Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Կարգալուծության որոշում կայացվում է ծայրահեղ դեպքերում»

Սեպտեմբեր 03,2013 13:56

Հայտարարում է Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը

– Սրբազան հայր,  հոգեւորականներին կարգալույծ հռչակելու դեպքե՞րն են հաճախացել, թե՞ դրանց լուսաբանումները:

– Անդրադառնալով ձեր հարցին, ի սկզբանե հաստատում կատարենք, որ դրանց թիվը չի շատացել: Երեույթը մշտապես եղել է եկեղեցում: Սա մի հարց է, որ բազմիցս է լուսաբանվել եւ hանգամանալից, մանրակրկիտ կերպով ներկայացվել հանրությանը: Հաջս հետաքրքրասերների, որոնք փորձում են յուր օրակարգային հարցերը լուծել խնդրի շահարկմամբ, հավելեմ միայն, որ կարգալույծության որոշում են կայացնում միայն ամենածայրահեղ դեպքերում` հոգեւորականին առիթ տալով մտորելու, անդրադառնալու եւ խորհելու իր որոշման ու հետեւանքների մասին: Ընդհակառակը, կոչումների եւ ձեռնադրությունների թիվն ավելի շատ է: Մեծ թվով հոգեւորականներ են ձեռնադրվում: Կուսակրոն հոգեւորականների մեծ մասը Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ կրթություն է ստանում արտերկրում: Միայն վերջին տասնչորս տարիներին շուրջ յոթ տասնյակի չափ հոգեւորականներ ուսանել են Հռոմում, Լոնդոնում, Փարիզում, Աթենքում, Սալամանկայում, Մադրիդում, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի տարբեր համալսարաններում: Այս հնարավորությունից օգտվում են նաեւ սարկավագներն ու քահանաները: Արտերկրում կրթություն ստացած եւ վերապատրաստված հոգեւորականներն այսօր իրենց ամբողջանվեր ծառայությունն են բերում ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում: Մայր Աթոռի հովանու ներքո գործում են մի շարք կրթական հաստատություններ, որոնք տալիս են անվճար բարձրագույն աստվածաբանական կրթություն եւ զինված են ուսանողին բարձրորակ կրթությամբ ապահովելու լավագույն պայմաններով:

– Փաստերը ցույց են տալիս, որ կարգալույծների մեծ մասը կուսակրոն հոգեւորականներ են: Արդյոք կուսակրոնության երեւույթը գործո՞ւմ է ժամանակակից աշխարհում: Խնդրում եմ մանրամասնեք միաբանական կյանքի եւ կուսակրոնի նրբությունները: Ի՞նչ դժվարությունների կարող է բախվել հոգեւորականը:

-Նախ եւ առաջ նշենք, որ կուսակրոնությունը եկեղեցու կարեւորագույն ինստիտուտներից է: Կուսակրոն հոգեւորականների ուսերին է հենված եկեղեցու առաջնորդությունը եւ ոչ միայն քարոզելու, ուսուցանելու, այլեւ այս ամենն իրագործելու համար միջոցներ հայթայթելու եւ նպաստավոր պայմաններ ստեղծելու պատասխանատվությունը: Ավանդական բոլոր եկեղեցիներում` Ուղղափառ, Արեւելյան Ուղղափառ եւ Կաթոլիկ եկեղեցում գործում է այս ինստիտուտը, ընդ որում, եթե Ուղղափառ եւ Արեւելյան Ուղղափառ եկեղեցիներում կա ամուսնացյալ քահանայություն, ապա Կաթոլիկ եկեղեցում համատարած կուսակրոնություն է: Քրիստոնեության մեջ այս ինստիտուտը Նոր Կտակարանյան արմատներ ունի: Պողոս առաքյալը Կորնթացիներին ուղղված իր առաջին նամակում գրում է. «Սակայն ամուրիներին եւ այրիներին ասում եմ. լաւ է նրանց համար, եթէ մնան այնպէս, ինչպէս ես եմ։ Իսկ եթէ ժուժկալութիւն չունեն, թող ամուսնանան. որովհետեւ լաւ է ամուսնանալ, քան կրքով այրուել» (Ա Կորնթ. 7:8-9): Անձը հոգեւոր ծառայության այս ուղին է ընտրում կամավոր որոշմամբ եւ առանց որեւէ պարտադրանքի: Մինչեւ Եկեղեցական աստիճան ստանալն անցնում է հոգեւոր պատրաստության լուրջ փորձաշրջան: Հայ եկեղեցում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Իջման Սուրբ սեղանի առջեւ ուխտ կնքելով իր կյանքը բոլորանվեր ընծայաբերելու եկեղեցուն, հնազանդ լինելու իր առաջնորդի` հոգեւոր պետի, Ամենայն հայոց կաթողիկոսի հրահանգներին, հավատարիմ լինելու իրեն վստահված պաշտոններին, հետեւելու իր ինքնազարգացմանը, զբաղվելու գիտական գործունեությամբ, չշեղվելու ճշմարիտ վարդապետությունից, սրբությամբ պահելու եւ պահպանելու եկեղեցու նվիրագործած դարավոր ավանդությունները: Չեմ կարող ժխտել, որ միջնադարում ձեւավորված ու պատմությամբ սրբագործված այս ինստիտուտը լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած ոչ միայն Հայ իրականության մեջ, այլեւ ողջ աշխարհում: Կան բազմաթիվ սոցիալ-մշակութային, ներքին եւ արտաքին գործոններ, որ ազդում են: Սակայն առաջին հերթին խնդիրը բարոյահոգեբանական է: Երբ մարդու մոտ արտաքին ճնշումների ու հետաքրքրությունների արդյունքում տկարանում է առաքելության գիտակցությունը, անձը հայտնվում է ներքին բախման ու հուսալքման վիճակում: Միայն մեկ հաստատում կկատարեմ, որ նաեւ բնորոշ է որեւէ ասպարեզի. երբ անձը մոռանում է իր առաքելության նպատակն ու վեհությունը, իր կյանքը չի սնում նոր գաղափարներով եւ դրանք կյանքի կոչելու տեսիլքով, նաեւ դադարում է պայքարել դրանց իրագործման համար, դատապարտված է ձախողման:

– «Առավոտը» քանիցս Բելգիայի Անտվերպեն քաղաքի եկեղեցու հետ կապված ահազանգեր է ստացել: Նման մտահոգություններից է այն, որ, օրինակ, Կարո սարկավագը իրեն թույլ է տալիս մկրտություն եւ պսակ անել, ինչը վերապահված չէ սարկավագներին: Խնդրում եմ՝ մեկնաբանեք նման դեպքերը եւ ասեք, թե վերջին շրջանում Մայր Աթոռը «դրսից»  հատկապես ինչ տեսակ դժգոհություններ է ստանում:

– Չկա որեւէ հարց, որին չարձագանքեն եկեղեցում, չուսումնասիրեն եւ լուծումներ չտան: Եթե Բելգիայի Անտվերպեն քաղաքում սարկավագը խորհուրդներ է կատարում, ինչպես դուք եք նշում, պսակադրություն, մկրտություն, եւ կան մտահոգ անձինք, ապա առաջինը պետք է դիմեն առաջնորդին՝ փաստերով եւ օրինակներով, խնդրին լուծում չտալու դեպքում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Իհարկե, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին բազմաթիվ հարց- նամակներ են գալիս: Ինքս ծանոթ եմ միջեկեղեցական եւ միջկրոնական բնույթի, բիոէթիկայի եւ արդիական այլ խնդիրներին առնչվող հարցերին: Մենք ունենք Միջեկեղեցական-աստվածաբանական խորհուրդ, որ մանրակրկիտ ուսումնասիրում է այս հարցերը:

Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30