«Ես բանավեճի մեջ չեմ մտնում որեւէ անձի հետ, որի հետ չունեմ ընդհանուր եզր գաղափարախոսության մեջ»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց Հայաստանի առաջին մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Նկատենք, որ այսօր «Հայելի» ակումբի հյուրերը պետք է բանավիճեին Փակ շուկայի խնդրի եւ նախագահ Սարգսյանի մոսկովյան այցի շուրջ:
Տիկին Ալավերդյանն ասաց, որ իր համար դա սկզբունքի հարց է եւ դեռ երկու տարի առաջ է ինքը հայտարարել այդ մասին:
Բանախոսները համաձայնության եկան ոչ թե բանավիճելու, այլ սեփական տեսակետները հրապարակելու:
Կարդացեք նաև
Լարիսա Ալավերդյանը նախագահ Սարգսյանի մոսկովյան այցը կանխորոշված եւ իրավիճակով պարտադրված է համարում: Նա չի մտնում կամ-կամ վեճի մեջ, համոզված է, որ իր աշխարհաքաղաքական դիրքի շնորհիվ Հայաստանը ճակատագրական պահերին այլ դերակատարում է ստանձնում. «Հայաստանին մնում է բարձր քաղաքական ճկունություն դրսեւորել: Ինչքանո՞վ մեր քաղաքական էլիտան դրան պատրաստ: Անցյալը վկայում է, որ բոլորովին պատրաստ չէ»:
Մոսկովյան հանդիպումից նա կտրուկ փոփոխություններ չի ակնկալում, ասում է, որ աշխատանքային հանդիպում է, որի խնդիրը երես առ երես պարզաբանումներն են: Լարիսա Ալավերդյանն այդ հանդիպումը չի կապում ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման հետ, քանի որ դա տասնյակ տարիների խնդիր է եւ Եվրոպան ինքն էլ կասեցնում է իր հարաբերությունների ընդլայնումը: Կարծում է, որ Սարգսյան-Պուտին հանդիպումը Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում մանրամասների եւ մանրուքների շուրջ է լինելու:
«Ես այնքան ուրախացա, որ Պուտինը գնացել է Բաքու»,- ասաց բանախոսը`հիշեցնելով, որ Հայաստանը եւ Ռուսաստանն անկախ պետություններ են եւ բնավ էլ պետք չէ քայլերը պայմանավորել միմյանցով: Իսկ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին վաճառված զենքը համարում է ազդակ հայերին`«Զգուշացեք եւ տնավարի մակարդակից վերացեք»:
ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ զերծ մնալով կանխատեսումներից՝ կարծիք հայտնեց, որ նախագահների հանդիպման ժամանակ կքննարկվի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հարցը: Ու որպես ռազմավարական գործընկերներ, ՀՀԿ-ական պատգամավորը բնական է համարում, որ ՀՀ-ի եւ ՌԴ-ի նախագահները քննարկեն Հայաստանի`ԵՄ-ի հետ մերձեցման հարցերը: Իսկ ԵՄ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումն, ըստ նրա՝ ոչ իրավական, ոչ էլ քաղաքական հետեւանք չի ունենալու, միայն նախաստորագրումից հետո է սկսվելու ինտեգրման երկարատեւ գործընթացը:
ՀՀԿ-ական պատգամավորը ենթատեքստեր չի տեսնում նրանում, որ Պուտինն ինքը գնաց Բաքու, ապա Սարգսյանը`Մոսկվա: Մինչդեռ Լարիսա Ալավերդյանը համարում է, որ հենց այդպիսի դրվագներից են ընկալումները դրսեւորվում եւ դրանք շատ հաճախ մոտ են լինում իրականությանը: Ասել է, թե`Հայաստանն ավելի կախված է իրեն համարում ՌԴ-ից, քան Ադրբեջանը: Ընդհանրապես, ՀՀ արտաքին քաղաքականությունը նա համարում է ոչ հայակենտրոն:
Բանախոսները չբացառեցին, որ նախագահները քննարկեն նաեւ ՌԴ-ում ներգաղթյալների նկատմամբ քաղաքականության խստացումները: Սուքիաս Ավետիսյանն այն կարծիքին չէ, որ հայերը ՌԴ-ում իրենց լավ չեն զգում կամ, որ դա հատուկ հայերի դեմ է արվում, հավաստում է, որ եթե փաստաթղթերը նորմալ են, որեւէ խնդիր չի առաջանում:’
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ