Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի` այդ գեոքաղաքական ուժային կենտրոններից որեւէ մեկին միանալը կողմերի համար շատ բարձր գին ունի»

Սեպտեմբեր 03,2013 14:25

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի կարծիքով՝ եթե Արցախի անկախության ճանաչման հարցը դրական լուծում չի ստանում, ապա պետք չէ շտապել ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրման կամ Մաքսային միությանն անդամակցելու հարցում:

– Պարոն Հակոբյան, չնայած Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի տեքստը դեռեւս չի հրապարակվել, այնուհանդերձ՝ համաձայնագրի նախաստորագրման շուրջ արդեն իսկ բուռն քննարկումներ են սկսվել: Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք:

– Քանի դեռ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տեքստը չի հրապարակվել, չեմ կարծում, որ վերջնական դիրքորոշում արտահայտելը ճիշտ է: Հայաստանը կանգնած է չափազանց պատասխանատու ընտրության առջեւ. մի կողմից՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման պահն է, մյուս կողմից՝ Մաքսային միությանը միանալու հարցը: Իհարկե, երկուսի դեպքում էլ ակնհայտ է տնտեսական բաղադրիչը, բայց այդ երկու փաստաթղթերն էլ միաժամանակ  քաղաքական բացառիկ նշանակություն ունեն, եւ երկու կողմերն էլ լավագույնս գիտակցում են դա: Արեւմուտքը հասկանում է, որ եվրոպական կառույցներին Հայաստանի ինտեգրմամբ լուծվում է կարեւորագույն հարց՝ էապես թուլանում է Ռուսաստանի Դաշնության թե տնտեսական, թե քաղաքական ազդեցությունն այս տարածաշրջանում: Ի վերջո, Հայաստանն է դիտվում ՌԴ-ի հիմնական դաշնակիցը Հարավային Կովկասում: Իսկ Վրաստանի ու Ադրբեջանի հարցերը շատ ավելի հեշտ կլուծվեն ապագայում՝ նկատի ունենալով այդ երկու երկրների ոչ այնքան բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի հետ: ՌԴ-ն էլ է գիտակցում, որ իր հիմնական դաշնակցի ինտեգրումը արեւմտյան կառույցներին էականորեն թուլացնելու է իր ազդեցությունն Անդրկովկասում՝ նույնպես նկատի ունենալով իր եւ Վրաստանի ու Ադրբեջանի միջեւ ոչ հարթ հարաբերությունները: Հետեւաբար Հայաստանի՝ այդ աշխարհաքաղաքական ուժային կենտրոններից որեւէ մեկին միանալը կողմերի համար շատ բարձր գին ունի:

– Այս պարագայում, Ձեր կարծիքով՝ ի՞նչ առաջնահերթություններով պետք է առաջնորդվի Հայաստանը ընտրության հարցում:

– Տեսեք, Եվրամիության երկրների մեծ մասը ճանաչել է Կոսովոյի անկախությունը, իսկ Արցախի նկատմամբ նրանց դիրքորոշումը հիմնականում ադրբեջանամետ է: Եվ դա այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպես վարչատարածքային անկախ միավոր, շատ ավելի կայացած է, քան Կոսովոն: Անժխտելի է, որ երկակի ստանդարտն ակնհայտ է: Նույն պատկերն է ՌԴ-ի դեպքում. Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը՝ հստակ իմանալով հանդերձ, որ ԼՂՀ-ն, որպես անկախ պետական միավոր, բոլոր առումներով չի զիջում այդ երկու հանրապետություններին, եթե չասեմ՝ առավել է:

Կարծում եմ՝ մեզ համար կարեւոր կողմնորոշիչ պետք է լինի, թե ո՞վ է պատրաստ ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը:

– Իսկ հակառակ դեպքո՞ւմ…

– Տեղյակ չեմ, թե մեր ներկայացուցիչներն արդյոք այս հարցը քննարկե՞լ են բանակցությունների ընթացքում, թե՞ ոչ, բայց կարծում եմ, որ ԼՂՀ-ի անկախության ճանաչման հարցը իր քաղաքական կշռով համարժեք է այդ ստորագրություններին:

Եթե այս հարցը դրական լուծում չի ստանում, կարծում եմ՝ պետք չէ շտապել որեւէ ստորագրության հարցում:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30