Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ աշխատակազմի ղեկավար. «Կայացած մտավորականը փողոցում չի քնում»

Սեպտեմբեր 03,2013 15:55

«Մենք դեմ ենք ուսման վարձերի անօրինական թանկացմանը» նախաձեռնող խմբի վերջերս տարածած հաղորդագրության մեջ անդրադարձ կար Երեւանի պետական համալսարանի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանին: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում էր, թե աշխատակազմի ղեկավարը ստանալով 150 000–200 000 դրամ աշխատավարձ, մեկ տարվա ընթացքում շքեղ առանձնատուն է կառուցել Դավթաշենում, գնել արդեն երկրորդ ավտոմեքենան՝ Mitsubishi մակնիշի, ԵՊՀ-ում ունի մի շարք բիզնեսներ՝ սուրճի ապարատներ, պատճենահանման կետեր եւ այլն:

Aravot.am-ը Ալիկ Ղարիբյանին խնդրեց մեկնաբանել «Մենք դեմ ենք ուսման վարձերի անօրինական թանկացմանը» նախաձեռնող խմբի հաղորդագրության մեջ իրեն վերագրվածը:

Պարոն Ղարիբյանը դա որակեց իբրեւ ուղղորդված տեղեկատվություն. «Չեմ կարծում, որ մտավորականը, ով փորձել է գիտության ասպարեզում շուրջ 10 տարի աշխատանք կատարել, կրթական գործընթացում կայանալ, պետք է փողոցում ապրի: Կոռեկտ չէ խոսել այն մասին, թե մարդը սեփական տուն է կառուցել իր համար, ընդ որում՝ այդ տունը գտնվում է Զովունի թաղամասում, որտեղ ճանապարհներն անբարեկարգ են: Հողամասը դեռ 10 տարի առաջ եմ ձեռք բերել՝ ընտանիքիս օգնությամբ: Հայրս եւ եղբայրս շինարար են, իրենք էլ օգնել եւ կառուցել են այդ բնակարանը:

Այնպես որ, տգեղ է, երբ մարդիկ խոսում են ուրիշի ունեցվածքի մասին ու միայն հերյուրանքներ են տարածում: Նշեմ, որ այդ թաղամասում տրանսպորտի խնդիր կա, ու եթե ոմանց թվում է, թե պետք է բացատրություն տամ, թե ինչու ոչ թե ոտքով, այլ մեքենայով եմ գնում տուն, սխալվում են:

Ես բոլոր բացատրությունները տալիս եմ իմ բարոյական նկարագրով: Երկար տարիներ աշխատել եմ, դիմորդների հետ եմ պարապել, տարիներ շարունակ չեմ հանգստացել ու այդ գումարները ծախսելու նպատակահարմար շատ տեղեր եմ տեսնում՝ ինչպես տուն կառուցելը, ընտանիք ստեղծելը, բարոյական նկարագիր ունենալը: Բարոյական նկարագրի շրջանակներում մտնում է այն, որ կայացած մարդը գոնե պետք է բնակարան ունենա եւ ոչ թե փողոցում քնի: Եթե շատերին թվում է, թե մտավորականը պետք է աղքատ լինի, վատ հագնված եւ իր մասին չմտածի, դա շատ վատ կարծիք է, պետք է վաղուց այդ կոմպլեքսներից ազատվել:

Ինչ վերաբերում է այդ ամենը համալսարանական բիզնես-գաղափարի հետ կապելուն, ասեմ, որ համալսարանում բիզնես չկա, որեւէ մեկը չի կարող բիզնես ունենալ, առկա են բազմաթիվ փաստաթղթեր: Դրանցում հստակ արտացոլված է, որ համալսարանում ընդամենը որոշակի ծառայություններ են իրականացվում, որոնց գումարները ուղղվում են պետական բյուջե, պայմանագրերն էլ առկա են»:

Ալիկ Ղարիբյանը հավելեց, որ ընդամենը տարիուկես է աշխատում որպես աշխատակազմի ղեկավար, ու տունն ավելի վաղ է կառուցել:

Ինչ վերաբերում է երկրորդ մեքենա գնելուն, նրա հավաստմամբ, նախորդը եղբոր մեքենան էր, իսկ նոր մեքենան ձեռք է բերել ու վարելու իրավունք ունի: «Առնվազն տգեղ է, երբ մարդիկ չարացած մրոտում են ուրիշներին եւ վատաբանում: Համալսարանում բիզնեսներ ունենալու խոսակցությունները թիրախային գալիս են որոշ տեղերից. ես իմ աշխատանքի ընթացքում ստիպել եմ, որ համալսարանում գործող պատճենահանման ծառայություն մատուցող ընկերությունը 15 դրամից իջեցնի 10 դրամի, այժմ էլ աշխատում եմ, որ համալսարան նորմալ սնունդ մատակարարվի, ու այդ ծառայությունն իրականացնողների հետ որոշակի խնդիրներ կան: Այդ ամենը անձնավորելը հենց անձնավորողի խնդիրն է, ես կարծում եմ՝ մեր ուսանողությունն արժանի է լավ ծառայություններ ստանալու»,-ասաց ԵՊՀ աշխատակազմի ղեկավարը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30