Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարտակերտից բռնագաղթվածի հարցը վարչական դատարանում է

Սեպտեմբեր 03,2013 14:03

Ամալյա Գալուստյանը հայցադիմում է ներկայացրել Հայաստանի վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության: Ամալյան 1992 թվականին  4 անչափահաս երեխաների հետ բռնագաղթվել է Մարտակերտից եւ որպես բռնագաղթված անձ՝ դիմել է համապատասխան պետական լիազոր մարմին ու ստացել Մոլդովական 70/1 հասցեում գտնվող շենքի 627, 628 սենյակները: Վարչական դատարան դիմելու հայցի հիմքում ընկած է այն, որ  ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը չի ցանկանում Ամալյայի հետ կնքել նվիրատվության պայմանագիր: Վարչությունը դա բացատրում է նրանով, որ Ամալյայի 4 երեխաները այժմ նրա հետ չեն բնակվում եւ գտնվում են անհայտ բացակայողների ցուցակում: Պատճառաբանում են, որ այժմ Ամալյան միայնակ է բնակվում: Այդ մասով կայացած նախնական դատական նիստի ժամանակ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության կողմից որպես պատասխանող անձ Թամարա Մուրադյանն ասաց. «Ամալյայի հետ նվիրատվության պայմանագիր կնքելու մերժման հիմքում ընկած է այն, որ նրա ընտանիքի 4 անդամը համարվել են անհայտ բացակայողներ: Համապատասխան մարմինը նիստ է կայացրել եւ որոշում ընդունել նրան տրամադրված 168 ուղեգրի մասով: Այդ ուղեգիրը մասնակիորեն չեղյալ է համարվել, որով էլ Ամալյային տրամադրված 627, 628 սենյակներից միայն մեկը՝ համար 627-ը, խնդրվել է վերադարձնել վարչությանը, քանի որ մեկ անձին չի տրամադրվում երկու սենյակ»: Ուղեգրի նշանակությունը  նրանում է, որ դա հիմք է տվյալ անձին սենյակ տրամադրելու համար: Նշյալ 168 ուղեգիրը տրվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից: Ամալյան պարտաճանաչ կատարել է բոլոր կոմունալ վճարումները: Պարտք բացարձակ չի ունեցել: Նրա մոտ են գտնվում այն տեղեկանքները, որով երեւում է, որ նա պարտք չունի եւ վերջին անգամ նույնիսկ վերահաշվառվել է 2012 թվականին: Հատկանշական հանգամանք է՝ Ամալյա Գալուստյանը նվիրատվության պայմանագիր կնքելու խնդրանքով  դիմել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը, որտեղից իրեն հայտնել են, որ պետք է բերի տեղեկանք այն մասին, որ նա վերջին 5 տարում բնակվել է այդ սենյակներում: Գրություն է ուղարկվել «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մուրադ Մեժլումյանին, որն էլ իր հերթին բարձրացրել է Ամալյայի՝ միայնակ բնակվելու հարցը: Հատկանշական է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունն Ամալյայի սենյակները նվիրատվություն անելուն  մերժել էր ոչ թե նրա համար, որ բացակայում էին վերջին 5 տարում այդ սենյակներում բնակվելու մասին տեղեկանքները (այդ տեղեկանքները, որ Ամալյան վերջին 5 տարում եղել է 627 եւ 628 սենյակներում բնակվող անձ՝ ներկայացվել է ինչպես ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը, այդպես էլ՝ դատարանին), այլ նրա համար, որ ՄՊԾ-ն գրություն էր ուղարկել սենյակը հանձնելու վերաբերյալ: Ի դեպ, հանրակացարանը գտնվում է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռում, որի սեփականատերն էլ համարվում են իրենք, սակայն «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի տնօրինությունն իրեն իրավունք է վերապահել եւ  ետ է պահանջում Ամալյայի մեկ սենյակը, երբ հանրակացարանն իրենց սեփականությունը չէ: Հանրակացարանային բնակելի տարածքները նվիրվում են համապատասխան տարածքում 5 տարվանից ավելի տեղում հաշվառված եւ փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք վերջին 5 տարվա ընթացքում չեն ունեցել սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույք: Ամալյան ներկայացրել է բոլոր տեղեկանքները, որտեղ հստակ գրառված է, որ նա  2005 թվականից բնակվում է այդտեղ: Փաստացի՝ ոչ թե 5, այլ 8 տարի է, որ նա բնակվում է այդտեղ: Հայցվոր Ամալյա Գալուստյանի՝ դատարանում որպես ներկայացուցիչ Աշխեն Եսայանը հարց ուղղեց պատասխանող կողմին, թե ի՞նչ հիմքով են նրանք դիմել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը՝ նվիրատվության պայմանագիր կնքելու համար, այն դեպքում, երբ հանրակացարանը գտնվում է ոչ թե ՄՊԾ-ի, այլ հենց ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռում, պատասխանող կողմ Թամարա Մուրադյանն ասաց. «Այն հիմքով, որ 168 ուղեգիրը տրամադրվել է ՄՊԾ-ի կողմից եւ այն, որ Ամալյան այդ սենյակներում միայնակ է բնակվում»: Աշխեն Եսայանը հղում կատարեց Սահմանադրության 5-րդ հոդվածին եւ ասաց, որ. «Դուք՝ որպես պետական մարմին, միայն իրավունք ունեք կատարելու այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված եք օրենքով: Ո՞ր օրենքն է սահմանում, որ անձը միայնակ չի կարող բնակվել երկու սենյակում»: Այդ հարցին հարցով պատասխանեց Թամարա Մուրադյանը. «Իսկ ո՞ր օրենքն է սահմանում, որ անձը կարող է միայնակ բնակվել երկու սենյակում»: Այդտեղ դատավորը շտապեց նկատողություն անել պատասխանող կողմ Թամարային. «Պատասխանող, ապացուցման բեռը դուք եք կրում, դրա բեռը մի դրեք հայցվորի վրա»: Աշխենը  ներկայացրեց փաստացի ապացույց, որ ՄՊԾ-ն 305 որոշման հետ ոչ մի ընդհանուր առնչություն չի կարող ունենալ: Դա գրությամբ հաստատել էր հենց Միգրացիոն պետական ծառայությունը:

Նշենք, որ Ամալյայի՝ 627 սենյակը ետ վերադարձնելու պահանջով հայցադիմում է ներկայացրել նաեւ «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի տնօրինությունը՝ Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որի մասին կանդրադառնանք «Առավոտի» հրապարակումներում:

Ամալյա Գալուստյանի՝ նվիրատվություն կնքելու պահանջով հայցի հաջորդ քննության օր է նշանակվել 2013 թվականի նոյեմբերի 27-ը:

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը՝ որպես պետական մարմին, պարտավոր է առաջնորդվել օրենքով սահմանված լիազորություններով: Միայն քաղաքացին կարող է կատարել այն ամենը, ինչ արգելված չէ օրենքով:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30