում է, ես պիտի աշխատեմ ու ինչ ուզենամ անեմ»: Իսկ երբ նրա մեջ ցանկություն է առաջանում որեւէ ուսուցչի հախից գալ, հեռացնել կամ անտեղի վարկաբեկել, սկսում է ծնողներին ու աշակերտներին սիրաշահել, ինչ-որ բաներ խոստանալ, որպեսզի նրանց միջոցով կատարի իր ցանկությունները, այսինքն՝ տվյալ ուսուցչին վարկաբեկի ու ինչպես ինքն է ասում՝ դուրս շպրտի դպրոցից»:
Նամակում առաջադրված մեղադրանքների վերաբերյալ մենք հեռախոսազրույց ունեցանք Իջեւանի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Ռոզա Խառատյանի հետ: Նա զարմանք արտահայտեց, անհիմն համարեց բոլոր մեղադրանքները: Նրան հարցրինք, թե իր աղջիկն ի՞նչ կրթություն ունի, եւ դպրոցում ի՞նչ է դասավանդում: Տիկին Ռոզան ասաց, որ իր դուստրը բանասիրական կրթություն ունի, դպրոցում շախմատ է դասավանդում, նաեւ 6-րդ դասարանի դասղեկն է:
Կարդացեք նաև
Ռ. Խառատյանն ասաց, որ Ռուզաննա Բեկնազարյանը փայլուն կերպով հանձնել է շախմատ դասավանդելու իրավունք ձեռք բերելու համար քննությունները:
Նրան հարցրինք, թե ինքը Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանի հետ ի՞նչ առնչություն ունի: Տնօրենն ասաց, որ 1979 թվականին միասին աշխատել են նույն դպրոցում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ