Լրահոս
Օրվա լրահոսը

Գնաճը Հայաստանում օգոստոսին հասել է 9,3 տոկոսի

Սեպտեմբեր 03,2013 10:48

Ամենամեծ գնաճը ծառայությունների ոլորտում

2013-ի օգոստոսին 2012-ի օգոստոսի նկատմամբ գնաճը կազմել է 9,3 տոկոս: Այս ցուցանիշն է հրապարակել ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացնելով սպառողական գների ինդեքսը: Այսինքն, գնաճը Հայաստանում դուրս է եկել ԿԲ մատնանշած 4 տոկոս գումարած-հանած 1,5 տոկոս նպատակային միջակայքից եւ գրեթե կրկնակի գերազանցում է այդ ցուցանիշը: Միաժամանակ, 2013-ի օգոստոսին հուլիսի համեմատ գները չնչին աճ են ունեցել` 0,3 տոկոսով, 2012-ի դեկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 3,5 տոկոս, իսկ 2013-ի հունվար-օգոստոսին 2012-ի հունվար-օգոստոսի համեմատ գնաճը կազմել է 5,3 տոկոս:
Միայն պարենային ապրանքների գները 2013-ի օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ աճել են 9,6 տոկոսով, իսկ այս տարվա հուլիսի նկատմամբ նվազել են 1,1 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը` 2012-ի օգոստոսի նկատմամբ աճել են 4,3 տոկոսով, իսկ այս տարվա հուլիսի նկատմամբ` 0,1 տոկոսով, ծառայությունների գները նախորդ տարվա օգոստոսի համեմատ աճել են 11,2 տոկոսով, այս տարվա հուլիսի համեմատ` 2,6 տոկոսով: Բնական է, որ ծառայությունների գների մեծ աճը էներգակիրների սակագների աճով է պայմանավորված, որը նաեւ ընդհանուր բարձր գնաճի հիմնական պատճառն է:
Պարենային ապրանքներից օգոստոսին հուլիսի նկատմամբ արձանագրված 1,1 տոկոս գնանկման վրա անմիջական ազդեցություն է թողել բանջարեղենի եւ կարտոֆիլի, մրգի, շաքարավազի` 10,7-2,6 տոկոս գնանկումը: Միայն շաքարավազի գինը անցյալ տարվա օգոստոսի նկատմամբ նվազել է 12,8 տոկոսով, իսկ այս տարվա հուլիսի նկատմամբ` 2,6 տոկոսով:
Ձվի գները անցյալ տարվա օգոստոսի համեմատ աճել են 27,9 տոկոսով, այս տարվա հուլիսի նկատմամբ` 1,2 տոկոսով: Մսամթերք ապրանքախմբում անցած տարվա օգոստոսի նկատմամբ գրանցվել է 3,6 տոկոս գնաճ, այս տարվա հուլիսի նկատմամբ` 0,2 տոկոս: Մրգի ապրանքախմբում 2013-ի օգոստոսին 2012-ի օգոստոսի համեմատ արձանագրվել է 24,9 տոկոս գնաճ, իսկ անցյալ տարվա հուլիսի նկատմամբ` 0,2 տոկոս:
Ինչ վերաբերում է ծառայություների բարձր գնաճին, ապա դա հիմնականում պայմանավորված է գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմամբ: 2013-ի հուլիս-օգոստոսին բնակչությանը մատակարարվող գազի սակագնի աճը կազմել է 18,2 տոկոս, էլեկտրաէներգիայինը` 30 տոկոս, իսկ օգոստոսին համապատասխանաբար` 5,7 տոկոս եւ 9 տոկոս:
Հիշեցնենք, որ սպառողական գների ինդեքսը ազգային վիճակագրական ծառայությունը որոշում է հիմք ընդունելով շուրջ 500 ապրանքների եւ ծառայությունների գների դինամիկան:

Արա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30