Լրահոս
Օրվա լրահոսը

Ժուռնալիստիկայի ֆակուլտետում տղաների թիվը եռապատկվել է

Սեպտեմբեր 03,2013 13:58

Այս ուսումնական տարում Երեւանի պետական համալսարանում կսովորի 3414 առաջին կուրսեցի, որոնցից 408-ը՝ անվճար, 3006-ը՝ վճարովի համակարգով:

Երեկ՝ նոր ուսումնական տարվա առաջին օրը «Առավոտը»  զրուցեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի հետ:

Պարոն Մարտիրոսյանն ասաց, որ այս տարի 76 ուսանող է ընդունվել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, ու դիմորդների թիվը նույնքան մեծ է եղել, ինչպես նախորդ տարի, բայց բացառիկ էր մի իրողությամբ՝ տղաների թիվը  եռապատկվել է: Այս տարի 15 տղա է ընդունվել ժուռնալիստիկայի ֆակուլտետ:  «Վերջին մի քանի տարում նման բան չի եղել: Սա նշանակում է, որ լրագրություն մասնագիտության հանդեպ էլ է մեծանում տղաների հետաքրքրությունը: Ուրախալի է այն հանգամանքը, որ դիմորդների վաստակած միավորները համեմատելիս տեսնում ես, որ տղաները նույնպես բարձր միավորներով են ընդունվել»,-փաստեց պարոն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ առաջին կուրսեցիների հանդիպման ժամանակ շեշտել է, որ ժուռնալիստիկան այն մասնագիտությունն է, որն անընդհատ ենթադրում է նորություն ու նորարարություն: «Կրթական ոլորտում միշտ նորի որոնումը մեր ֆակուլտետի թիվ մեկ անելիքն է, որովհետեւ մեդիադաշտն  անընդհատ զարգանում է, ու մեդիադաշտին պետք է անընդհատ համաքայլ գնալ, հակառակ պարագայում, այն շրջանավարտը, որը ավարտում է ժուռնալիստիկայի ֆակուլտետը, մրցունակ չի կարող լինել: Բարեբախտաբար, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտներն ամենուր են, բոլոր  առաջատար լրատվամիջոցներում: Նրանք անդրադառնում են տարբեր ոլորտների ու թեմաների եւ տվյալ ոլորտի լավագույն մասնագետներից են: Մեր շրջանավարտները իրենց ԶԼՄ-ներում անդրադառնում են սոցիալական, քաղաքական, մշակութային, կրթական, միջազգային, տնտեսական եւ այլ խնդիրների: Այսինքն՝ ֆակուլտետն ավարտում են մարդիկ, որոնք այս կամ այն ոլորտում ասելիք եւ անելիք ունեն»,- կարծում է դեկանը: Նա համոզված է՝ «Խնդիրը լուծելի կլինի, եթե մագիստրատուրայում շարունակենք մասնագիտացումների հարցը լուծել: Մենք ունենք PR  մագիստրոսական ծրագիր, այսինքն՝ լրագրողական կրթու

թյուն ստացած մարդը կարող  է մասնագիտանալ PR ոլորտում, ընդհանուր մասնագիտական կրթություն ստացած մարդը միջազգային եւ քաղաքական ժուռնալիստիկա մագիստրոսական ծրագրով մասնագիտանում է այդ ոլորտում…»: Նաղաշ Մարտիրոսյանի ձեւակերպմամբ, հաջողության հասնելու թիվ մեկ պայմանը լավ ուսուցիչ ունենալն է. «Մենք անվերջ որոնում ենք դաշտում նրանց, ովքեր բացի լավ լրագրող լինելուց, կարող են նաեւ լավ ուսուցիչ լինել: Գաղտնիք չէ, հաճախ  պայծառ լրագրողը որպես մանկավարժ քննություն չի բռնում եւ դիցուք, մեկ տարի դասախոսելուց հետո հրաժարվում է այս մտքից: Եվ բակալավրիատում եւ մագիստրատուրայում մենք աշխատում ենք ներգրավել ԶԼՄ-ների (հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների, օրաթերթերի, առցանց ԶԼՄ-ների) առաջատար աշխատակիցներին, հրավիրում ենք վարելու վարպետության դասընթացները»:

Մեր զրուցակիցը կարեւորեց նաեւ մասնագիտական քննությունների անցկացումը, որոնցով արդեն երրորդ տարին է՝ ընտրում են ժուռնալիստիկայի ֆակուլտետի դիմորդներին: Ինչ վերաբերում  է «Բանավոր հաղորդակցման մշակույթ»  քննությանը, ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանի խոսքով, քննական հանձնաժողովը, որի կազմում սովորաբար լինում են  տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, քննության ժամանակ փորձում է ճշտել՝  ժուռնալիստ դառնալու ցանկություն ունեցող մարդը իրազե՞կ է  լրատվադաշտին, տեղյա՞կ է՝ ուր է գալիս, հետեւո՞ւմ է լրահոսին, թե՞ ընդամենը ցանկություն ունի  ընտրել գայթակղիչ  ու հայտնի դառնալու մասնագիտությունը:

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30