Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գրքի գովազդը տպաքանակից թանկ է

Սեպտեմբեր 03,2013 13:51

Ոչ ոք  չի հերքի այն, որ Հայաստանում մեծ հաշվով գրքի գովազդի վրա կարծես «տաբու» է դրված: Շրջանառվում է այն միտքը, թե TV-ներն ու ռադիոընկերությունները, գովազդային գործակալությունները շահագրգիռ չեն գովազդել գիրքը՝ որպես ապրանք, հավանաբար չունենալով համապատասխան մշակույթ կամ բիզնես պատկերացումներ գրքի մասին: Մտաբերում ենք միայն ժամանակին Վահրամ Մարտիրոսյանի «Սողանքը» եւ Վահրամ Սահակյանի գրքերի գովազդը:

Այս կապակցությամբ «Անտարես» մեդիա -հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, թե գրքի ոլորտը այն քիչ բնագավառներից մեկն է, որն անտեսված է թե մեր հասարակության եւ թե պետության կողմից՝ սկսած օրենսդիրից, վերջացրած գործադիրով: «Գիրքը մեր հանրության համար ունի, մեղմ ասած՝ ոչ առաջնային նշանակություն: Խոսքը վերաբերում է թե էլեկտրոնային գրքին, թե «կենդանի»… Ինչպե՞ս գովազդել գիրքը, եթե գովազդն արժե մի քանի անգամ թանկ, քան հեղինակային հոնորարն ու գրքի տպագրության արժեքը միասին վերցրած: Մենք հաշվարկ էինք արել, որ եթե Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» 20 րոպե գովազդեինք TV-ով, ապա գրքի արժեքը պետք է 5000-ից դառնար 21000 դրամ: Այսինքն՝ գիրքը այն բնագավառն է, որ չի արդարացնում գովազդի համար ծախսված միջոցները»,- հայտնեց պարոն Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է Վահրամ Մարտիրոսյանի եւ Վահրամ Սահակյանի գրքերի գովազդին, մեր զրուցակիցը համոզված է, որ նրանք լինելով TV ոլորտի մարդիկ կամ այդ բնագավառում ունենալով  մտերիմներ, հավանաբար գովազդներն արվել են անվճար, հակառակ դեպքում՝ միայն մեկ գրքի գովազդը շուկայականով  մոտ 10 անգամ ավելի թանկ է, քան ողջ տպաքանակի արժեքը:

Արմեն Մարտիրոսյանը համոզված է նաեւ, որ գրքի գովազդի գործում գլխավոր դերակատարը պետք է հանդիսանա պետությունը: «Եթե պետությունը շահագրգռված է մտավոր եւ հոգեւոր արժեքների տարածմամբ, ապա կառաջարկեի, որ պետությունը սուբսիդավորեր գրքի գովազդը: Կամ, ասենք, եթե որեւէ հրատարակչություն 500.000 դրամի գովազդ է տեղադրում TV-ում, ապա պետությունը նույն չափով արտոնություն տա տվյալ հրատարակչությանը: Նշեմ, որ «Անտարեսը» վերջին շրջանում 8-9 գրքի գովազդ է պատվիրել»,- հայտնեց պարոն Մարտիրոսյանը: Նա հավելեց, որ չի հավակնում, թե իր առաջարկն ամենաէֆեկտիվն է: Ռեպլիկին, թե ինչո՞ւ միայն պետության վրա դնել գիրք գովազդելու առաքելությունը, պարոն Մարտիրոսյանն ասաց. «Որովհետեւ քաղաքակիրթ աշխարհում գիտությունը, կրթությունը, մշակույթը, հոգեւորը հենց պետական հոգածության ոլորտներ են, պետությունն է շահագրգիռ գիտելիքամետ հասարակություն ունենալ: Մի առիթով էլ վարչապետն ասաց, թե ամենամեծ խնդիրներից մեկը գիտելիքի պակասն է: Եթե ժամանակին խոսքը գործ դառնար, ապա այսօր չէինք ունենա նման իրավիճակ: Բայց եթե գոնե այսօր մտածենք այդ ուղղությամբ, մի տասը տարի հետո այս խնդիրը լուծված կլինի»:

Հարցին, թե ինչու հրատարակչական պետական գործակալությունը չի զբաղվում գրքի գովազդով, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ այս հարցն իրենց պարտականությունների մեջ է մտնում, բայց կարծում եմ՝ լավ կլիներ, որ հիշյալ խնդիրը գտնվեր նաեւ գործակալության ուշադրության կենտրոնում: Սակայն փաստ է, որ գրքի ոլորտի ոչ մի մասնակից (պետություն, գրախանութ, գրադարան, քաղաքապետարան, հրատարակչություն) չի զբաղվում դրանո»:

Հիշեցնելով Երեւանի փողոցների վահանակներում տեղ գտած գրքի հատուկենտ գովազդների մասին, Արմեն Մարտիրոսյանը հայտնեց, թե դրանք «Անտարեսի» կողմից հրատարակված գրքերն են եւ «Գիրք կարդալը նորաձեւ է», «Գիրք կարդալը կենսափորձ է» հայտագրերով գերնպատակ ունեն մեզանում ձեւավորել գիրք կարդալու ապրելակերպ:

«Առավոտը» գրքի գովազդի հարցով կապվեց Գրքի եւ հրատարակչական կենտրոնի տնօրեն Էդվարդ Միլիտոնյանի հետ: «Մեր ՊՈԱԿ-ը գրքի գավազդի հետ ինչ հնարավոր է, իրականացնում է՝ վճարովի եւ անվճար: Նախաձեռնում եւ անցկացնում ենք գրքի շնորհանդեսներ, առանձին ներկայացնում այս կամ այն գրողին եւ այլն: Ինչ վերաբերում է TV-ով գովազդին, ՊՈԱԿ-ը նման հնարավորություն չունի»,- փոխանցեց պարոն Միլիտոնյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30