«Հայաստանի առջեւ բազմաթիվ մարտահրավերներ են այսօր ծառացել, բայց ամենահիմնականը՝ արտագաղթն է, որը մեր պետականության, մեր գոյության թիվ մեկ սպառնալիքն է դիտվում»,- այսօր ԼՂՀ հռչակման 22 ամյակի առթիվ Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ընթացքում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքերով, անկախության ձեռքբերումն առաջին քայլն է, շատ ավելի դժվար է այն պահելը, պետականությունը փայփայելը եւ ժողովրդի բարեկեցությունն ապահովելը. «Այս տեսակետից մեր երկու պետությունների՝ Արցախի եւ Հայաստանի ներկա թիվ մեկ սպառնալիքը արտագաղթն է, ու մեր գլխավոր խնդիրը արտագաղթի տեմպերի նվազեցումն է: Հայաստանից հեռացողների հիմանական դրդապատճառները աշխատանք չունենալն է, բավարար աշխատավարձ չստանալը, արդարության եւ ապագայի նկատմամբ հավատի բացակայությունը»:
Պարոն Մինասյանն ասաց, որ ՀՅԴ-ն մշակել է՝ «Ապրելու ենք մեր երկրում» արտագաղթի կասեցմանն ուղղված ծրագիր, որով կոնկրետ գործողություններ են առաջարկում:
«Կադրային քաղաքականությունը մեր երկրում հուսալքության հիմնական աղբյուրն է: Երբ պաշտոններ են ստանձնում մարդիկ, որոնք ոչ միայն ազգային մտածողության տարրական, այլեւ բարոյական չափանիշներին չեն տիրապետում: Հետևաբար` կադրային քաղաքականության մեր պահանջը պետք է լինի հստակ՝ տարանջատել բիզնեսը քաղաքականությունից: Պաշտոնատար անձը պետք գործի թափանցիկ»,- ասաց պարոն Մինասյանը:
Կարդացեք նաև
Ըստ նրա, հարկային, մաքսային քաղաքականությունն էլ պետք է դառնա կանխատեսելի. «Պետք է վերացվի տուգանքի, տուրքի հօգուտ մասնավորի դրամ կորզելու գործելաոճը: Սա վերաբերում է, թե կարմիր գծանշաններին, թե տարբեր այլ ճնշումներին»:
Պարոն Մինասյանը նաեւ թվարկեց այլ պահանջներ. «Պետք է ստեղծել նոր աշխատատեղեր եւ արդար վարձատրության համակարգ: Կրթությունը դարձնել որակյալ եւ մատչելի: Հայաստանում կրթությունն իսկապես պետք է ծառայի նպատակին, կրթված եւ աշխատաշուկայում տեղ ունեցող երիտասարդների կրթական համակարգ լինի՝ անկախ կուսակցական պատկանելությունից: Ապահովել յուրաքանչյուր քաղաքացու նվազագույնից ոչ ցածր եկամուտ եւ բնակարան ունենալու իրավունքի իրացումը: Ներդնել առողջապահական պարտադիր ապահովության համակարգ… վերացնել անպատժելիությունը, իրականացնել արդարադատության հաստատման օրենսդրական բարեփոխումներ, բարձրացել երկրի անվտանգության մակարդակը, իրականացնել վերաբնակեցում, բարձրացնել սպայական կազմի աշխատավարձերը, մշակել համակարգված մոտեցում, ձեւավորել արժանապատիվ քաղաքացու կերպարը: Իշխանություններին ուղղված քննադատությունը չպետք է ընկալվի որպես երկրի, պետությանն ուղղված քննադատություն, իշխանությունները պետք է կամք դրսեւորեն հասկանալու՝ իրենց ուղղված քննադատությանը ոչ թե պետք է հակադարձեն, այլ միայն հասկանան, որ երկրի ապագա զարգացումները բոլորիս ձեռքում են»:
Պատգամավորը նաեւ հավելեց, որ երկրի առջեւ ծառացած խնդիրներին լուծումներ տալու համար առաջիկա երկու ամիսներին հանդիպումներ են ունենալու ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության հետ. «Պետք է մեկտեղել բոլորիս ուժերը, ձեռնարկել գործողություններ, նվազեցնելու արտագաղթի տեմպերը, նպաստելու պետականության հզորացմանը: Մենք այլընտրանք չունենք, պարտավոր ենք Լեռնային Ղարաբաղի հանրապետությունն ու Հայաստանը հզոր պետություններ դարձնել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ