Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանը լռեցրեց գերմանական լրատվամիջոցներին

Սեպտեմբեր 03,2013 13:54

Սեպտեմբերի 6-ին կայանալիք Չեխիա-Հայաստան հանդիպումից առաջ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանը Ֆրանկֆուրտում կայացած արտագնա հանդիպումում երկու գոլ խփեց «Այնտրախտի» դարպասը եւ ոչ միայն հաղթանակ պարգեւեց Դորտմունդի «Բորուսիային» ու գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի թիմին դուրս բերեց Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական, այլեւ բացեց գոլերի հաշվարկը Գերմանիայի առաջնությունում:

Մխիթարյանը նաեւ գործով պատասխանեց գերմանական որոշ լրատվամիջոցների, որոնք գրում էին, թե հայաստանցի ֆուտբոլիստը Ուկրաինայի առաջնությունում գոլեր հեղինակելով` գերազանցել է ռմբարկուական ռեկորդները, սակայն կասկածում էին, թե նա կարող է աչքի ընկնել նաեւ Գերմանիայի առաջնությունում: Եվ Մխիթարյանը, որ խոստացել էր ամեն բան հնարավորին չափ արագ կարգավորել, ցույց տվեց, որ ինքը վնասվածքից հետո եթե լավագույն մարզավիճակում չէ, ապա արդեն մոտ է դրան:

Մխիթարյանի հնարավորություններին կասկածողներին յուրովի պատասխանել է «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, որը ֆուտբոլիստի դուբլից հետո լրատվամիջոցներին, մասնավորապես, հայտարարել է. «Հիմա շատերը հասկացան, թե ինչի համար ձեռք բերեցինք Հենրիխ Մխիթարյանին»: Մասնագետը նաեւ ավելացրել է. «Մենք «Այնտրախտի» դարպասը գրավելու լավ հնարավորություններ ստեղծեցինք: Այդուհանդերձ, մրցակիցն առաջին խաղակեսում օրինաչափորեն հավասարեցրեց հաշիվը, քանի որ մենք այդ դրվագում լավագույն ձեւով չգործեցինք: Երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ երկրորդ խաղակեսում տրվեցին ամբողջովին: Իսկ Հենրիխ Մխիթարյանը հիանալի գոլ խփեց»:

Ինքը` Հենրիխ Մխիթարյանը, խաղից հետո չի թաքցրել ուրախությունը: «Ես «Բորուսիայում» ինձ գերազանց եմ զգում: Շատ ուրախ էի պաշտոնական խաղում իմ նոր թիմում խփած առաջին գոլի համար: Բայց ավելի ուրախացա, երբ երկրորդ գոլն էլ խփեցի: Հանդիպումն ընդհանուր առմամբ հեշտ չստացվեց: Բայց մենք դեռ կարող ենք մեր խաղն ավելի կատարելագործել»,- հայտարարել է ֆուտբոլիստը հանդիպումից հետո:

Ի դեպ, ԶԼՄ-ները գրում են նաեւ, որ Կլոպն ու Մխիթարյանը գրազ եկած են եղել ու մարզիչը պարտվել է: Եվ դա խոստովանել է ինքը` Յուրգեն Կլոպը: «Ես նրան պարտվել եմ գրազով: Ես Հենրիխին ասում էի, որ եթե 30 փորձից հետո 7 գոլ չխփի, ինձ 50 եվրո է վճարելու: Հիմա նա մեր կազմում արդեն 7 գոլի հեղինակ է դարձել եւ խաղից հետո ինձ խնդրել է վճարել իր շահած գումարը»,- կատակել է մասնագետը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30