Ցանկացած երկրում իշխանություն-մամուլ հարաբերությունների մեջ որոշ լարվածություն կա։ Իշխանությունները չեն սիրում մամուլը, եւ դա բնական է՝ այլ կերպ չի կարող լինել։ Իշխանությունների կողմից սիրված տպագրական կամ էլեկտրոնային միջոցները, ըստ էության, մամուլ չեն, այլ պարզապես պաշտոնական որոշումների, լուրերի եւ տեսակետների տեղեկագրեր, որոնք, իհարկե, իրենց տեղն ունեն հասարակական կյանքում։ Մնացածը մամուլ է, որը, կրկնում եմ, անկախ իր ուղղվածությունից եւ մակարդակից՝ նյարդայնացնում է իշխանավորներին։ Պարզապես դեմոկրատական հասարակարգում պաշտոնյաները կարողանում են տիրապետել սեփական նյարդերին՝ հասկանալով, որ մամուլն, այնուամենայնիվ, անհրաժեշտ է։ Ամբողջատիրական ռեժիմի ժամանակ մամուլն արգելված է, արտոնված են միայն պաշտոնական տեղեկագրերը։ Միջանկյալ փուլում գտնվող երկրներում ձեռնարկվում են միջանկյալ միջոցառումներ։
Կարելի է, իհարկե, առանց երկմտելու փակել եւ արգելել բոլոր թերթերը։ Բայց այդ դեպքում գլխացավանքը շատ է. դեմոկրատական դեսպանները սկսում են բողոքել, մտահոգություն հայտնել, զեկույցներ ուղարկել եւ այլն։ Դրանից էլ, բնականաբար, ոչինչ չի փոխվում, բայց ժողովրդավարության մեծ ուսուցիչների այդ ձեւական շարժումները որոշակի անհանգստություն են պատճառում։ Ուստի մշակված է ավելի կատարյալ ձեւ. վարչական եղանակով մամուլի միջոցը հանձնել ուրիշին, որն, ի դեպ, արագորեն տապալում է իրեն վերեւից հանձնարարված գործը։ Առաջին անգամ այդ մեթոդը կիրառվեց «A1» անկախ հեռուստաստուդիայի հանդեպ, որի իմիջի ձեւավորմանը մասնակցել է նաեւ տողերիս հեղինակը։ Վարչական ձեռնածությամբ ստուդիան օտարվեց «A1»-ի անունը ստեղծած կոլեկտիվից։
Հաջորդը «Լրագիրն» էր։ Այդ թերթը ժողովրդականություն էր ձեռք բերել Հայկազն Ղահրիյանի եւ նրա ընկերների ջանքերով։ Նորից ինչ-որ պաշտոնյայի փխրուն նյարդերը չդիմացան, թերթը փոխանցվեց ուրիշներին, եւ «Լրագիր» անվան տակ սկսեցին աշխատել միանգամայն այլ մարդիկ։ (Ի դեպ, եթե նրանք միջոցներ եւ տաղանդ ունեին օրաթերթ լույս ընծայելու, ապա ինչո՞ւ իրենց նոր թերթը չկոչեցին որեւէ այլ անունով)։ Բարեբախտաբար, «իսկական» «Լրագրի» ստեղծագործական կազմը կարողացավ շարունակել աշխատանքը՝ հրապարակելով «Լրագիր օրը»։
Հիմա էլ՝ «Ազգը», որն, անշուշտ, Հայաստանի ամենահեղինակավոր թերթերից մեկը դարձավ Հակոբ Ավետիքյանի, Համլետ Գասպարյանի, Հակոբ Ասատրյանի եւ այլ շնորհալի լրագրողների համառ աշխատանքով։ Ուզո՞ւմ է ՌԱԿ Կենտրոնական վարչությունը Հայաստանում թերթ ունենալ, շատ լավ, թող 10 հատ ունենա, եթե դա արտոնված է օրենքով։ Բայց ինչո՞ւ «Ազգ» անունով, որը չի պատկանում ոչ մի կուսակցության, այլ նախեւառաջ ընթերցողի սեփականությունն է։ Եվ դեռ հարց է՝ կհաջողվի՞ պրն Ավետիքյանին «Ազգ օր» կամ «Ազգ X» թերթ հրատարակել։
Կարդացեք նաև
Ճիշտն ասած, այս պատմության մեջ ինձ ամենեւին չեն հետաքրքրում ոչ ՌԱԿ-ը, ոչ էլ ՀՌԱԿ-ը։ Թող ներեն ինձ բոլոր կուսակցությունները, նրանց կրքերն ու վեճերը կողքից բավականին մանր են երեւում։ Կարեւորը «Ազգ» թերթի ճակատագիրն է՝ թերթ, որը հինգուկես տարվա ընթացքում իր բարձր պրոֆեսիոնալիզմով եւ հիմնականում սթափ ու հավասարակշռված կեցվածքով նպաստում էր քաղաքական կուլտուրայի ձեւավորմանը՝ փորձելով քաղաքակիրթ բնույթ հաղորդել մեր հասարակական կյանքին։
…Իսկ նյարդային իշխանավորներին շտապում եմ հայտնել. «Ազգը» եւ բոլոր մնացած թերթերը ոչ մի քաղաքական ուժի, ոչ մի պաշտոնյայի համար չնչին իսկ սպառնալիք չեն ներկայացնում եւ չեն խանգարում։ Իսկ հասարակությանը օգնում են։
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
24.04.1996