Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ «Հույսը վերջինն է մեռնում» ֆիլմի ցուցադրությունը

Սեպտեմբեր 02,2013 19:53

Օգոստոսի 30-ը անհայտ կորածների միջազգային օրն է, որին նվիրված՝ սեպտեմբերի 1-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեյաի Վանաձորի գրասենյակը ՀԿ կենտրոնի աջակցությամբ նախաձեռնել էր թեմատիկ ֆիլմի ցուցադրություն: «Հույսը վերջինն է մեռնում» ֆիլմը նկարագրում է անհայտ կորած անձանց հարազատների հոգեվիճակն ու կարգավիճակը: Ֆիլմը նկարահանվել էր Հայաստանի, Ադրբեջանի և ԼՂՀ-ի տարբեր մասերում բնակվող անհայտ կորածների ընտանիքներում: Սյուզան Կրյոգերը, ով ֆիլմի հեղինակն է, միաժամանակ ներկայացնում է հակամարտությունից տուժած բոլոր կողմերի անհայտ կորած անձանց ընտանիքների միանման պատմությունները:

Ֆիլմը ներկայացնում է կոնֆլիկտից տուժած հասարակությունների խնդիրների ընդհանրությունները, երկուսեք մտահոգությունները:

Ֆիլմը հուզիչ է այնքանով, որ երեք կողմերի հարազատները նույնքան մտահոգված են, նույնքան հույսով են լցված ու միաժամանակ գտնվում են անհույս ու անորոշ իրավիճակում: Ընդհանրությունն այն է, որ պետական մակարդակում խնդիրների պատճառով տուժում են բազմաթիվ ընտանիքներ, անորոշ վիճակում են մնում բազմաթիվ մարդկանց ճակատագրեր: Անհայտ կորածների կանայք չգիտեն ինչ ասել իրենց արդեն մեծացող և հայրիկների մասին հարցնող երեխաներին, երբ իրենք էլ չգիտեն այրի են, թե ոչ: Անհատների կյանքի պատմությունների միջոցով ֆիլմը ներկայացնում է անհայտ կորածների խնդիրների ոլորտում պետական քաղաքականությունը:

Ֆիլմի ավարտից հետո քննարկում ծավալվեց ֆիլմի, անհայտ կորածների ընտանիքների խնդիրների և տիրող իրավիճակի շուրջ: Մասնակիցներից ներկայացվեցին մի շարք առաջարկություններ և բարձրացվեցին այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են սահմանամերձ գյուղերից մարդկանց մշտական անհետացումները, որոնց մասին պետական կառույցները լռում են: Քննարկման մասնակիցների կողմից առաջարկվեց սահմանամերձ գյուղերում կանխարգելիչ և նախապատրաստական դասընթացներ կազմակերպել մարդկանց վտանգի մասին զգուշացնելու և զերծ պահելու նպատակով: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նշեց, որ հարկավոր է անհայտ կորածների ընտանիքներին օրենսդրորեն տալ առանձին կարգավիճակ և արտոնություններ, որպեսզի պետական գործուն քայլեր ձեռնարկվեն նրանց սոցիալական և իրավական պաշտպանվածության ապահովելու համար: «Այսինքն` անհայտ կորածների ցանկը քաղաքացիական անձանց վերաբերյալ էլ պետք է տարբերակել` ըստ իրենց անհայտ կորչելու հանգամանքների: Քանի որ այսպես կոչված շատ ազգի հերոսներ, գեներալներ եւ այլն, իրենք կարող են ուղղակիորեն պատասխանատվություն ունենալ անհայտ կորածների կամ ռազմագերիների խնդիրներում, եւ ամեն ինչ վերագրել պատերազմին, դա շատ հեշտ է: Բայց քո պատասխանատվությունը՝ որպես հրամանատար անհայտ կորածի վերաբերյալ, քո ոչ օրինաչափ հրաման տալու, ոչ ճիշտ կողմնորոշվելու եւ այլ հարցերը ուսումնասիրության առարկա պետք է հանդիսանան, թե ոչ
Կարծում ենք, որ անհայտ կորած անձինք պետք է ունենան իրավական կարգավիճակ, անհայտ կորած անձանց վերաբերյալ օրինագիծը նախաձեռնվել է անհայտ կորած անձանց եւ նրանց հարազատների հիմնախնդիրների լուծման, ինչպես նաեւ անհայտ կորած անձանց իրավական կարգավիճակ սահմանելու նպատակով: Մենք հույս ունենք, որ ՀՀ-ն կընդունի անհայտ կորածի մասին օրենքը»,- նշեց Արթուր Սաքունցը:

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30