Գյումրու նոր տպարանի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Aravot.am-ը այս իրադարձությանը հյուրընկալված Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի պետ Մարիամ Գյոդակյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է ցույց տալիս իրենց ձեռքի տակ եղած վիճակագրությունը Գյումրու սպասարկման օբյեկտների մասով, որքանո՞վ են իրական պարբերաբար տարածվող այն լուրերը, թե Գյումրիում մեկը մյուսի հետեւից փակվում են խանութները, ռեստորանները, շատերը վաճառում ու ընդմիշտ հեռանում են:
«Ես չեմ կարծում, որ նման բան լինի, մի տեղ փակվում է, երկու տեղ կարող է բացվել, ամեն ինչ կախված է մարկետինգից` ինչ ես մտածում, ինչ արտադրես, ինչ վաճառես: Պահանջարկը պետք է ուսումնասիրես, մարդկանց պահանջարկը, ճաշակները: Եթե մեկը փակում է, չի կարող իր բիզնեսը կազմակերպել, կարող է երկու ստեղծվի կամ ոչ մեկը չստեղծվի, բայց դինամիկա է, համենայնդեպս մեր ապրելակերպը առաջվա նման չէ, շատ շատերն են օգտվում ոչ միայն շուկաներից, այլ խանութներից`բրենդային խանութներից», -ասաց մարզպետարանի պաշտոնյան:
Նշեք, որ բոլորովին վերջերս փակվեց Գյումրու ամենակենտրոնում` «Իսուզ» հյուրանոցի հարակից փողոցում գտնվող «Ռոբերտո» հայտնի խանութի մասնաճյուղը, որը արտաքինից բավականին գրավիչ էր: Այժմ, ըստ մեր տեղեկությունների, այդ խանութի տարածքի սեփականատերը նոր վարձակալ է փնտրում: «Ռոբերտո»-ից մի քիչ վերեւ փակվեց «Ֆեա» խանութը: Մարզպետարանից 20 մետր հեռավորության վրա փակվեց նաեւ մեկ այլ խանութ, «Ռոբերտո»-ից շատ ավելի մեծ: Միայն ՀԱԿ ու ՕԵԿ գրասենյակների փողոցում, 100 մետր հեռավորության արդեն 3 խանութներ դադարեցրել են իրենց գործունեությունը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ