Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանն ու Կարապետյանը «օգտագործել» են Հակոբյանի ծրագիրը

Սեպտեմբեր 02,2013 19:21

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանը հրապարակեց Մանյա (Մանե) Հակոբյանի ընդդեմ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի եւ Հարություն Կարապետյանի հեղինակային իրավունքների խախտման, խախտված իրավունքների վերականգնման եւ այլ պահանջների  մասին գործով դատական ակտի եզրափակիչ մասը:

Գիտնական Մանյա (Մանե) Հակոբյանի հայցը բավարարվեց, իսկ պատասխանողների հակընդդեմ հայցը մերժվեց:

Պատասխանողների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Հովսեփյանը մեր հարցին, թե բողոքարկելո՞ւ է դատական ակտը, պատասխանեց` միանշանակ բողոքարկելու է:

Դատարանը վաղը կողմերին կտրամադրի վճիռը: Դատարանը վճռեց, որ եզրափակիչ մասը ամբողջությամբ պետք է տպագրվի «Հայաստանի հանրապետություն» օրաթերթում:

Հիշեցնենք, որ հայցվոր գիտնական Մանե Հակոբյանը ստեղծել է «ՀՀ գիտության եւ կրթության ոլորտների համակարգային վերափոխման  եւ կայուն զարգացման ծրագիր», որը գրանցել էր «Հայհեղինակ» հեղինակային իրավունքներին պաշտպանության գործակալությունում: Ըստ հայցվորի, նա ստացել էր հավաստագիր, իսկ ծրագիրն էլ տպագրվել էր երկու տարի առաջ «Հետք» թերթի երկու համարներում:

Ըստ հայցադիմումի՝ «Պատասխանողներ Հրանտ Բագրատյանն ու Հարություն Կարապետյանը յուրացրել են Մանյա (Մանե) Հակոբյանի ծրագրի գիտության բաժինը, անբարեխիղճ արտատպել են ծրագիրը, իրական հեղինակին չեն հիշատակել, ստեղծագործությունը ներկայացրել են իրենց անվան ներքո, հրապարակել են զանգվածորեն, գործել են առանց հեղինակի թույլտվության եւ նրան վարձատրելու»:

2011թ. օգոստոսի  7-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցի «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» էջում  պատասխանողները հրապարակել էին «Նախագիծ ՀՀ գիտության ոլորտի համակարգային բարեփոխումների ծրագիր» վերտառությամբ, որը հայցվոր կողմը որակել էր գրագողություն: Ըստ դատարանի կայացրած վճռի եզրափակիչ մասի, ֆեյսբուքյան էջից կողմը պարտավոր է հանել գրառում-արտատպությունները:

Դատարանը «անբարեխիղճ օգտագործում» որակեց կատարվածը:

Իսկ ըստ հակընդդեմ հայցի, 2010թ. փետրվարին, ականավոր պետական եւ քաղաքական գործիչ, տնտեսագիտական համալսարանի դոկտոր Հրանտ Բագրատյանը հրապարակային քննարկման է ներկայացրել «100 քայլ» ծրագիրը, որը քննարկվել է ՀԱԿ-ում:

Ըստ հակընդդեմ հայցվորի էլ, ծրագիրը ստեղծվել է Բագրատյանի կողմից, հետեւաբար, նա հանդիսանում է ծրագրի հեղինակը, եւ այն, անկախ տպագրվել, թե չի տպագրվել պաշտպանվում է հեղինակային եւ հարակից հեղինակային իրավունքի պաշտպանության օրենքով:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30