Երեկ հայտնի օլիգարխը ոտքի էր հանել իր ողջ դիվիզիան, որը պատրաստ էր ցանկացած կոկորդ կրծել՝ ապրուստի, բարեկեցության իր բաժինը պաշտպանելու համար։ Եվ չարժե այդ բանակին թերագնահատել կամ ատել ու արհամարհել։ Այն մեր հասարակության մի մասն է՝ նրա բնութագրական բաղկացուցիչը, որին պետք է կարեկցել։ Այս հանրույթը ձեւավորվել է հենց մեր բոլորիս մեղքով։
Երբ երկրում չկա արժանապատիվ կյանք, երբ մարդիկ օրվա հացը վաստակում են արյուն-քրտինքով, երբ աշխատատեղից զրկվելը հավասարազոր է դանդաղ մահվան դատապարտվելուն, չի կարելի մարդկանց մեղադրել, որ ատամներով պաշտպանում են իրենց գործատուին, արդարացնում նրա բոլոր, անգամ մերժելի արարքները։ Այս մարդիկ մշակութային արժեքների, վսեմ գաղափարների մասին մտածելու հնարավորություն չունեն։ Նրանց հուզում է միայն մի հարց, կարողանալո՞ւ են այսօր կերակրել իրենց ու իրենց զավակին։
Ցավալի, ողբերգական, աղետալի տեսարան էր այն, ինչ երեկ կատարվում էր Փակ շուկայի մոտակայքում։ Հյուծված, տագնապից չռված աչքերով, կիսամաշ շորերով, գզգզված մազերով կանայք արդարացնում էին շուկայի կառուցումը։ Նրանց եռանդը՝ պաշտպանել իրենց տիրոջը, այն պարագայում, որ իրենք պաշտպանված չեն, միայն հուզմունքի, ցավի, կարեկցանքի զգացում էր առաջացնում։
Եվ մի տխուր նյուանս. կամերայի առաջ խոսող կանանց մեծ մասն անատամ էր՝ անապահով ծերության ակնհայտ կնիքը դեմքին։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում