Օրեր առաջ «Բյուրոկրատ» գրատանը տեղի ունեցավ «Orange Գրքի մրցանակ 2012» գրքի մրցույթում հաղթող ճանաչված ստեղծագործությունների` արդեն հրատարակված չորս գրքերի շնորհանդեսը:
Մրցույթին ընդհանուր թվով մասնակցել է 470 ստեղծագործություն: Յուրաքանչյուր ժանրում հաղթող ճանաչված ստեղծագործությունը հրատարակվել է առանձին գրքով՝ 500 տպաքանակով, իսկ հեղինակը ստացել է դրամական մրցանակ 500,000 դրամի չափով:
Հաղթող ճանաչված գրքերն էին Հովհաննես Թեքգյոզյանի «Մաշկացավ» վեպը, Նարե Սահակյանի «Համոյի սիրած ծաղիկը» պատվածքը, Երազիկ Գրիգորյանի «Ձերդ գերազանցություն վատ կախարդ պառավ» հեքիաթը և Շուշանիկ Թամրազյանի «Մոգ արքաներ» բանաստեղծությունների ժողովածուն:
Շնորհանդեսին ներկայացված գրքերից «Մաշկացավը» ժամանակակից պատմություն է: Այն հեղինակի բնորոշմամբ անտիվեպ է, որը ներկայացնում է նույն պատմության տարբեր պատառիկները տարբեր տեսանկյունից, տարբեր հերոսների աչքերով, իրականության տարբեր ըմբռնումներով:
Կարդացեք նաև
Ինչպես պատմում է «Համոյի սիրած ծաղիկը» պատմվածքի հեղինակ Նարե Սահակյանը՝ սա պատմվածք է մի ընտանիքի մասին, որի անդամները հաճախ չեն զրուցում միմյանց հետ, որի ամենօրյա կյանքի շիկացած մթնոլորտում, շահերի բախման կենտրոնում մարդկանց ճակատագրերն են հայտնվում:
«Ձերդ գերազանցություն վատ կախարդ պառավ» հեքիաթի գլխավոր հերոսները մանկական ստեղծագործություններում հաճախ հանդիպող կերպարներ են՝ կախարդ պառավն ու ագռավը,- ասում է հեղինակը,- այս հեքիաթը սակայն փորձ է անում բոլորովին այլ տեսանկյունից նայելու, ընկալելու այս կերպարներին, անգամ` ընդառաջ գնալու իրենց չարության մեջ այնքան անհետևողական, հաճախ` ոչ թե չար, այլ չարաճճի, երբեմն միամիտ, մշտապես ծիծաղելի, նաև հանկարծակի հուզող այս երկու ընկերներին, որոնց չարությունը ոչ թե նրանց ուժն է, այլ թուլությունը»:
Շնորհանդեսին ներկայացված «Մոգ արքաներ» բանաստեղծությունների ժողովածուն տարբեր ժամանակներում ու վայրերում հեղինակի որսացած բառերն ու հույզերն են, որոնք պարզ ու ազատ՝ առանց մտքի կամ բովանդակության կանխորոշման, միավորվել են մեկ յուրօրինակ ռիթմում:
«Orange Գրքի մրցանակի» նպատակն է խթանել հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ, բացահայտել ժամանակակից հայ գրողներին, օրեցօր զարգացող էլեկտրանային մեդիայի միջոցով տարածել նրանց ստեղծագործությունները ընթերցողների առավել լայն զանգվածներին, աջակցել սկսնակ և արդեն հայտնի գրողներին հրատարակել իրենց անտիպ ստեղծագործությունները:
Օվսաննա Սիմոնյան