Այսօր ՀՀ ոստիկանության գլխավոր վարչության շենքի մոտ բողոքի ակցիա անող դաշնակցականներին, պռոշյանցիներին, որոնք եկել էին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից պատասխան ստանալու Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության առիթով, դեռեւս չպատժված մեղավորներին համապատասխան պատժի արժանացնելու պահանջով, ընդունեցին ոստիկանության բաժնում:
Թե ով ընդունեց չորս դաշնակցականներին, ու ինչ ասաց նրանց այս գործի կապակցությամբ` տեղեկացրեց, ոստիկանական բաժին բարձրացած պռոշյանցի Վովա Սահակյանը. «Մեզ ընդունեցին քրեական հետախուզության վարչության պետ պարոն Սաֆարյանը եւ պարոն Հարությունյանը`այն վարչությունը, որը զբաղվում է այդ հարցով: Տրվեց բացատրություն եւ հավաստում այն բանի, որ կատարվում է ամենօրյա շատ ծանր աշխատանք, նախաքննությունը գնում է, օպերատիվ աշխատանքը ճիշտ է շատ դանդաղ, բայց առաջ է գնում: Ստացանք նաեւ հավաստումն այն բանի, որ գործի բացահայտման պրոցեսն անընդհատ է, եւ այն տեսակետը, թե հանգրվանել ենք տուպիկային իրավիճակի`մերժվեց, ասվեց, որ գործի հետ կապված նոր նյութեր կան, որոնք ուսումնասիրման փուլում են: Պրոցեսը գնալու է եւ մեզ պարբերաբար տեղյակ են պահելու: Մենք փորձում ենք պահպանել աստիճանական եւ նորմատիվ բոլոր պահանջները, վարվեցողության բոլոր կանոնները նաեւ ակցիաներ ենք անելու: Կսպասենք որոշ ժամանակ, կստանանք ինֆորմացիա, որը եթե մեզ չբավարարի, մենք մեր ընկերներին, համագյուղացիներին կտեղեկացնենք հաջորդ ակցիաների տեղի ու ժամկետի մասին»:
Aravot.am-ի հարցին` հավատացի՞ք խոստումներին` Սահակյանը պատասխանեց. «Իհարկե հավատացինք, ոնց չհավատանք: Հայ քրիստոնյա ենք, հավատում ենք նրանց, բայց մեր հույսը դնում ենք միայն մեզ վրա»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ