Amerikayidzayn.comՄիավորված ազգերի կազմակերպության փախստականների գծով գործակալությունը կոչ է արել միջազգային հանրությանը ուշադրություն դարձնել Սիրիայից մարդկանց «ողբալի արտահոսքին»:
Այս երկրում չդադարող քաղաքացիական պատերազմի պատճառով արդեն 2 միլիոնից ավելի մարդ ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը:
Սիրիայից փախստականների թիվը մեկ տարի առաջ կազմում էր 231 հազար մարդ:
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշի կողմից երեքշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ ստեղծված իրավիճակը գնահատվել է որպես «նորագույն պատմության մեջ չտեսնված հումանիտար ամոթալի աղետ»:
Կարդացեք նաև
Սիրիայից փախստականների հիմնական մասն ուղևորվում է հարևան երկրներ, ներառյալ Հորդանան, Լիբանան, Թուրքիա և Իրաք: Այս պետությունների կառավարությունները ստիպված են եղել հաղթահարել հարյուր հազարավոր կարիքավորների ներհոսքի հետ կապված դժվարությունները:
ՄԱԿ-ի համաձայն, Սիրիայից փախստականները շատ անգամ լքում են երկիրը՝ իրենց հետ տանելով միայն իրենց հագուստը, իսկ փախստականների կեսը երեխաներ են: Կազմակերպությունը դիմել է միջազգային հանրությանը՝ օգնություն ստանալու խնդրանքով, սակայն երեքշաբթի օրը տեղեկացրել է, որ ստացել է փախստականների հիմնական կարիքները հոգալու համար անհրաժեշտ միջոցների ընդամենը 47 տոկոսը:
Սիրիայում ներքին տեղահանված մարդկանց թիվն այժմ կազմում է շուրջ 4,25 միլիոն: Այսպիսով, Սիրիայում չդադարող հակամարտությունը ստիպել է երկրի բնակիչների գրեթե մեկ քառորդին լքել իրենց տները:
Ճգնաժամը, որը 2011 թվականի մարտին սկսվել էր նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ ուղղված ապստամբությունից, հետագայում վերածվել է քաղաքացիական պատերազմի, որին զոհ արդեն գնացել է ավելի քան 100 հազար մարդ: