Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի շենքի դիմաց հավաքվում են քաղաքական ակտիվիստներ: Ժամը 10.30-ին կսկսվի Նախախորհրդարանի անդամ Դմիտրի Հարությունյանի հարցի քննությունը: Նրա պաշտպաններն են Արա Զաքարյանը, Լուսինե Սահակյանը եւ Երվանդ Վարոսյանը:
Aravot.am-ի հետ զրույցի ժամանակ Դմիտրիի կինը՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, իրավաբան Ելենա Կոժեմյակինան ասաց, որ լրացել է ամուսնու ձերբակալության 72 ժամը եւ իրենք ձգտելու են նրա անմեղության ճանաչմանը:
Նա ասաց, որ իշխանության ներկայացուցչի դեմ ոտնձգություն հոդվածը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316, քաղաքական է եւ ուղղված է մտավորականության դեմ: Դմիտրի Հարությունյանի կինը տեղեկացրեց, որ դատական նիստից հետո պաշտպանները հանդես են գալու հայտարարությամբ:
«Նախախորհրդարան»-ի անդամ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը Facebook-ի իր էջում գրել է․«Այսօր Նախախորհրդարանի ձերբակալված անդամ Դմիտրի Հարությունյանի հանդեպ խափանման միջոց փոխելու համար քաղաքացիական և քաղաքական համերաշխության կարեւոր նվաճում է գրանցվել: Նրան կալանքից ազատելու երաշխավորագիր ներկայացնել առաջարկեց ԱԺ-ում ՀԱԿ պատգամավորական խմբի ղեկավար Լևոն Զուրաբյանը: Մենք սիրով և երախտագիտությամբ ընդունեցինք պ-ն Զուրաբյանի միջնորդությունը: Երկրորդ երաշխավորագիրը ստորագրեցի ես ինքս ու դրանք հանձնվեցին Դմիտրիի փաստաբաններին` դատարան ներկայացնելու համար:
Կարդացեք նաև
Հատուկ ուզում եմ նշել Նախախորհրդարանի անդամ, Ժառանգություն ԱԺ խմբակցության ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանի օգնությունը և հատկապես Սյուզան Սիմոնյանի մշտական աջակցությունը ինչպես այս հարցում, այնպես էլ Դմիտրի Հարությունյանի ու նրա ընտանիքի տեղափոխման, իրավական օժանդակությունն ապահովման եւ մարդասիրական անգնահատելի ներդրման համար: Այս ամենը ապացուցում է, որ հանուն Հայաստանի քաղաքացու ազատության, արժանապատվության ու մարդկային իրավունքների մենք կարող ենք համագործակցել քաղաքական ու գաղափարական տարաձայնություններից անկախ: Կրկին շնորհակալությունս եմ հայտնում բոլորին: Սա լուրջ ու հաղթական գործոն է և ուղերձ իշխող խունտային»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ. Գ. Կից ներկայացված է երեկ արված հարցազրույցը Դմիտրի Հարությունյանի փաստաբան Արա Զաքարյանի հետ: