Լրահոս
Օրվա լրահոսը

Կարապետի աշունը

Սեպտեմբեր 03,2013 14:05

Շատերը չեն հասկանում կյանքի հմայքը: Ու ես հասկանում եմ նրանց, ովքեր չեն հասկանում կյանքի հմայքը:  Որովհետեւ ես էլ եմ անցումային շրջանից… Կեղծված ընտրությունների սերնդից:

Էդ սերնդի ներկայացուցիչներին թվում է, թե իրենց կյանքն էլ է անցումային՝ ուր որ է հանրապետականներին կփոխարինեն հրեշտակներն ու երկուշաբթի օրվանից նոր վերնաշապիկով նոր կյանք կսկսվի: Բայց չի սկսվում ու ստիպված հին վերնաշապիկը լվանում, արդուկում ես ու դրանով էլ մնում ես հին կյանքում:

Իսկ նա, ով գիտի, որ իսկական կյանքը հենց սա է, ծովից ծով վայելում է այդ կյանքը: Դե եթե դու՝ անցումայինդ, անտեր ես թողել կյանքին, իհարկե, ինչ-որ մեկը կգտնվի, որը տեր կկանգնի նրան:

Իմ միակ հույսը աշունն է: Դավթաշենից 8 համարի չինական ավտոբուսը նստում եմ ու գնում եմ աշուն: Սիրածս տեղերից մեկն է՝ Փարիզի նման:  Դուք եղե՞լ եք Փարիզում: Տարօրինակ քաղաք է՝ Տրոկադերոյի հրապարակից մի քիչ շեղվում ես՝ խանութներում նույն գինին երկու անգամ ավելի էժան, նեղլիկ փողոցներում շների կեղտը թափած, բայց պատուհանիցդ նայում ես դիմացի շենքում կիսատկլորները բացեիբաց համբուրվում են… Իսկական աշուն: Մեկ-մեկ մտածում եմ՝ եթե Փարիզում ծնված լինեի, երկարապարանոց աշնանային կանանց կնկարեի եւ ազգանունս կլիներ Մոդուլյանի…

Աշունը մենք բոլորս ազգովի սիրում ենք՝ անկախ կուսակցական պատկանելությունից: Որովհետեւ աշունը գազի գնի նման փոփոխական է: Ինչը չի կարելի ասել, օրինակ, ձմռան կամ ամռան մասին… Տարվա այդ երկու եղանակները մի տեսակ միապաղաղ են՝ ողջ ձմռան ընթացքում ինչ ենք անում՝ միայն Ամանոր ու Սուրբ Ծնունդ ենք նշում,  մեկ էլ քաղաքապետին հայհոյում ենք, որ փողոցներն ու մայթերը չի մաքրում, ամռանն էլ ամբողջ օրը Քոբուլեթի, Ուռեկի, մեկ-մեկ Ծաղկաձորի գրողների տուն, «Կապուտակ Սեւան» ու էլի քաղաքապետին հայհոյել, որ տրանսպորտի գներն է փորձում բարձրացնել:

Իհարկե, կասեք՝ բա գարունը… Ճիշտ է, գարունն էլ է երիտասարդ ու թեթեւամիտ փարիզուհու նման փոփոխական… Բայց դա հենց ջահելական փոփոխականություն է՝ կարծես դպրոցն ավարտես, ավարտական երեկոյի ժամանակ դասընկերուհուդ վերջնականապես սիրահարվես ու այդպես սիրահարված ընդունվես պոլիտեխնիկ, որտեղ վարձերը բարձրացրել են… Հետո էլ գնաս կառավարական շենքի մոտ՝ Աշոտյանին անիմաստ պիկետես… Համաձայնեք, մի տեսակ անլուրջ է գարունը:

Իսկ աշունը լուրջ եղանակ է: Հիմնավոր, ես կասեի՝ նույնիսկ ազգային ավանդապաշտական: Հայտնի գրողը հո իզուր չի վերնագրել իր վեպը՝ «Կարապետի աշունը»…

Կարապետը ես եմ ու սա իմ աշունն է… Այ դու, օրինակ, ճղճղված ջինսերով սիրունիկ աղջիկ, ինչ գործ ունես իմ սեպտեմբերում: Ամբողջ գարունը՝ մարտից մինչեւ մայիս ես ձեզ, ջահելներիդ եմ նվիրել, փետրվարն էլ կարող եմ ձրի ավելացնել:

Սեպտեմբերը չեմ տա՝ Մաշտոցի պողոտայի հաստաբուն ծառերից նոր պոկված տերեւներ, որոնք ոտնակոխ անելով, հետեւներից գնալով, ամաչելով, համարձակության համար մի հատ էլ «Սալյուտ» ծխելով, ընկերուհուն դժվարությամբ հասկացնելով, որ… մի խոսքով, գնա իր համար «Էսկիմո» առնի,  մի կերպ մոտեցա ու ասացի… Ինքն էլ գլուխը կախ ասաց ու հասկացա…

Մի րոպե… «Պարոն գնդապետ, ավագ սերժանտ Կարապետ Կարապետյանը շարունակում է պարեկություն իրականացնել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային օպերային թատրոնի տարածքին հարող Հովհաննես Թումանյանի արձանի մոտակայքում… Ճիշտ այդպես, պարոն գնդապետ, լսում եմ ձեր կարգադրությունը՝ շարունակել ծառայությունը…»:

Հա, ինչ էի ասում…

Կներեք, ձեր բախտը չբերեց՝ ուզում էի ռոմանտիկ սիրուս պատմությունը պատմել, թե ինչպես դպրոցական պայուսակս Թաթուլի մոտ թողեցի, համարձակության համար մի հատ «Սալյուտ» ծխեցի, գնացի հետեւներից, մոտեցա, ընկերուհուն խնդրեցի, որ… մի խոսքով, գնա «Էսկիմո» առնի իր համար, հետո մոտեցա, ասացի, ինքն էլ ասաց ու հասկացա… Բայց քանի որ իմ կողմից հարգված ու սիրված պարոն գնդապետը ընդհատեց, էլ չեմ պատմի, թե ինչպես պատահեց, որ Ջուլիետան ի վերջո ամուսնացավ ոչ թե Ռոմեոյի, այլ եվրոպացի բարձրաստիճան մի պաշտոնյայի հետ:

Իսկ իմ սիրո օբյեկտը դարձավ աշունը:

Ամեն  տարի նույնն է կրկնվում՝ ընդդիմադիրները ամռանը նիցաներում հանգստանում են, սեպտեմբերի մեկին երեխաներին տանում են դպրոց, իսկ իրենք գալիս են այստեղ՝ իմ սիրած բանաստեղծի արձանի մոտ ու սկսում սրտիցս բխող խոսքեր ասել…

Չեմ հասկանում՝ ինչու են նրանց ելույթներն այդքան անարդյունավետ: Սեպտեմբերի մեկին բոլորն ասում են, որ թեժ աշուն է սպասվում, ես էլ թեժ աշուններ շատ եմ սիրում, որովհետեւ մտածում եմ՝ միգուցե մի թեժ աշնան հետեւանքով էլ նախկին շեֆս՝ Վանոն հետ կգա, իմ կողմից հարգված ու սիրված գնդապետին «Նուբարաշեն» կուղարկի ու ինձ կնշանակի այդ տեղում, որովհետեւ ես էլ արդեն, ճիշտն ասած, հոգնել եմ Ազատության հրապարակի տատիներից՝ «Հողեմ գլուխդ» լսելուց եւ ուզում եմ հարգված ու սիրված գնդապետ, լավ, թեկուզ փոխգնդապետ լինել…

Ու քիչ է մնում այդ բազմաբղետ ու անարդյունավետ ընդդիմադիրների ձեռքից խոսափողը խլեմ ու ինքս շատ կոնկրետ բաներ ասեմ իմ կողմից սիրված ու հարգված գնդապետի ազգանվեր կոռուպցիոն գործունեության մասին: Որովհետեւ ես գիտեմ, իրենք չգիտեն…

Բայց բոլոր դեպքերում սեպտեմբերի այս թախծոտ ու մելամաղձոտ սկիզբը շատ եմ սիրում…

Մի րոպե… «Լսում եմ, պարոն գնդապետ… Այո, հանրահավաքը սկսվել է, դե լիքն են, բայց ինչպես կարգադրել էիք, կասեմ լրագրողներին, որ ընդամենը 1500 հոգի կա… Չէ, ձեր մասին այսօր չեն խոսում, ավելի բարձր մարդկանց մասին… Չէ, չէ, փեսայի մասին չէ, ավելի բարձր… Դե ինչպես ասեմ՝ պարզապես անհարկի բացասական բնորոշումներ են հնչեցնում վարչապետի հասցեին, որոնք ոչ մի կերպ չեն համապատասխանում միջազգային մի շարք հեղինակավոր կառույցների, այդ թվում նաեւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի վերջերս հրապարակած գնահատականներին: Մեղմ ասած: Պարոն գնդապետ, դե կգամ՝ ավելի կոնկրետ  կասեմ, թե որքանով չեն համապատասխանում: Հեռախոսով դժվար է»:

Չթողեց կյանքիս ամենառոմանտիկ պատմությունը պատմեմ, որը տեղի է ունեցել հենց այստեղ՝ Մաշտոցի պողոտայի հաստաբուն ծառերի տակ: Ինչպես ասում են հայաստանցի բարեպաշտ տղամարդիկ՝ Կարմիր լապտերների փողոցում փողով սեր հայցող հոլանդացի կանանց՝ Մեյբի լեյթեր… Միգուցե ավելի ուշ…

Ավելի ուշ երբեք ոչինչ չի լինում…

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30