Լրահոս
Օրվա լրահոսը

Փակ շուկայում շարունակվող ապօրինությունների համար առաջին հերթին պատասխանատու է ոստիկանությունը

Սեպտեմբեր 02,2013 17:34

Ծածկած շուկայի խնդրով արդեն պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, այլ ոչ թե` նախարարություններն ու քաղաքապետարանը: Այլևս ակնհայտ է, որ Ծածկած շուկայում իրականացված շինարարությունն ապօրինի է, ինչը հաստատող հայտարարություններով բազմիցս հանդես են եկել ՀՀ քաղաքաշինության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները:
Վերջին գրությամբ Երևանի քաղաքապետարանը, որն, ի դեպ, պատասխանատու է Երևանում ապօրինի շինությունների ապամոնտաժման համար, հայտնել էր, որ «Երևանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ի տնօրենը տեղեկացվել է Մաշտոցի պողոտայի 5 հասցեում գտնվող շուկայի տարածքում ապօրինությունները վերացնելու և դրանից հետո միայն քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան կառուցապատումը շարունակելու անհրաժեշտության մասին: Սակայն, ինչպես տեսնում ենք, քաղաքապետարանի պահանջը մինչ այսօր ոչ միայն չի կատարվել, այլև ավարտվել է Ծածկած շուկայի տարածքում ապօրինի կառույցների իրականացումը:
Այս առումով անհասկանալի է իրավապահ մարմինների և առաջին հերթին` ՀՀ ոստիկանության դիրքորոշումը: ՀՀ քրեական օրենսգրքով պատասխանատվություն է նախատեսված ինչպես ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից կրկնակի վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո ապօրինի շինության կառուցումը չդադարեցնելու համար, այնպես էլ պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոցներ չձեռնարկելու համար: Իրավապահ մարմինների կողմից մերժվել է քրեական գործի հարուցումը թե´ վերը նշված, և թե´ պատմության և մշակույթի հուշարձանները ոչնչացնելու կամ վնասելու հանցագործությունների դեպքերի կապակցությամբ, սակայն այդ որոշումների հիմնավորվածությունը վիճարկվելու է նաև դատարանում:
Մարդու իրավունքների պաշտպանն ակնկալում է նախ` դատարանի կողմից քրեական գործերի հարուցումը մերժելու մասին որոշումների հիմնավորվածության մանրակրկիտ և անկողմնակալ ստուգում, երկրորդ` այս օրերին հուշարձանի մոտ իրականացվող բողոքի ակցիայի մասնակիցների բոլոր իրավունքների և օրինական շահերի, այդ թվում` անձնական անվտանգության և անձեռնմխելիության պաշտպանություն ոստիկանության կողմից:
Կատարված ապօրինությունների համար, ի վերջո, պետք է իրագործվի պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է պետության հատուկ պահպանության ներքո գտնվող պատմամշակութային հուշարձանին:

Պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30