Մայրաքաղաքում սկաուտական խմբերի գործունեության ընդլայնման հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Ողջունելով հյուրերին քաղաքապետը նկատել է, որ միության երիտասարդները ակտիվորեն մասնակցում են Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի աշխատանքներին ու այդպիսով նպաստում մայրաքաղաքի զարգացման ուղղված ծրագրերի իրականացմանը:
Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է պատանիների և երիտասարդության շրջանում միության կողմից կատարվող աշխատանքների կարևորությունը և հատկանշել, որ այն ևս մեկ հնարավորություն է ձևավորելու հայրենասեր, պատասխանատու և գիտակից սերունդ:
«Մենք կարևորում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք միտված են նպաստելու առողջ հասարակության կայացմանը։ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում մշտապես աջակցելու միության նմանատիպ բոլոր նախաձեռնություններին»,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Կարդացեք նաև
ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամ Բագրատ Եսայանը շնորհակալություն է հայտնել ընդունելության, ինչպես նաև հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը Երևանում անցկացված ՀՄԸՄ-ական 9–րդ մարզախաղերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից ցուցաբերած աջակցության համար և ընդգծել, որ քանիցս համոզվել են, որ քաղաքապետարանը իրապես վստահելի գործընկեր է: Նաև նշվել է, որ միությունը պատրաստ է հետագայում ևս ակտիվորեն մասնակցել քաղաքապետարանի նախաձեռնություններին: Բագրատ Եսայանը նաև տեղեկացրել է, որ հաջորդ տարի նախատեսված է անցկացնել համահայկական սկաուտական բանակում:
Քաղաքապետը Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը աջակցելու շարժմանը նոր ծրագրերի իրականացման հարցում և ցուցաբերելու անհրաժեշտ օժանդակություն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն