Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. «Անհայտ կորածների հայտնաբերման համար չկա պետական մոտեցում»

Սեպտեմբեր 02,2013 17:28

IMG_9603Թեեւ ՀՀ-ն տարիներ առաջ վավերացրել է Ժնեւյան կոնվենցիայի դրույթները, այնուամենայնիվ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծում է, որ մինչ օրս պետությունը չի հետեւում դրանց, ավելին, անհայտ կորածների վերաբերյալ այդպես էլ պետական քաղաքականություն չի ստանձնել:

«Կոնֆլիկտի մեջ գտնվող մեր պետություններում անհայտ կորածների վերաբերյալ պետական քաղաքականությունը, ցավոք սրտի, բացակայում է: Անհայտ կորածների հայտնաբերման համար չկա պետական մոտեցում, մինչ օրս ՀՀ-ն համապատասխան աշխատանքներ չի կատարում` գտնելու պատերազմի ընթացքում անհայտ կորած մարդկանց: Ավելին, անհայտ կորածների ու ռազմագերիների հարցերի զգալի մասը ուղղակի կապված է հրամանատարության հանցավոր անտարբերության եւ ոչ պրոֆեսիոնալիզմի հետ, եւ պետությունը քանի դեռ չի կատարել ուսումնասիրություն անհայտ կորելու եւ ռազմագերի ընկնելու հանգամանքների ուսումնասիրության հետ կապված, այդ պնդումը մնում է ուժի մեջ»,-ՀՔԱ Վանաձորի գրասենյակի եւ ՀԿ կենտրոնի աջակցությամբ կազմակերպված՝ Սյուզան Քրյուգերի «Հույսը վերջինն է մեռնում» Ղարաբաղյան պատերազմում անհայտ կորածներին նվիրված ֆիլմի ցուցադրության ժամանակ ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Նա նկատում է, որ պետությունը ջանքեր չի գործադրում իր քաղաքացուն հայտնաբերելու ուղղությամբ, իսկ անհայտ կորածների ընտանիքներն էլ զրկված են հոգեբանական, սոցիալական, կրթական աջակցությունից:

«Պետության պարտականությունն է անհապաղ միջոցներ ձեռնարկել անհայտ կորածների հարազատներին տեղեկություն ապահովելու նրանց հարազատների գտնվելու վայրի, ճակատագրի վերաբերյալ, բացի այդ` պարտավոր է մանրազնին քննություն կատարելու կորելու հանգամանքների ուղղությամբ: Սա շատ մեծ կանխարգելիչ նշանակություն ունի` կանխարգելելու հետագայում նման դեպքերը: Բայց պետությունը, ինչպես տեսանք, այդքան էլ մեծ ցանկություն չունի այդ ուղղությամբ աշխատելու»,-նշում է Արթուր Սաքունցը:

ՀՔԱՎ-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անհայտ կորածների թվում կան դեպքեր, երբ վիրավոր զինվորին ռազմաճակատից տեղափոխել են թիկունք` բժշկական մաս, եւ զինվորական հոսպիտալ տեղափոխելիս էլ անձը անհայտ կորել է հենց մեր տարածքում:

«Այսինքն` անհայտ կորածների ցանկը քաղաքացիական անձանց վերաբերյալ էլ պետք է տարբերակել` ըստ իրենց անհայտ կորչելու հանգամանքների: Քանի որ այսպես կոչված շատ ազգի հերոսներ, գեներալներ եւ այլն, իրենք կարող են ուղղակիորեն պատասխանատվություն ունենալ անհայտ կորածների կամ ռազմագերիների խնդիրներում, եւ ամեն ինչ վերագրել պատերազմին, դա շատ հեշտ է: Բայց քո պատասխանատվությունը՝ որպես հրամանատար անհայտ կորածի վերաբերյալ, քո ոչ օրինաչափ հրաման տալու, ոչ ճիշտ կողմնորոշվելու եւ այլ հարցերը ուսումնասիրության առարկա պետք է հանդիսանան, թե ոչ»,-ասում է Արթուր Սաքունցը` տեղեկացնելով, որ կազմակերպության կողմից մշակված «Անհայտ կորածի մասին» օրենքի նախագիծն այժմ գտնվում է ՀՀ Արդարադատության նախարարությունում` վերջնական վերանայման նպատակով:

«Կարծում ենք, որ անհայտ կորած անձինք պետք է ունենան իրավական կարգավիճակ, անհայտ կորած անձանց վերաբերյալ օրինագիծը նախաձեռնվել է անհայտ կորած անձանց եւ նրանց հարազատների հիմնախնդիրների լուծման, ինչպես նաեւ անհայտ կորած անձանց իրավական կարգավիճակ սահմանելու նպատակով: Մենք հույս ունենք, որ ՀՀ-ն կընդունի անհայտ կորածի մասին օրենքը»,- եզրափակում է իրավապաշտպանը:

ՄԱԿ-ի վիճակագրական տվյալներով, մինչ 2012 թ. ամբողջ աշխարհում անհայտ կորածների թիվը կազմում է 53,778: Միայն Հայաստանում մոտավոր հաշվարկներով կան 224 անհայտ կորած զինվորներ: Անհայտ կորածների իրավիճակը դեռևս արդիական է Հայաստանում, քանզի բացակայում են իրավական մեխանիզմները, խնդիրների օրենսդրական լուծման ճանապարհները, և անհայտ կորածների ընտանիքների շահերի և իրավունքների պաշտպանությունը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30